«Կոնվերս» բանկը դժգո՞հ է ԿԲ-ից

30/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Մենք զարգացման փուլում ենք գտնվում, թերություններով եւ դրական քայլերով առաջ ենք շարժվում` երբեմն սովորելով մեր սխալների վրա, երբեմն առաջ գնալով ուրիշի սխալների հաշվին: Հայաստանի բանկային համակարգը որոշ չափով նոր է եւ, իհարկե, դեռ փոքր, որպեսզի առարկայական դեր ունենա տնտեսության մեջ»,- հայաստանյան բանկային համակարգը մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց «Կոնվերս» բանկի գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը:

Եվ իրոք, մենք բազմիցս նշել ենք, որ մասնագետները բանկային համակարգն անվանում են տնտեսության «արյունատար» մեխանիզմ: Այստեղից կարելի է ենթադրել, որ ՀՆԱ-ի ընդամենը մոտ 7% կազմող վարկային ռեսուրսներով Հայաստանի տնտեսությունը «նախաինֆարկտային» վիճակում է: Ավելին, այսօր փոքր եւ միջին ձեռնարկատերերն առեւտրային (բիզնես) վարկերի մեծ պահանջարկ ունեն, իսկ եկամտաբերության եւ ռիսկի տեսանկյունից բանկերին ավելի ձեռնտու է սպառողական վարկեր տրամադրելը: Ինչպե՞ս կարգավորել այս խնդիրը: Վերահսկող մարմինը` Կենտրոնական բանկը, այս առումով ոչինչ չի կարող (իրավունք էլ չունի) անել: ԿԲ-ն չպետք է միջամտի բանկերի ներքին «խոհանոցին» եւ ասի, թե որ բանկը տարբեր վարկերից որքան պետք է տեղաբաշխի: Մեզ հետ զրույցում Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը նշել էր, որ վերը նշվածի «մեղավորները» ոչ թե բանկերն են, այլ տնտեսական պայմանները, որոնք չեն կարող բանկերին ապահովել երկարաժամկետ ռեսուրսներով: Ս. Նասիբյանն այս հարցի շուրջ բերում է «Կոնվերս» բանկի օրինակը: «Մեզ մոտ սպառողական վարկերն առեւտրայիններին չեն գերազանցում: Մեր բանկի ուղղվածությունն ավելի շատ բիզնեսն է»,- ասում է բանկիրը: Նրա խոսքերով, այժմ բանկի տրամադրած առեւտրային վարկերը կազմում են շուրջ 4 մլրդ դրամ: Ըստ ուղղությունների` յուրաքանչյուր վարկային արտադրանք իր պատասխանատուն ունի: Բանկն առանձին-առանձին դիտարկում է յուրաքանչյուր տեսակի վարկերի ռիսկայնությունը, պահանջարկը եւ այլն: Ըստ Ս. Նասիբյանի, բանկի վարկային պորտֆելի մոտ 95%-ն ամեն տարի աուդիտ է անցնում: Հետաքրքիր է, որ «Կոնվերս» բանկում ժամկետանց վարկերն ընդհանուր վարկային պորտֆելի ընդամենը 0,5%-ն են կազմում:

Հատկանշական է նաեւ բանկի հիփոթեքային վարկավորումը: Այսօր Հայաստանում մեծ պրոբլեմ են «հիփոթեքային» ռեսուրսները: Դրանք հիմնականում տրվում են արտասահմանյան դոնորների կողմից, եւ շատ քիչ բանկեր են, որոնք սեփական ռեսուրսներով են տրամադրում հիփոթեքային վարկերը: Դրանցից մեկը «Կոնվերս» բանկն է: Բայց պետք է նշել, որ տարեկան 13% տոկոսադրույքը շատ բարձր է Հայաստանի բնակչության համար: Ուստի այս վարկավորումը նույնպես շարունակում է մնալ մեր բանկային համակարգի խոցելի կետերից մեկը:

Արդեն մի քանի տարի է, ինչ «Կոնվերս» բանկը համարվում է համակարգի առաջատար մասնակիցներից մեկը: Արդյո՞ք այժմ էլ բանկը շարունակում է նույն հեղինակությունը վայելել: «Բանկը որեւէ նորմատիվ չի խախտել, շատ լիկվիդային բանկ է, որեւէ պրոբլեմ չունի: «Դոյչե» բանկը վերջերս մեզ ճանաչեց դրամական փոխանցումներ իրականացնող լավագույն բանկ: Աշխատում ենք կանխիկ դրամական փոխանցումների մի քանի համակարգերով, փոխանցումների օրական նվազագույն ծավալը 200-300 հազար դոլար է»,- պատասխանեց Ս. Նասիբյանը: Ու չնայած այս ամենին, մեր տեղեկություններով, ԿԲ-ն վերջին ամիսներին հաճախակիացրել է «Կոնվերս» բանկում իրականացվող ստուգումները: Պարզ չէ, թե որոնք են վերահսկող մարմնի նման գործողությունների պատճառները, եթե, բանկի գլխավոր տնօրենի խոսքերով, իրենք գործում են օրենքի շրջանակներում եւ առավելագույն թափանցիկությամբ: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԿԲ-ն տարբեր առեւտրային բանկերի նկատմամբ տարբեր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերի, Ս. Նասիբյանը պատասխանեց շատ լակոնիկ եւ բովանդակալից. «Կարող է»,- ասաց նա: Ակամայից հիշեցինք այս տարվա հունվարին ԿԲ խորհրդի անդամների հետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, որի ժամանակ երկրի ղեկավարը կոչ էր արել ԿԲ-ին` այնքան չխրվել առեւտրային բանկերի առօրյա գործերի մեջ, որ խանգարի համակարգի զարգացմանը:

ԿԲ-ի վերահսկողության քաղաքականության մասին խոսելիս կրկին պետք է անդրադառնանք ԿԲ նախագահի` նորմատիվները խախտող բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հրապարակելու մտադրությանը: Մեզ հետ զրույցում թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ շատ բանկիրներ ու ոլորտի մասնագետներ հավանության էին արժանացրել այս որոշումը` նշելով, որ դա կբարձրացնի բանկերի թափանցիկության աստիճանը: Սակայն Ս. Նասիբյանը հետաքրքիր հարց է առաջ քաշում: Իսկ եթե բանկը բողոքարկի ԿԲ-ի որոշումն, այդ դեպքում ո՞ր փուլում պետք է հրապարակվի պատժամիջոցը` մինչեւ գործը դատարան հանձնե՞լը, թե՞ դատարանի որոշումից հետո: «ԿԲ-ն, ինչպես ցանկացած վերահսկող մարմին, կարող է օբյեկտիվ չլինել»,- ասում է բանկիրը: Ուստի, նրա կարծիքով, որպեսզի ԿԲ-ի հնարավոր սուբյեկտիվ պատժամիջոցն անմիջապես չհրապարակվի եւ բացասաբար չանդրադառնա բանկի հեղինակության վրա, անհրաժեշտ է ճշտել հրապարակման մեխանիզմները:

Ինչ վերաբերում է բանկային համակարգում առկա այլ խնդիրներին, ապա, Ս. Նասիբյանի խոսքերով, դրանք շատ են, սակայն` նեղ մասնագիտական, որոնք պարբերաբար քննարկվում են Հայաստանի բանկերի միությունում: Ի դեպ, հայաստանյան բանկիրը համաձայնեց Գարեգին Թոսունյանի` վերջերս արտահայտած մի մտքի հետ, որ Հայաստանում ասոցիատիվ համագործակցությունը շատ թույլ է զարգացած, եւ, ըստ էության, Բանկերի միությանը գործնականում դեռ չի հաջողվում որոշումներ կայացնել: