Թուրքիայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ թուրքերն իրականացրել են ցեղասպանություն, եւ դա քննարկման առարկա չէ: «Մեր ժողովրդի համար դա մի բան է, որը եղել է եւ պետք է ճանաչվի: Ցեղասպանության հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել է գիտնականների կողմից»,- ըստ «Դողան» գործակալության, ասել է Վեհափառ հայրապետը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Գարեգին 2-րդի այս խոսքերը կբարդացնեն նրա այցի ավարտը եւ կավելացնեն լարվածությունը, ինչը զգացվում է այցի հենց առաջին օրվանից: Անդրադառնալով Ստամբուլում կազմակերպված բողոքի ցույցերին՝ Գարեգին 2-րդն ասել է. «Նրանք չեն կոտրել իմ ոգին եւ ազդեցություն չեն ունեցել իմ այցելության վրա: Բայց եթե նման ցույցերը շարունակվեն, դա կապացուցի, որ դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի այս երկու հասարակությունները միասին ապրեն»: