Մութ պատմություն

04/05/2005

Վենետիկի հանձնաժողովն, ի վերջո, ուղարկեց իր կարծիքը Սահմանադրական բարեփոխումների մասին երեք նախագծերի վերաբերյալ: Սակայն ոչ թե առանձին-առանձին, այլ` ընդհանուր մեկ փաթեթով: Եզրակացության մեջ դրական գնահատական է տրվել կոալիցիայի եւ ՄԱԿ-ի ներկայացրած նախագծերին`ընդգծելով, թե այդ երկու նախագծերը «մեկ քայլ առաջ են գործող Սահմանադրությունից եւ կարող են նպաստել ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը»: Նաեւ նշված է, որ, այնուամենայնիվ, առավել նշանակալի փոփոխության կարիք է զգացվում հատկապես պետական մարմինների միջեւ հավասարակշռության հարցում: Իսկ ինչ վերաբերում է «Արդարություն» դաշինքի պատգամավոր Արշակ Սադոյանի նախագծին, ապա Վենետիկից նրան տեղեկացրել են, որ նա չի անդրադարձել մի շարք առանցքային հարցերի, ինչպիսիք են Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը կամ դատական իշխանությունը, եւ ներառում են մի շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումն իրատեսական չէ: Ի դեպ, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ կարծիք էր հայտնել, որ եթե նախագծերի հեղինակները համաձայնեն, ապա կարող են նախագծերը վերջնական տարբերակում միաձուլել, ինչի վերաբերյալ Գ. Արսենյանն ասաց. «Դրանք դեռ մտադրություններ են, մենք չենք որոշել: Մութ պատմություն է»: