Այգում երիտասարդ է մահանում

30/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված երիտասարդն ընդամենը 31 տարեկան է: 4-րդ գիշերն է անցկացնում Մանկական այգու հատակին ընկած: Նրա մասին կարելի է ոչինչ չասել, պարզապես նրա անօգնական վիճակին նայել ու հասկանալ, թե մեր հասարակության դաժանությունն ուր է հասել: Անշարժ է, գրեթե չի կարողանում խոսել:

Տարօրինակն այն է, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ այս անօգնական երիտասարդը փողոցում, թփերի մեջ ընկած է, սակայն ոչ ոք նրան չի էլ նկատում: Այգու դեղնած ծառութուփի մեջ ընկած այս երիտասարդի մարմինը հիվանդությունից սեւացել է, ոտքն այտուցված է, չի կարողանում պառկած տեղից շարժվել: Խոսելու համար նրանից մեծ ջանքեր են պահաջվում, ներողություն է խնդրում, որ չի կարող նույնիսկ նստած խոսել: Շագոյան Արտակն է, ով այգում հայտնվելուց առաջ Ամիրյան փողոցում էր ապրում եւ նույն փողոցում մուրացկանություն էր անում: «Վատացա, ընկա փողոցում: Շտապօգնություն եկավ, տարան Կենտրոն, քաղմասի կողքի հիվանդանոց (երեւի Շտապօգնության հիվանդանոց, քանի որ չի հիշում), գցին մի հատ սենյակ, երկաթից սետկի վրա: Ոչ տիրություն արին, ոչ էլ»,- ասում է Արտակն, ում ինքնազգացողությունն այնքան վատ է, որ ամբողջ մարմնով ցնցվում է խոսելիս: Հիվանդանոցի մասին խոսելիս լաց է լինում, ու տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է հուզմունքից ու վիրավորանքից շնչահեղձ կլինի: Հարցնում եմ՝ «Հիվանդանոցում բժիշկներն ի՞նչ արեցին, գոնե ստուգեցի՞ն»: Պատասխանում է՝ «Իրիկունը տարան գցին սետկի վրա, լույսը բացվեց, ասին՝ հելի սիքտիրդ քաշի: Կներես էդ խոսքի համար, բայց տենց ասին՝ սիքտիրդ քաշի»: Շտապօգնության ծառայության համար բեռ դարձած Արտակին հասցրել են Արգավանդի խճուղին եւ թողել այնտեղ, այն դեպքում, երբ նա քայլել չի կարողանում: Բժիշկները նրան հորդորել են գնալ 4-րդ գյուղում գտնվող անօթեւանների տուն-ինտերնատ: Կիսամեռ տղան Արգավանդի ճանապարհին տաքսի է նստել ու հասել է տուն-ինտերնատ, որտեղ, սակայն, նույնպես չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ հիվանդ է: Կրկին Ամիրյան փողոցում հայտնված Արտակի վիճակի մասին ահազանգել են Շտապօգնություն: Ենթադրում է, որ նույն փողոցի խանութի աշխատողներն են զանգահարել, քանի որ խանութին պատիվ չի բերել փողոցում ընկած հիվանդը: Շտապօգնության մեքենան նրան մահամերձ վիճակում նորից տարել է հիվանդանոց, որից հետո, սակայն, բժիշկները նրա հետքը կորցնելու համար այլ տարբերակ են առաջարկել: Անշարժ տղային շտապօգնության մեքենայով բերել են քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող Մանկական այգի: Հիվանդին գցել են հատակին ու մխիթարել, թե` այստեղ քեզ բան ասող չի լինի: 4 օր է՝ նա հատակին ընկած է եւ ընդհանրապես չի կարողանում շարժվել: Միայն ջուր է խմում, որովհետեւ սնվելու հնարավորություն չունի, եթե անգամ հաց էլ լիներ՝ չէր կարող ուտել, որովհետեւ սարսափելի վատ է զգում: Մարմինը դողում է, իսկ մաշկի սեւությունը փտախտի տպավորություն է թողնում: Արտակն ասում է, որ ընտանիք, հարազատներ, ոչ ոք չունի: Թե ինչու է հայտնվել փողոցում՝ չի ուզում այդ մասին խոսել՝ պատճառաբանելով, որ իր համար շատ դժվար է խոսելը: Օրեր առաջ այգու շները հարձակվել են գետնին ընկած տղայի վրա, սակայն նա չի կարողացել պաշտպանվել` անշարժ լինելու պատճառով:

Մեր այցելության ժամանակ դիակի պես ընկած Արտակի շուրջը «երանելի» մթնոլորտ էր տիրում: Իրենց ծառայությունն անցկացնող ոստիկանները նստարանին շարքով նստած արեւածաղիկ էին չրթում, սիրահարված զույգերը համբուրվում էին, իսկ երեխամայրերը եռանդուն կերպով սեղանիկներից քաղցրավենիք էին գնում երեխաների համար: Զավեշտալին, սակայն, այն էր, որ ընդգծված արհամարհանքով նայելով հատակին ընկած երիտասարդին` որեւէ մեկը չէր արձագանքում եւ չէր էլ փորձում ճշտել՝ արդյոք ո՞ղջ է այս մարդը, թե՞ մեռած: Արտակի վիճակը հնարավոր չէ խոսքերով նկարագրել: Հնարավոր չէ նկարագրել նաեւ մեր քաղաքացիների սառնասրտությունն ու անտարբերությունը: Կենտրոնում, ամենամարդաշատ այգու հատակին մահանում է մի երիտասարդ, որին բժիշկները «սիքտիր» են անում՝ հասկանալով, որ նրան բուժելը փող չի բերելու: