Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի սկզբունքները վերջերս գաղտնազերծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, որի ասածները համարյա թե չեն տարբերվում անցյալ տարվա հոկտեմբերին Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացրած սկզբունքներից:
ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Պետրոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բանակցությունների քարտերը բացել է մի քանի պատճառներից ելնելով: «Այն, որ բանակցությունների մի քանի կարեւոր տարրերի մասին տեղեկացնում են հասարակությանը, նշանակում է, որ կամ միջնորդներն են փորձում ուսումնասիրել երեք երկրների հասարակությունների կարծիքը` առաջարկվող սցենարների վերաբերյալ, կամ էլ բանակցային գործընթացում կան լուրջ տարաձայնություններ, ինչպես` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, այնպես էլ` միջնորդների միջեւ: Նշանակում է, որ մոտեցումները փոխվելու են կամ այլ սկզբունքներ են հայտնվելու: Ես հակված եմ երկրորդ տարբերակին, ինչը հուշում է ամերիկյան նախկին համանախագահի պաշտոնանկության տրամաբանությունը»,- ասաց Գագիկ Պետրոսյանը:
«Դրանք մեր շահերին չեն համապատասխանում: Ամենաանընդունելին համարում եմ տարածքների անվերապահորեն վերադարձը եւ Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի անորոշության գաղափարը: Դժվար է կանխագուշակել, թե հետո ինչպես կզարգանան դեպքերը: Սակայն, եթե ուշադիր նայենք Բրայզայի արտահայտություններին, հատկապես՝ Ադրբեջանի համեմատ Հայաստանի ոչ ժողովրդավարականության աբսուրդ արտահայտությանը, կարծում եմ, բանակցություններում դադար է սպասվում»,- նշեց Գ. Պետրոսյանը:
«Առաջին անգամ համանախագահը համակարգված է ներկայացնում այն ամբողջ տեղեկատվությունը, ինչ կարելի էր քաղել տարբեր աղբյուրներից՝ առանձին բաղադրիչներով»,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա ընդգծեց, որ կարգավորման այն սկզբունքները, ինչ ներկայացնում է ամերիկյան նորանշանակ համանախագահը, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշմանը: Բանակցային գործընթացի քարտերի գաղտնազերծումը, Վահրամ Աթանեսյանի կարծիքով, նշանակում է, որ՝ «Ինչ-որ առումով ճնշում գործադրելու փորձ է արվում: Հակառակ պարագայում նախագահներն ինչ-որ համաձայնության կարող էին արդեն իսկ հանգել: Բացի այդ, առանց Լեռնային Ղարաբաղի իշխանության մասնակցության ձեռք բերված որեւէ համաձայնություն իրոք չի կարող գործել»: «Ցավոք, իմ անձնական տպավորությունն այն է, որ ամերիկյան համանախագահի հայտարարությունն ավելի շատ ուղղված է հայկական հանրությանը, որովհետեւ կարգավորման այդ սկզբունքները լիովին համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի հանդիսացող տարածքները միանշանակ վերադարձնելուն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով»,- ասաց Վ. Աթանեսյանը:
Քաղաքագետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ այսօրվա դրությամբ քարտերի բացումը նշանակում է, որ իրոք բանակցային գործընթացում կան լուրջ տարաձայնություններ ու խոչընդոտներ: Ավելին` այդ խոչընդոտներն անհաղթահարելի են: Այդ իսկ պատճառով բացել քարտերը 2006-ի կեսին, այն դեպքում, երբ որ 2006 թվականը հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարի, նշանակում է, որ բանակցային գործընթացում լուրջ հաջողությունների չեն հասել: «Այն տրամաբանությունը, որով հանդես են գալիս եւ Ադրբեջանը, եւ միջազգային որոշ կազմակերպություններ, այսինքն՝ տարածքների վերադարձ եւ անորոշ ժամանակից հետո կարգավիճակի հանրաքվե, անընդունելի է հայկական կողմի համար, որովհետեւ ԼՂՀ անվտանգության ապահովման գործընթացում տարածքներն ունեն ոչ պակաս կարեւորություն, քան կարգավիճակը: Առանց որոշ տարածքների Լեռնային Ղարաբաղի անկախությունը բավականին ֆորմալ բնույթ կկրի: Այդ իսկ պարագայում կարելի է օրինակ բերել Քարվաճառի շրջանի կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ այնտեղ սկիզբ են առնում Ղարաբաղի ջրային պաշարների 85 տոկոսը եւ ՀՀ Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը: Եթե այդ տարածքը չլինի ԼՂՀ վերահսկողության տակ, ապա Ղարաբաղը կարող է հայտնվել էկոլոգիական ահաբեկչության վտագի տակ: Դա` լավագույն տարբերակի մասին, երբ ԼՂՀ կարգավիճակը` որպես անկախ պետություն, ճանաչվում է: Բայց Ադրբեջանը չի գնում նույնիսկ այդ քայլին, նա պնդում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի անորոշ ժամանակից հետո: Եվ եթե այս սցենարն իրականանա, ապա այնպիսի մի հոգեբանական հարված կլինի Արցախի բնակչության համար, որից նա կարող է դուրս չգալ: Եվ գնալ այդ քայլին հաղթող կողմի համար անհեթեթություն է,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով,- ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակի տրամադրումն ունեն միեւնույն վտանգը եւ անընդունելի են, որովհետեւ երկուսի դեպքում էլ նույն իրավունքները կպահանջեն Ադրբեջանում ապրող փոքրամասնությունները` թալիշները եւ լեզգիները: Իսկ սա կարող է բերել Ադրբեջանի պետականության վերացմանը»,- նշել է քաղաքագետը: