Երաշտի հետեւանքները ծանր կլինեն

30/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գյուղատնտեսության նախարարության ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում այսօր քննարկվող բոլոր թեմաներն ուղղակի եւ անուղղակի կերպով վերաբերում են միայն երաշտին: Եթե դրսից զանգ է գալիս, ապա տեղեկացնում են, թե երաշտը մինչեւ հիմա ինչ վնասներ է տվել, կամ՝ որոշ տարածաշրջաններում երբեմն դիտված տեղումները որքան են հորդառատ եղել, քամին կարկուտ է՞լ է բերել, թե՞ միայն բաղձալի անձրեւն է եկել, տեղացած կարկուտն ամբողջությա՞մբ է հողին հավասարեցրել երաշտից խանձված բուսականությունը եւ նման հարցեր:

Իսկ եթե նախարարն է զանգում իր ենթականերին, ապա առաջին հերթին ուզում է տեղեկանալ եղանակի տեսությանն ու դրա դաժան հետեւանքներին: Մի խոսքով, երաշտն ու իր վնասներն այսօր մեզ համար ավելի հրատապ ու վտանգավոր են դարձել, քան վերջերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտումները` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Մի խոսքով, գյուղատնտեսության վիճակն այս տարի, մեղմ ասած, վատ է: Երաշտը դեռ շարունակում է մոլեգնել Հայաստանում եւ սպառնում է շարունակվել ողջ ամառվա ընթացքում: Եթե հունիսը համարվում է տեղումներով առատ ամիս, եւ այս տարի տեղումներ չդիտվեցին, ապա հուլիսին ու օգոստոսին տեղումները միշտ էլ քիչ են եղել: Եթե այս տարի էլ բնությունը գործի նույն օրինաչափությամբ, ապա առաջիկա երկու ամիսներին Հայաստանում ընդհանրապես տեղումներ չեն լինի: Այս մտահոգությունն ունեն նաեւ Գյուղատնտեսության նախարարությունում եւ «Հայպետհիդրոմետում»:

Երաշտի հետեւանքները առավել սուր են լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ոլորտի պատասխանատուներն արդեն խոսում են, որ առավել տուժել են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերը: Արարատյան դաշտի հողերը ոռոգելի են, եւ ոռոգման համակարգը որոշ չափով մեղմում է չորությունը: Երաշտն առավել վնասելու է բանջարաբոստանային մշակաբույսերին, մրգատու այգիները հիմնականում ոռոգման համակարգերի շրջակայքում են, բացի այդ` ծառերն ունեն խոր արմատային համակարգ, որը կարող ընդերքից որոշ չափով խոնավություն կլանել: Իսկ մշակաբույսերից վատ վիճակում են հայտնվել հատկապես հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածությունները: Այս տարի Հայաստանում կան մոտ 105 հազար հեկտար աշնանացանի, 76 հազար հա գարնանացանի, 36 հազար հա կարտոֆիլի ցանկատարածքներ, որոնց մեծ մասն այսօր արդեն չի հասնի բերքատու վիճակին: Բարձր ջերմաստիճանի պատճառով հացահատիկային բույսերի հասունացումը, հասկակալումը շուտ է սկսվել, ինչի արդյունքում սպասվող բերքն էականորեն ցածր է լինելու: Այդ վիճակում եթե նույնիսկ հնարավոր լինի որոշ չափով բերք հավաքել, ապա, մասնագետների հավաստմամբ, դա սերմացուի համար պիտանի չի լինի: Այնպես որ, հաջորդ տարվա սերմացուի խնդիրը գյուղացիական տնտեսություններին ու ոլորտի պատասխանատուներին արդեն խիստ է անհանգստացնում: Հայաստանում սպառվող հացահատիկի մոտ կեսը միշտ էլ ներկրվել է, այս տարի հավանաբար կներկրվի նաեւ մյուս կեսը: Բայց դա նորից բացասաբար կանդրադառնա ալյուրի ու հացի գների վրա: Այսինքն, առաջիկայում՝ հավանաբար աշնանը, հնարավոր է հացի թանկացում: Թեպետ դժվար է ասել, որովհետեւ Հայաստանում այդ շուկայի գները ձեւավորվում են արհեստականորեն: Հիշենք 2004թ., երբ ունեցանք հացահատիկի ամենաբարձր բերքատվությունը, սակայն 1 կգ ցորենի գինը բարձրացավ 120-140 դրամի, 1 պարկ ալյուրի գինը՝ 14-15 հազար դրամի: Իսկ անցած տարվա հացահատիկի բերքը 50-55 հազար տոննա պակաս էր, բայց 1 կգ ցորենի գինը 65-85 դրամ էր, իսկ ալյուրը 6-8 հազար դրամ: Հնարավոր է, որ այս տարի էլ էական փոփոխություն չլինի: Երաշտի պատճառած վնասը էականորեն է ազդելու նաեւ կարտոֆիլի բերքի եւ գների վրա: Իսկ ամենադաժան վիճակը լինելու է անասնապահության ոլորտում:

Ջերմաստիճանի բարձրացման պատճառով շուտ է սկսվել խոտհունձը, ինչը խիստ բացասաբար է ազդել խոտի սպասվող քանակի եւ որակի վրա: Հիմա արդեն որոշ շրջաններում 18-20 կիլոգրամանոց խոտի հակը վաճառվում է մինչեւ 600-800 դրամ, այսինքն` 1 տոննա խոտի գինն արդեն 35-40 հազար դրամ է: Խոտի գինը գնալով կբարձրանա եւ անասնապահների գնահատմամբ տարվա վերջում կարող է հասնել 55 ու ավելի հազար դրամի: Հիմա, երբ անասունի արոտի շրջանը դեռ չի կիսվել, դաշտերում խոտը չորացել է, գյուղացիների բնութագրմամբ` «կովերը հողը լիզելով են ման գալիս», պակասել է կաթնատվությունը, ինչն էականորեն է ազդել գյուղացիական տնտեսությունների եկամուտների վրա:

Իսկ առավել սարսափելի վիճակի գյուղացիները սպասում են աշնանն ու ձմռանը, երբ անասուններին կերակրելու խոտ չի լինի: Մեկ կովին ձմռան ընթացքում անհրաժեշտ է 2-2,5 տոննա խոտ: Վիճվարչության տվյալներով` Հայաստանում կա մոտ 592 հազար խոշոր եղջերավոր անասուն եւ գրեթե նույնքան էլ ոչխար եւ այծ: Բայց մասնագետները հավատացնում են, որ այս թիվն իրականում ավելի մեծ է: Անասնագլխաքանակի մեծ մասը գյուղացիական տնտեսությունների ձեռքում է: Դժվարը նրանց համար է լինելու, որովհետեւ խոշոր ֆերմերային տնտեսություններն ունեն համապատասխան տեխնիկա եւ կարող են խոտ հավաքել ու բերել այն հեռավոր մասերից, որտեղ սովորական գյուղացին ի վիճակի չէ հասնել: Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարի հրամանով թույլատրվել է առանց որեւէ վարձավճարի անտառտնտեսության տարածքներում խոտհունձ կատարել: Յուրաքանչյուր փոքր տնտեսություն պահում է միջինը 3-4 խոշոր եղջերավոր անասուն, այսինքն` նրանց անհրաժեշտ է ամենաքիչը 8 տոննա խոտ, ինչը տարվա վերջում կարժենա մոտ 1000 դոլար: Այսպիսի ծախսը կործանարար կլինի գյուղացիական տնտեսությունների համար: Անասնագլխաքանակի գոնե մի մասը պահելու համար նրանք ստիպված կլինեն կեսը մորթել եւ վաճառել: Այսինքն` աշնանն ու ձմռանը Հայաստանում մեծ սպանդ է սպասվում: Այստեղ արդեն մեկ այլ խնդիր է առաջանում. մեր բնակչությունը կկարողանա՞ սպառել այդքան միս, թե՞ գյուղացին այստեղ էլ կտուժի` ստիպված կլինի էժան գնով հանձնել վերամշակող գործարաններին: Սրա բացասական հետեւանքները կզգացվեն նաեւ առաջիկա մի քանի տարիներին. անասնագլխաքանակի քիչ լինելու պատճառով կթանկանա նաեւ կաթնամթերքը: Եթե նույնիսկ 2007թ. շատ բերքառատ լինի, միեւնույն է` անասնագլխաքանակը վերականգնելու համար մի քանի տարի է անհրաժեշտ: Իսկ մեկ կովն անասնապահական գոտում ապրող գյուղացու համար մեծ նշանակություն ունի: Լեռնային գյուղերում կաթնամթերքը փոխանակում են Արարատյան դաշտավայրից տարած ծիրանի, պոմիդորի, նույնիսկ` վարագույրի, կոշիկի եւ ամենատարբեր ապրանքների հետ: Բացի այդ, կաթը թեեւ շատ էժան, բայց հանձնում են վերամշակող գործարաններին: Մի խոսքով, այս տարվա երաշտի հետեւանքները մենք զգալու ենք նաեւ եկող տարիներին: Այն, որ հիմա շուկայում ծիրանն էժան է՝ 200 դրամ, ուրախանալու համար քիչ է, որովհետեւ ձմռանն այդքան կարժենա կարտոֆիլը, մնացածն արդեն գուշակել կարելի է: