ՀՀ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) տվյալներով, 2006թ. հունվար-մայիսին հանրապետությունում հավաքագրված հարկերի գումարը կազմել է 79,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 20,9%:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանը գտնվում է անբարենպաստ վիճակում եւ այդ ցուցանիշով զիջում է անգամ Ադրբեջանին եւ Վրաստանին։ Եթե հիշում եք, Արժույթի միջազգային հիմնադրամի Հոլանդական խմբի հանդիպման ժամանակ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն անդրադարձավ այս խնդրին եւ, ի թիվս այլ պատճառների, նշեց, որ տնտեսությունն աճում է նախատեսվածից ավելի արագ, եւ հարկայինը, կոպիտ ասած, աճի ետեւից չի հասցնում։ Այս դեպքում պատկերը փոխվել է։ Եթե համեմատենք ՀՆԱ-ի աճի տեմպերը՝ հունվար-մայիս ժամանակաշրջանի համար 10,5%, ապա կարելի է եզրակացնել, որ հարկահավաքության տեմպերը 2 անգամ գերազանցում են տնտեսական աճի տեմպերին։
ՀՊԾ-ն դա համարում է հարկային վարչարարության բարելավման արդյունք:
Հունվար-մայիս ժամանակահատվածի ՀՆԱ-ն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել էր 566.6 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում հավաքագրված 79.6մլրդ դրամի հարկերը կազմում են ՀՆԱ-ի 14%-ը։ Սակայն չպետք է մոռանալ, որ ներկայացված թվի մեջ չեն մտնում Մաքսային կոմիտեի կողմից հավաքագրվող վճարները, որոնց հաշվարկման դեպքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կմեծանա։
Հավաքագրված հարկերի մեջ բավական մեծ տեսակարար կշիռ ունեն ուղղակի հարկերը՝ շահութահարկը (27.5 մլրդ դրամ) եւ եկամտահարկը (12.7մլրդ դրամ)։ Միասին վերցրած, սրանք գերազանցում են հավաքագրված հարկերի 50%-ը։ Սա նույնպես կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող վճարները, մասնավորապես ԱԱՀ-ն, այստեղ հաշվառված չեն։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2006թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների վճարած 61.2մլրդ դրամի կեսից ավելին՝ 33.27 միլիարդը, բաժին է ընկել անուղղակի հարկերին՝ ԱԱՀ-ին եւ ակցիզային հարկին, որը երկուսուկես անգամ գերազանցում է ուղղակի հարկերի մեծությունը (12.22 մլրդ դրամ)։
2006թ. առաջին եռամսյակի համար 19.7%-անոց աճ է արձանագրվել նաեւ պարտադիր սոցիալական վճարների հավաքագրման գծով։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից պարտադիր սոցապ վճարի նվազագույն չափը սահմանվել է 7000 դրամ՝ նախկին 5000-ի փոխարեն։