Քենիական թերթերի փոխանցմամբ` քենիացի ընդդիմադիր պատգամավորը հորդորել է երկրի նախագահ Մվաի Քիբակիին խորհրդարանական հանձնաժողովում պատասխանել եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին առնչվող պատմության վերաբերյալ հարցերին: Հիշեցնենք, որ հայազգի եղբայրներն այս ամիս արտաքսվել են Քենիայից՝ մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նրանք թույլ չեն տվել ստուգել իրենց պայուսակը, իսկ նրանցից մեկն ատրճանակ է հանել: Ընդդիմության առաջնորդ Ռեյլա Օդինգան, ով մի քանի ամիս առաջ մեղադրել էր եղբայրներին վարձկան լինելու մեջ, ասել է, թե հարցն այն է, թե ինչո՞ւ են նրանք արտաքսվել, այլ ոչ թե հարցաքննվել: «Նշանակում է` իշխանությունները շահագրգռված չեն, որ նրանք պատասխանատվության կանչվեն,- եզրակացրել է նա` հավելելով,- Այս մարդիկ վայելում էին կառավարության աջակցությունը, ունեին կառավարական համարանիշերով մեքենաներ եւ ուղեկցվում էին անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից»: Օդինգան մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2007-ի նախագահական ընտրություններում: «Այս հարցերը չեն պարզվի մինչեւ նախագահը չպատասխանի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի անդամների հարցերին»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր գործիչը: Քենիայի իշխանությունները ժխտում են, որ հայազգի եղբայրներն այցելել են նախագահական նստավայր: Սակայն նրանց տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կառավարական համարանիշերով «Մերսեդես» եւ ոստիկանության տարբերանշաններով «Լեքսուս»: Արտաքսված եղբայրները պնդում են, թե իրենք գործարարներ են: