Օսկանյանի պատասխանը Բրայզային

28/06/2006

ՀՀ իշխանությունները բավական ցավոտ են արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարություններին, որով նա առաջին անգամ հատվածաբար բացահայտել է ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները: ՀՀ ԱԳՆ երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, ըստ էության, բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունը չի վերաբերում հանրաքվեին, քանի որ այն նախագահների միջեւ համաձայնեցված է: «Տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը», եւ հետո ասվում է. «Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները, խոշոր հաշվով, լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ, Հայաստանը համարում է, որ Ադրբեջանի փոփոխամտությունն այս տարրերի նկատմամբ լուրջ խոչընդոտ է բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանն ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ»: