Համազգային ղումար

30/06/2006 Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Այս հաստատություններ այցելողների շրջանակը բավականին լայն է` երիտասարդներ, ուսանողներ, թոշակառուներ: Այցելուների հիմնական հատվածը կազմում են 25-55 տարեկան տղամարդիկ: Այս հաստատությունների մշտական այցելուները բարձր խաղադրույքներ կատարողներն են: Նրանք գերադասում են հաճախել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող գրասենյակներ: Մայրաքաղաքի ծայրամասերում այցելուների տարիքը նվազում է, եւ նրանց թվում կարելի է հանդիպել նաեւ անչափահաս երեխաների: Մինչդեռ օրենքով նրանց արգելված է մուտք գործել նման հաստատություններ: Երեխաները ծայրամասերում գտնվող գրասենյակներում անգամ երեկոյան ժամերին դիտում են խաղերը եւ խաղադրույք կատարում:

Բույքմեյքերական գրասենյակները բացվում են 14.00-ից սկսած, սակայն խաղադրույքներ ընդունվում են ժամը 16.00-ից: Մինչ այդ այցելուները եւ գրասենյակների աշխատակիցներն աշխույժ քննարկում են գալիք խաղերի հնարավոր արդյունքները: Բուքմեյքերական կետերը փակվում են ուշ գիշերը` վերջին խաղի ավարտից անմիջապես հետո: Հայաստանում գործում են 3 բուքմեյքերական գրասենյակներ` «Տոտոն», «Վիվառոն» եւ «Եվրոֆուտբոլը»: Այս 3 գրասենյակներում գոյություն ունի խաղադրույք կատարելու 3 հիմնական տարբերակ` «միայնակ», «էքսպրես» եւ «համակարգ»: Այցելուները գնելով 50 դրամ արժողությամբ տոմսը` կարող են ծանոթանալ կանոններին:

«Վիվառոյի» եւ «Եվրոֆուտբոլի» կետերում «միայնակ» խաղադրույքի նվազագույն չափը սահմանված է 1000 դրամ, առավելագույնը` 100.000 դրամ: Այս ձեւում խաղադրույք կատարողը պետք է գուշակի միայն մեկ իրադարձության ավարտը: «Էքսպրես» խաղադրույքի նվազագույն գումարը կազմում է 300 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ: «Համակարգի» նվազագույն խաղադրույքը սահմանված է 1000 դրամ, առավելագույնը` 100.000 դրամ: Կա նաեւ մեկ պայման` առավելագույն շահումը չպետք է գերազանցի 2 մլն դրամը: Իսկ ահա «Տոտո» բուքմեյքերի տոմսում ընդհանրապես նշված չեն նվազագույն եւ առավելագույն խաղադրույքների չափերը:

Ընդունվում են նաեւ On-line խաղադրույքներ, որոնք կատարվում են իրադարձության ընթացքում` մինչեւ տվյալ իրադարձության ելքի հայտնի դառնալը: Այս տիպի խաղադրույքներ կատարելու ժամանակ հաճախորդի կտրոնը վավերացվում է կենտրոնական գրասենյակի կողմից, քանի որ բոլոր կետերում գործում է կոմպյուտերային ընդհանուր համակարգը` հնարավոր խարդախությունները կանխելու համար:

Այդ հաստատությունների մշտական հաճախորդների տվյալներով, մինչ աշխարհի առաջնության մեկնարկն օրվա ընթացքում խաղադրույքների գումարի չափը կազմում էր մոտ 1մլն դրամ, այն էլ` ֆուտբոլային խաղերի օրերին: Իսկ առաջնության սկսվելուց հետո ամեն օր խաղադրույքների չափը տատանվում Է 2-3 մլն դրամի սահմաններում: Բուքմեյքերական կետերը, անկախ խաղերի արդյունքից, իրենց են պահում մուտք գործած գումարի 4%-ը, ինչը կազմում է 80-120 հազար դրամ` մեկ օրվա ընթացքում: Այցելուներին հրապուրում են խաղադրույք կատարելու բազմազան տարբերակները` այս կամ այն թիմի հաղթանակը, առանձին ֆուտբոլիստի գոլ խփելու հնարավորությունը, առանձին խաղակեսերում գրանցված հաշիվը, զգուշացումների քանակը եւ տասնյակ այլ հնարավորություններ:

Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից ստադիոն Հայաստանում այցելում էին բացառապես տղամարդիկ, այս հանգամանքը պայմանավորված էր ֆուտբոլային դաշտերում տիրող յուրահատուկ մթնոլորտով: Մարդիկ ինքնամոռաց դիտում էին խաղը` հայհոյելով եւ անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով: Կանայք գրեթե չէին այցելում մարզադաշտեր: Այս նույն պատկերը կարելի է տեսնել նաեւ բուքմեյքերական գրասենյակներում, որտեղ բոլոր այցելուները տղամարդիկ են: Այցելուները, սովորաբար մեծ քանակություններով գարեջուր խմելով, ուշադրությամբ եւ էմոցիոնալ հետեւում են իրենց նախընտրած հավաքականի խաղին: Նրանք հիմնվելով իրենց ֆուտբոլային գիտելիքների վրա, խաղադրույքներ են կատարում մի քանի խաղերի վրա միաժամանակ` դնելով բավական բարձր գումարներ: Գրասենյակներն իրենց մշտական այցելուների համար ունեն մշտապես ազատ սեղաններ եւ անվճար հյուրասիրություն: Յուրաքանչյուր գրասենյակի աշխատակից կպատմի մի քանի դեպք, երբ մարդիկ գերագնահատելով իրենց ֆուտբոլային գիտելիքները` ցանկանալով շահել մեծ գումարներ` պարտվել են իրենց ողջ աշխատավարձը կամ թոշակը:

Այսպիսի պատկեր է Երեւանում, իսկ մարզերում խաղադրույքներ կատարվում են ավելի քիչ գումարներով, եւ խաղադրույքի չափերն ավելի ցածր են: Բայց մարզերում հաճախորդներն ավելի էմոցիոնալ են եւ ավելի հաճախ են խաղադրույք կատարում ունեցած վերջին կոպեկներով: Թե Երեւանում, թե մարզերում ընդունված են նաեւ ոչ կանխիկ խաղադրույքները:

Բացի բուքմեյքերական կետերից` ֆուտբոլային հանդիպումները հնարավոր է դիտել նաեւ մայրաքաղաքի գրեթե բոլոր սրճարաններում, ուր հեռուստացույցներ են տեղադրված: Առանձին սրճարաններում հաճախորդները կարող են նաեւ խաղադրույքներ կատարել: Այստեղ եւս չի գործում տարիքային որեւէ սահմանափակում: Եթե վերը ասվածին գումարենք նաեւ այն, որ ամեն օր հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հնչող գովազդներ մեզ հրավիրում են խաղադրույքներ կատարելու, ապա կստացվի, որ մեր հասարակությունը կրկին անգամ ներքաշված է համազգային ղումարի մեջ: