Արդյոք ժողովրդավարական ընտրությունները ժողովրդավարական համակարգի երաշխի՞ք են: Մեր քաղաքական դաշտը` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, ժողովրդավարության իմաստավորումը մեծ հաշվով հանգեցնում են ընտրություններին: Այսինքն, ժողովրդավարության կառուցման ճանապարհին առաջին հերթին պետք է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել:
Կարծես թե բավական պարզունակ սխեմա է, որը հիմնված է հասարակական մեծամասնության ռացիոնալության եւ իմաստնության նկատմամբ հավատի վրա: Կան խանգարողներ, որոնք կեղծում են ընտրությունները, եթե այդ խանգարողները հեռացվեն, ամեն ինչ պայծառ կլինի: Եթե իշխանությունների համար այդ խանգարողները «քաղաքական արջերն» են, որոնց ծառայությունները «ոչ ոքի պետք չեն», ապա ընդդիմության համար խանգարողն ամբողջ իշխանությունն է: Սակայն ամեն ինչ այդքան էլ միագիծ չէ: Ժամանակակից հայտնի քաղաքագետ Ֆարիդ Զաքարիան իր ոչ լիբերալ ժողովրդավարական համակարգերի առաջացումը հոդվածում մեջբերում է ամերիկյան դիվանագետ Ռ. Հոլդբրուկի խոսքերը` ասված 1996թ. Բոսնիայում կայանալիք ընտրությունների առթիվ. «Ենթադրենք, թե մենք հայտարարեցինք, որ ընտրություններն անցել են ազատ եւ արդար, իսկ եթե դրանց արդյունքում հաղթել են ֆաշիստները, ռասիստները եւ անջատողականները, որոնք բացահայտորեն հանդես են գալիս ինտեգրացիայի եւ խաղաղության դեմ: Ահա թե ինչում է դիլեման»: Այս խոսքերից անցել է ուղիղ 10 տարի, եւ այդ ընթացքում նշյալ դիլեման գնալով ավելի լայն տարածում է ստացել: Հիշենք միայն վերջին շրջանը, երբ աշխարհը ցնցված էր պաղեստինյան ընտրությունների արդյունքներից, որտեղ հաղթանակ էր տարել ՀԱՄԱՍ-ը, որի գործունեության մեջ մեծ տեղ է գրավում ահաբեկչությունը: Ի վերջո, մենք ունեցանք Նոր Հաճընի նախադեպը, երբ քաղաքապետ ընտրվեց մարդասպանը:
Լիբերալ եւ ոչ լիբերալ ժողովրդավարություններ. Ըստ Զաքարիայի, նշված իրավիճակն ընդամենը ցույց է տալիս արդի աշխարհում ոչ լիբերալ ժողովրդավարական համակարգերի տարածման միտումը: Այս գործընթացը դժվար է ախտորոշել, քանի որ մենք սովոր ենք ժողովրդավարություն ասելով` հասկանալ միայն լիբերալ ժողովրդավարությունը, որը ներառում է ոչ միայն ազատ եւ արդար ընտրական համակարգը, այլեւ օրենքի գերիշխանությունը, իշխանությունների բաժանումը եւ հիմնական ազատությունների (խոսքի, դավանանքի, մասնավոր սեփականության եւ միավորումներ կազմելու) պաշտպանությունը: Այս ազատությունների պաշտպանությունը, ըստ էության, չի կազմում ժողովրդավարական համակարգի մի մասը, այն ավելի բնութագրական է սահմանադրական լիբերալիզմի համար: Իսկ լիբերալիզմը` որպես քաղաքական ազատության հայեցակարգ կամ տնտեսական քաղաքականության ձեւ, ժամանակային առումով կարող է համընկնել կամ չհամընկնել ժողովրդավարական համակարգի զարգացման հետ: Փաստորեն, այսօր աշխարհում առկա է մի իրավիճակ, ըստ Զաքարիայի, երբ ժողովրդավարությունը զարգանում է, իսկ սահմանադրական լիբերալիզմը` ոչ: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ արեւմտյան լիբերալ դեմոկրատիայի մոդելը դեմոկրատիայի հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է եւ ոչ ավելին:
Ամերիկյան եւ ֆրանսիական մոդելներ
Ընդհանրապես, դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց` հասարակության մեջ գնալով արմատավորվում է այն պատկերացումը, թե իշխանության սահմանափակումը չունի այն նշանակությունը, որը դրան վերագրում են, որ այն անհրաժեշտ է միայն այն իշխանությունների պարագայում, որոնց շահերը չեն համընկնում հասարակության շահերի հետ: Փաստորեն, սահմանադրական լիբերալիզմի եւ դեմոկրատիայի միջեւ առկա հակասությունը կապված է իշխանության ծավալի մասին պատկերացումների հետ: Սահմանադրական լիբերալիզմը հանդես է գալիս իշխանության սահմանափակման օգտին, իսկ դեմոկրատիան` դրա կենտրոնացման եւ օգտագործման: Հենց այս պատճառով լիբերալները շատ հաճախ դեմոկրատիայի մեջ տեսնում էին ազատությունների սահմանափակման սպառնալիք: Եվ իսկապես, դեմոկրատական իշխանությունը, հիմնվելով մեծամասնությունից իրենց լիազորած սուվերենիտետի բացարձակության վրա, սկսում են կենտրոնացնել իշխանությունը հաճախ հակասահմանադրական եղանակներով, ինչն էլ տխուր հետեւանքներ է ունենում հասարակության համար: Այս գործընթացը կարելի է անվանել իշխանության ուզուրպացիա, որն, ըստ Զաքարիայի, առավել տարածված է հետխորհրդային երկրներում: Մեր հասարակությունում էլ ընդդիմության կողմից իշխանությանն ուղղվող հիմնական մեղադրանքը հենց իշխանության բռնազավթումն է, ուզուրպացիան: Ընդ որում, ըստ Զաքարիայի, զարմանալի է, որ դեմոկրատիայի տարածման հարցում այդքան մեծ ջատագով է ներկայանում ԱՄՆ-ը, որին, ըստ հեղինակի, առավելապես կարելի է բնութագրել իբրեւ ավելի շուտ ոչ դեմոկրատական երկիր, որտեղ քաղաքական համակարգը բացարձակապես չի հիմնվում ժողովրդավարական ընտրությունների` իբրեւ մեծամասնության ընտրության սկզբունքի վրա: Օրինակ, սենատորներն ընտրվում են ամեն նահանգից երկուական սկզբունքով` անկախ նրանից, թե ինչքան բնակչություն ունի այդ նահանգը, հետեւաբար, հասարակության շուրջ 16 տոկոսը ներկայացնող Սենատը կարող է արգելակել ցանկացած օրինագծի հաստատումը: Ամերիկյան համակարգը հիմնված է մարդու բնույթի մասին հոռետեսական պատկերացման վրա, այսինքն` մարդկանց չի կարելի վստահել իշխանությանը վերաբերող վճիռների կայացումը: Ստացվում է մի իրավիճակ, որ ԱՄՆ-ը ցանկանում է մյուս պետություններում ստեղծել մի համակարգ, որի արդյունավետությանն ինքը չի հավատում, քանի որ այն չի ներդրել հենց իր ներսում: Մյուս մոդելը ֆրանսիական մոդելն է, որն առաջ է գալիս Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներից, հիմնվում է մարդկային առաքինության վրա եւ հենց հասարակությանը դիտում իբրեւ իշխանության աղբյուր եւ հիմք: Պետք է նշել, որ ֆրանսիական հասարակության մոտ արմատացած հենց այսպիսի պատկերացումներն են հնարավոր դարձնում այնտեղ այնպիսի գործընթացների ծավալումը, ինչպես հասարակական մեծ հուզումների միջոցով իշխանությունների վրա ճնշում գործադրելն է տարբեր հարցերի կապակցությամբ:
Որտե՞ղ ենք մենք
Մեր համակարգի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ մենք հստակ կողմնորոշված չենք ոչ դեպի ամերիկյան մոդելը եւ ոչ դեպի ֆրանսիական մոդելը: Մի կողմից` մենք, Եվրոպային անդամագրվելու ցանկությամբ, պետք է յուրացնենք եվրոպական ժողովրդավարության դասերը, որտեղ հասարակությունն է իշխանության աղբյուրը: Այդ ամրագրումը կատարված է Սահմանադրությունում, սակայն մեզ մոտ քիչ չեն նաեւ այն կարծիքն ունեցողները, որ մեզ պետք է ուժեղ ձեռք, որը կկենտրոնացնի իշխանությունը եւ կպատժի բոլորին, երկրում կարգուկանոն կհաստատի: Հետո արդեն կարելի է անցնել լիբերալիզմին: Այս առումով մեր երկիրը շատ է հիշեցնում ԱՄՆ-ին: Եվ եթե հոգեբանները գտնում են, որ փոքրը միշտ կրկնօրինակում է մեծերի վարքը, ապա ուշագրավ է, որ մեզ մոտ էլ փաստորեն ցանկացած գործողություն իր լեգիտիմացիան է ստանում ժողովրդավարությանը հղումներ անելու միջոցով: Իշխանությունների քայլերը քայլ են դեպի ժողովրդավարությունը, ընդդիմության պայքարը պայքար է ժողովրդավարության համար: Տարբեր հասարակական կազմակերպություններ տարբեր դրամաշնորհների միջոցով փորձ են անում նպաստել քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Նույն համերաշխությամբ, ինչպես ընդամենը մի քանի տասնամյակ առաջ բոլորը կոմունիզմ էին կառուցում, այժմ իրականացնում են ժողովրդավարության կառուցումը: Մոտավորապես նույն կերպ ԽՍՀՄ փլուզումից հետո աթեիզմի դասընթաց կարդացող դասախոսները սահուն կերպով հաջորդ կիսամյակից սկսեցին կրոնագիտություն դասավանդել: Սակայն, ըստ Զաքարիայի, հեշտ է երկրում ընտրություններ նշանակելը, ավելի դժվար է այդ հասարակությանը սահմանադրական լիբերալիզմին սովորեցնելը: Հասարակության ժողովրդավարացումն ու լիբերալիզացիան տեւական գործընթաց են ենթադրում, որում ընտրություններն ընդամենը մի քայլ են: Եթե երկրում չկան ազատ եւ արդար ընտրություններ, ըստ Զաքարիայի, սա ընդամենը թերություն է, այլ ոչ թե ամբողջատիրական համակարգի նշան: Ընտրություններն իշխանությունների կարեւոր, բայց ոչ միակ առաքելությունն են: Իշխանությունները պետք է գնահատել նաեւ սահմանադրական լիբերալիզմի, մարդու հիմնական ազատությունների պահպանության տեսանկյունից: Հենց այս պատճառով քաղաքական գործիչների` ընդդիմադիր թե իշխանամետ, մեծագույն պարտականությունն իրենց խոսքի հանդեպ պատասխանատվությունը պետք է լինի, որովհետեւ իրականացնելով որոշակի գաղափարի պոպուլյարիզացիա եւ չամրապնդելով այն իրական մեխանիզմներով ու քայլերով, դրանով իսկ այդ գործիչները նպաստում են գաղափարների արժեզրկմանը: Ըստ էության, հենց դրանով է մեզանում վտանգված ժամանակակից արժեքների ներդրումը` ինչպես ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների: Այս բառերը, զուրկ լինելով իրական, տեսանելի բովանդակությունից, դառնում են փուչիկներ լայն զանգվածների աչքին, որոնցով կարելի է զարդարել ցանկացած ելույթ, գործողություն:
Քսաներորդ դարի սկզբին Վուդրո Վիլսոնը նպատակ դրեց աշխարհը դարձնել անվտանգ դեմոկրատիայի համար, այժմ խնդիրը նրանում է, որպեսզի դեմոկրատիան անվտանգ դարձնենք աշխարհի համար: