«Մենք փորձում ենք անել հնարավորը` Մարտակերտի վերականգնման համար, քանի որ այդ շրջանը մեզ համար հատուկ նշանակություն ունի: Պետք է ամեն ինչ անել` նախկին Մարտակերտի համբավը վերականգնելու համար»,- այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Մարտակերտի ազատագրման 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում, որին ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, մարտակերտցի բարերարներ, շրջանի ազատագրմանը մասնակցած նախկին ազատամարտիկներ եւ այլք: Նախագահի խոսքերով, Մարտակերտը Ղարաբաղի շրջաններից ամենաշատ տուժածն է, եւ այն փաստը, որ հեռուստամարաթոնի շրջանակներում ԼՂՀ շրջանների վերականգնման ծրագիրը սկսել են հենց Մարտակերտից եւ այդտեղ խոշոր բարերարների կողմից իրականացվող լուրջ աշխատանքները խոսում են այն մասին, որ փորձում են ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մարտակերտցիները վերադառնան հայրենիք: Այն հարցին, թե Մարտակերտի վերականգնման համար հեռուստամարաթոնի դրամահավաքի գործընթացը վերահսկվո՞ւմ է, Ա.Ղուկասյանը պատասխանեց, որ հետեւում եւ վերահսկում են այդ աշխատանքները: «Բնական է դրանով Մարտակերտի ծրագրերը չեն ավարտվում, այս տարվա հեռուստամարաթոնը պետք է նվիրենք երեւի Հադրութի շրջանին, բայց զուգահեռ մենք շարունակելու ենք դրամահավաքը Մարտակերտի շրջանի համար եւ իրականացնելու ենք մի շարք ծրագրեր տարբեր ոլորտներում»,- ավելացրեց նա:
Նիստի ժամանակ նախագահը մի շարք շքանշաններ է հանձնել Մարտակերտի ազատագրման մասնակիցներին եւ մարտակերտցիներին:
Ի դեպ, մարտակերտցի հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը` շնորհավորելով մարտակերտցիներին նշանակալից տարեդարձի կապակցությամբ, որոշակի գումար է տրամադրել շրջանի ադմինիստրացիային` Մարտակերտի զոհված ազատամարտիկների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: