Երեկ ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Դեղին ժապավեն» համաշխարհային ակցիայի մոմավառության արշավը: Կազմակերպիչները կրկին ահազանգում էին` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ ԱՄՆ Սենատում հունիսի 28-ին (երեւանյան ժամանակով` ժամը 22:00-ին) տեղի ունենալիք լսումների առիթով: Այդ լսումներն ազատ են քաղաքացիների համար, սակայն, ի նշան բողոքի, ամերիկահայերը դեղին ժապավեններով կապելու էին իրենց բերանները: Վերոնշյալ ակցիան ուղղված է ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշման դեմ, ըստ որի` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Մարշալ Էվանսը հետ կանչվեց եւ պաշտոնանկ արվեց: Մինչ օրս Պետդեպարտամենտը հրաժարվում է իր այս որոշման պատճառների վերաբերյալ կոնգրեսականների կողմից բազմիցս առաջադրված հարցերին հստակ պարզաբանումներ տալ: «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Էվանսը ԱՄՆ կառավարության կողմից պատժվեց Հայոց ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունն ասելու համար: Այս դեպքին հաջորդեց Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից 2006թ. հունիսի 22-ին տրված հարցազրույցը, որում նա բացահայտ արտահայտում է ԱՄՆ կառավարության կողմնակալ դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ… Մենք հույս ենք հայտնում, որ մեր բարեկամ ԱՄՆ կառավարությունը կշարունակի իր ստանձնած արդար միջնորդի պարտականությունները»,- մասնավորապես նշվում է արշավի նախաձեռնող խմբի հաղորդագրությունում:
Ակցիայի մասնակիցները դեղին բաժակների մեջ մոմեր էին փոխանցում միմյանց` ի նշան Հայաստանի նկատմամբ Պետդեպարտամենտի վերաբերմունքի: Մեր տեղեկություններով` Երեւանում տեղի ունեցած այս ակցիայի լուսանկարները Սենատում լսումների պահին արդեն որոշ սենատորների ձեռքն էին ընկել: