8 միլիարդ եվրո՝ թմրանյութ գնելու համար

30/06/2006

Թմրաբիզնեսի ծավալների մասին բավական հետաքրքիր տվյալներ է հրապարակել իտալական հայտնի «La Repubblica»-ն։ Պիզա քաղաքի Հետազոտությունների ազգային խորհուրդն առաջին անգամ հաշվել է, թե թմրամիջոցների վրա տարեկան որքան են ծախսում իտալացի «սպառողները»՝ ովքեր պարբերաբար կամ մշտապես թմրանյութ են գնում անձնական օգտագործման համար։ Ըստ հաշվարկների, այդ գումարը կազմում է ավելի քան 8 միլիարդ եվրո, որից 4 միլիարդը բաժին է ընկնում կոկաինին, 2.5 միլիարդը՝ հերոինին, 1.9 միլիարդը՝ մարիխուանային։

Տարեկան կտրվածքով կոկաին են օգտագործում 90 հազար, հերոին՝ 75 հազար իտալացիներ։ Իսկ հաշիշ օգտագործողների թիվն Իտալիայում, ամենահամեստ հաշվարկներով, կազմել է 900 հազար։ Այս թվերը վերաբերում են այն մարդկանց, ովքեր թմրանյութ օգտագործում են ամեն օր։ Վերջում նշենք նաեւ թվերը. միայն Եվրամիության երկրներում թմրամիջոցների չափաբաժնի չարաշահումից մահացել է 8000 մարդ, իսկ ընդհանրապես թմրանյութեր օգտագործելու պատճառով՝ ավելի քան 20 հազար։

Ի դեպ, հունիսի 27-29-ը ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը Մոսկվայում մասնակցելու է «Աֆղանստանից թմրանյութերի առաքման ուղիների մասին» խորագրով Միջազգային խորհրդաժողովին: