ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի ղարաբաղյան հարցի կարգավորման մասին բացահայտումները չեն բխում ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից: Այստեղ կա միայն ամերիկյան շահ՝ կապված տարածաշրջանի, էներգետիկ խնդիրների (եւ այլն) հետ: ԱՄՆ-ը խոստացել էր, որ մտադրություն ունի 2006թ. ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում որոշակի հստակեցումներ անել: Եվ, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը արագացնում է այդ գործընթացը Բրայզայի միջոցով: Սա նաեւ որոշակի ճնշում է Հայաստանի վրա, որը պատրաստվում է 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրություններին: Պետք է նկատել, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ Բրայզայի «բացահայտած» առաջարկները համապատասխանում են Բաքվի շահերին: ԱՄՆ-ը տվյալ դեպքում մի քանի խաղ է խաղում նաեւ ՀՀ իշխանությունների հետ: Հաշվի առնելով գալիք ընտրությունները, ԱՄՆ-ը փորձում է իր նպատակին հասնել մինչեւ ընտրությունները: Կամ ԱՄՆ-ը գործի կդնի այն գործիքը՝ գունավոր հեղափոխությունը, որը կիրառեց Վրաստանում եւ Ուկրաինայում (Հայաստանի դեպքում մի փոքր այլ կլինի), կամ կփորձի ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք կփորձեն 2007-2008թթ. պահել իշխանությունը: Մեր տեղեկություններով` ԱՄՆ-ը պլանավորում է Հայաստանում մի քանի օրում ընդդիմություն դարձած Արթուր Բաղդասարյանին դարձնել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածու՝ նրան միավորելով ընդդիմադիրներ Արամ Զ. Սարգսյանին եւ Ստեփան Դեմիրճյանին:
Ա. Բաղդասարյանն առաջնորդվում է հեղափոխությունների ամերիկյան տեխնոլոգիայով՝ կուսակցության մեջ ընդգրկելով ավելի շատ կանանց եւ երիտասարդների: ԱՄՆ-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի վրա փորձում է ճնշում գործադրել (պահն օգտագործելով)՝ կամ ԼՂՀ հարցի կարգավորման մեր տարբերակին հավանություն եք տալիս եւ մնում եք իշխանության, կամ Ա. Բաղդասարյանը կդառնա ընդդիմության լիդեր եւ մեր աջակցությամբ` հաջորդ նախագահ: Իսկ Ա. Բաղդասարյանը, որին որեւէ բան թելադրելու համար առանձնապես շատ բան պետք չէ, եւ որը Ղարաբաղի հարցին էլ առանձնապես չի տիրապետում եւ չի էլ գիտակցում Ղարաբաղի գինը, հետագայում կարող է իրենց համար ավելի կառավարելի լինել: