Համանախագահները որոշել են ժամանա՞կ տալ նախագահներին

28/06/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Տպավորությունն այնպիսին է, որ Արեւմուտքն այս հարցում արդեն բացահայտ ճնշում է գործադրում հայկական կողմի վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանին փոխարինած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Այդ հարցազրույցում Մ. Բրայզան տեղեկացրեց, թե ինչի շուրջ են բանակցում երկու երկրների ղեկավարները: Ըստ այդմ, բանակցությունների սեղանին դրված է այսպես կոչված «շրջանակային համաձայնագիր», որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերն «Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են»: Ըստ Բրայզայի, այդ համաձայնագիրը նախատեսում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: «Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում, այսինքն՝ սեղանի վրա կա փաթեթ»,- ասել է Մ. Բրայզան՝ հավելելով, թե վերջում ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ ԼՂ-ի ապագա կարգավիճակի հարցով: Ստացվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված է կոնկրետ համաձայնագիր, որը նրանք առայժմ հրաժարվում են ընդունել: Բրայզան չի ասել, թե հատկապես ո՞ր դրույթի շուրջ չեն համաձայնում նախագահները: Հիշեցնենք, որ Մ. Բրայզայի այս հայտարարությունից հետո Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե բուխարեստյան բանակցություններում հաջողություն չի արձանագրվել Ադրբեջանի մեղքով, ինչից կարելի է ենթադրել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման՝ վերը նշված տարբերակն ընդունելի է Հայաստանի համար: Հարկ է նշել, որ երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Regnum»-ին ասել է, թե ԼՂ հակամարտության բանակցություններում քննարկվող շրջանակային համաձայնության կետերը, որոնք հրապարակել է Մ. Բրայզան, հանդիսանում են ընդամենը համաձայնության փաթեթի տարրեր, բայց չեն արտահայտում փաթեթն ամբողջությամբ: «Եթե ապագայում ԶԼՄ-ներում ի հայտ գան նման անկեղծություններ, ապա հայկական կողմը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որոնք քննարկվում են վերջին 7-8 տարիների բանակցային գործընթացում»,- ասել է Վ. Սողոմոնյանը՝ նկատի ունենալով «ընդհանուր պետություն» տարբերակը, Քի Ուեսթի փաստաթուղթը եւ Բուխարեստում վերջերս ներկայացված փաստաթուղթը: «Ի դեպ, բոլոր երեք նախագծերն էլ մերժել է Ադրբեջանը»,- հավելել է Վ. Սողոմոնյանը: Ինչեւէ, վերոնշյալ հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը ԼՂ հարցին նայում է իր էներգետիկ հետաքրքրությունների համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահն ասել է, թե ԱՄՆ-ը Կովկասում ունի ռազմավարական հետաքրքրությունների երեք խումբ, եւ դրանք բոլորն էլ վերաբերում են տարածաշրջանի բոլոր երեք երկրներին: «Այո, մենք ունենք էներգետիկ հետաքրքրություններ, եւ մենք չենք նեղվում ասել, որ էներգետիկան ռազմավարական հետաքրքրություն է»,- ասել է Մ. Բրայզան: Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ ԱՄՆ-ը ունի նաեւ զուտ անվտանգության հետաքրքրություններ, ինչն, ըստ նրա, նշանակում է ռազմական կոնֆլիկտներից խուսափում եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության վերականգնում, իսկ որոշ դեպքերում էլ՝ պահպանում: «Այն, ինչ ես իրականում նկատի ունեմ, կոնֆլիկտների լուծումն է, Վրաստանի դեպքում՝ Վրաստանի միջազգային սահմաններում, Ղարաբաղի դեպքում՝ մեր պաշտոնական գիծն այն է, որ մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- մանրամասնել է նա: Իսկ տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունների երրորդ խումբն էլ, Բրայզայի խոսքերով՝ յուրաքանչյուր երկրի ներքին բարեփոխումներն են՝ ժողովրդավարական եւ շուկայական տնտեսական բարեփոխումներ: «ԱՄՆ նախագահը՝ հիմնված մեր համոզմունքի վրա, պարզ ասել է, որ կայունությունը գալիս է միայն լեգիտիմությունից: Եվ լեգիտիմությունը պահանջում է ժողովրդավարություն քաղաքական կողմից եւ նպաստավոր հանգամանքներ՝ տնտեսական կողմից: Եվ դուք երկուսն էլ՝ ժողովրդավարությունը եւ նպաստավոր պայմանները, ստանում եք մի շարք բարեփոխումների միջոցով: Հետեւաբար, ցանկացած ժամանակ մենք բոլոր երեք հետաքրքրություններին հետամուտ ենք լինելու,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով,- Հայաստանում էներգիայի կարեւորությունն ակնհայտորեն նույնը չէ, ինչ Ադրբեջանում: Ադրբեջանն արտադրող է»: Բրայզայի խոսքերով՝ իրենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաջալերում են ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչն, ըստ նրա, քաղաքական քաջություն է պահանջում: Իսկ նկատվո՞ւմ էր արդյոք որոշ մեղմություն նախագահների բուխարեստյան հանդիպման ընթացքում՝ Ռամբույեի համեմատությամբ, եւ կա՞ն նշաններ, որ նրանք ավելի պատրաստակամ են հիմա բանակցել այս «շրջանակային համաձայնագրի» շուրջ: Այս հարցին էլ Մ. Բրայզան պատասխանել է այսպես. «Բուխարեստում կողմերը խոսում էին միմյանց հետ ողջ հանդիպման ընթացքում: Նրանք բոլոր հարցերի վրայով մանրամասն անցան, եւ որեւէ բացասական մեկնաբանություն չեն հրապարակել դրանից հետո»: Համանախագահները հույս ունեն, որ սա քաղաքական կամքի արտացոլում է նախագահների մոտ եւ, որ նախագահները լրջորեն կզբաղվեն դժվարին փոխզիջումների գնալու հարցով: «Ես վստահ չեմ, բայց մենք խոսեցինք ամռան ընթացքում մի փոքր ընդմիջում տալու մասին՝ իմանալու համար, թե իսկապես նախագահներն այդպիսի քաղաքական կամք ունե՞ն»,- հավելել է ամերիկացի համանախագահը: Իսկ արդյոք համանախագահները կրկին պատրաստվո՞ւմ են հանդիպում կազմակերպել նախագահների միջեւ: «Համանախագահները որոշել են ժամանակ տալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանք ցույց տան, թե արդյոք պատրա՞ստ են հաջորդ դժվարին քայլերը ձեռնարկել: Համանախագահներն արել են այն, ինչ հնարավոր էր անել»,- պատասխանել է Մ. Բրայզան: Ըստ նրա, եթե կողմերը կարողանան կատարել այն, ինչ նախանշված է «շրջանակային համաձայնագրով», ապա դրան բնականորեն կհաջորդի նաեւ հարաբերությունների լիակատար նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Այլ կերպ ասած՝ մեր ողջ դիվանագիտական ջանքերը Ղարաբաղի հարցում նպատակաուղղված են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը»,- նշել է Մ. Բրայզան:

Ի դեպ, հայկական կողմի վրա ճնշման փորձ կարելի է համարել նաեւ այն, որ համանախագահ Բրայզան այդ հարցազրույցի ժամանակ խոսել է Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների մասին, ինչպիսին նա հույս ունի տեսնել Հայաստանում, միաժամանակ հիշեցրել է Հայաստանում սահմանադրական հանրաքվեի «խնդիրների» մասին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոն, գալիք ամսվա սկզբին Վաշինգտոնում կլինի նաեւ Վրաստանի նախագահը, ծրագրվո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահին հրավիրել Վաշինգտոն: Այս հարցին պատասխանելիս Մ. Բրայզան ասել է, թե պատճառ չկա, որ նախագահ Քոչարյանը Վաշինգտոն չգնա: Միաժամանակ Բրայզան նշել է. «Ես հուսով եմ, որ կարող ենք տեսնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նույնպիսի դրական քայլերի շարք, ինչպիսին մենք հույս ունենք, որ սկսում ենք տեսնել Ադրբեջանում: Գուցե մենք սխալ ենք Ադրբեջանի վերաբերյալ: Գուցե մեր հույսերը չափազանցված են: Բայց իրերը դրական ուղղությամբ են ընթանում այնտեղ, եւ մենք հուսով ենք, որ նման բան կտեսնենք նաեւ Հայաստանում: Մենք Հայաստանի նկատմամբ մեր աջակցության մասին լուրջ ազդանշան տվել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով: Սա մեր կողմից որեւէ երկրի հետ գործընկերություն հաստատելու ցանկություն արտահայտելու բարձրագույն ձեւերից մեկն է: Երբ մենք այս տարի սկսեցինք այդ ծրագիրը, նամակ հրապարակեցինք՝ ասելով, թե մենք իսկապես խնդիր ունենք այն հարցում, թե ինչպես է անցկացվել սահմանադրական հանրաքվեն նոյեմբեր ամսին: Եվ մենք ակնկալում ենք տեսնել դրական փոփոխություններ. դա առանցքային նշանակություն ունի մեր հարաբերություններում հաջորդ քայլի համար»:

Հ. Գ. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա հայտարարում էին, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, որն արդեն իրականացրել է: Իսկ այժմ նրանք հանկարծ հայերին պետք է հայտարարեն, որ այդ նույն «ինքնորոշման» կողմնակիցները եւ «ԼՂՀ բանակը» պետք է ազատ թողնվեն: Դժվար չէ ենթադրել, թե դրան ինչպես կարձագանքեն ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում բնակվող հայերը: Իսկ առանց «ԼՂՀ բանակի» ազատման հնարավոր չի լինի»,- գրում է «Զերկալո» թերթը: Նույն աղբյուրը նշում է, որ թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այս մասին ոչինչ չի ասել, այնուամենայնիվ, հակամարտության կարգավորման սկզբունքները ենթադրում են, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց մշտական բնակության վայր: Չէ՞ որ Ղարաբաղի կարգավիճակի համար պլանավորվող հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ադրբեջանցիները: «Այժմ պատկերացրեք Շուշի վերադարձող ադրբեջանցի փախստականներին, ղարաբաղյան զինվորականներին եւ «երկնագույն սաղավարտներին»: Այս դեպքում զինվորականներն այն վառոդի տակառն են, որի պայթյունը կարգավորման ողջ գործընթացը կերկարաձգի եւս 10 տարով»,- գրում է թերթը: