Ընդդեմ ռազմակայանների

30/06/2006

Սամվել Բաբայանի գլխավորած նորաստեղծ «Դաշինք» կուսակցության ծրագրում գրված է, որ Հայաստան-ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված եւ գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, սակայն, ՀՀ-ում չպետք է տեղակայվեն ռազմակայաններ: Ըստ «Դաշինքի» քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանի, սա վերաբերում է նաեւ ռուսական ռազմակայաններին: Ավելին` պարոն Թեւանյանի խոսքերով` իրենք կողմ են, որպեսզի հարավկովկասյան բոլոր պետություններն ապառազմականացվեն: «Դաշինքում» կարծում են, որ այդ դեպքում շահագրգիռ պետություններն իրենց հետաքրքրությունները կսկսեն փնտրել տնտեսական դաշտում: Ա. Թեւանյանի փոխանցմամբ` իրենք դեմ են նաեւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը: «Մենք գտնում ենք, որ եթե սկսած 1994 թվականից մինչեւ այսօր ռազմադադարը կարողացել են ապահովել Ադրբեջանի եւ ղարաբաղյան զորքերի կողմից, այսինքն` կռիվ չի սկսվել, չէ՞: Ուրեմն` այս ուժերն ի զորու են եղել պահպանել այդ խաղաղությունը, եւ խաղաղապահների ներկայությունն ուղղակի կհուշի այն մասին, որ կա անվստահություն կամ կոնֆլիկտի նախազգացում, եւ իրենք ոչնչով օգուտ չեն տա: Եթե կողմերը գնում են հաշտության, ապա ամենեւին էլ երրորդ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա»,- իրենց տեսակետն այսպես է հիմնավորում «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամը: Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ «Դաշինքում» անընդունելի են համարում այս օրերին բանակցությունների սեղանին դրված առաջարկը, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հարցազրույցից պարզ է դառնում, որ ԼՂ հարցի այսպես կոչված «շրջանակային համաձայնագիրը» ենթադրում է նաեւ շփման գոտում խաղաղապահների տեղակայում: «Ընդունելի է, թե ոչ, դա արդեն օրվա իշխանությունն է բանակցում, եւ այդ բանակցությունները դեռ վերջնական փաստաթղթի չեն վերածվել: Հետեւաբար, եթե չկա վերջնական փաստաթուղթ, խոսել լավի կամ վատի մասին, չի կարելի»,- մեզ հետ զրույցում երեկ նշեց Ա. Թեւանյանը, հավելելով, որ Քելբաջարի եւ Լաչինի հարցը քննարկման առարկա լինել չի կարող, եւ այդ հարցն ընդհանրապես բանակցային սեղանին չպետք է դրվի: «Եթե մեր ժողովրդի համար ընդունելի կլինի կարգավորման որեւէ տարբերակ, ապա մենք չենք ընդդիմանա: Հակառակ դեպքում «Դաշինքը» կցուցաբերի համապատասխան մոտեցում»,- ավելացրեց Ա. Թեւանյանը: