ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նախորդ շաբաթ գաղտնազերծեց ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվող հիմնական դրույթները: Եվ սա` այն դեպքում, երբ բանակցող կողմերը մշտապես գաղտնի էին պահում հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությունը:
Պետք է նկատենք, որ Բրայզայի հայտարարությունների մեջ նոր բան չկար: Չնայած բանակցությունների գաղտնի լինելուն, քննարկման ներկայացված այս տարբերակի վերաբերյալ որոշակի ինֆորմացիոն արտահոսք նախկինում մի քանի անգամ արդեն եղել էր: Բացի այդ, մի շարք արեւմտյան հեղինակավոր վերլուծական կազմակերպություններ խոսել էին այն նույն սկզբունքների մասին, ինչը որ ներկայացրել էր Բրայզան:
Այսօր ակնհայտ է, որ գաղտնազերծումները Մեթյու Բրայզան իրականացրել է ոչ թե ինքնագլուխ, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաձայնությունը ստանալուց հետո: Իսկ դա նշանակում է` արեւմուտքը, որ վերջին շրջանում ամբողջովին իր ձեռքն է վերցրել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի նախաձեռնությունը, անպայմանորեն ցանկանում է այս տարվա մեջ այն հասցնել իր տրամաբանական ավարտին:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը դրական է գնահատում Մեթյու Բրայզայի գաղտնազերծումները, քանի որ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված գաղտնիության մթնոլորտը, նրա կարծիքով, էապես խոչընդոտել է խնդրի կարգավորմանը: «Շատ լավ է, որ եռանախագահողները հասկացան, որ բանակցությունները հասարակությունից գաղտնի չպետք է տեղի ունենան: Եվ գաղտնիությունը տվյալ պարագայում խնդիրը լուծելու եւ հասարակական քննարկման ներկայացնելու համար խանգարող հանգամանք է դարձել: Ուստի միանշանակ դրական եմ գնահատում, որ Մեթյու Բրայզան բանակցային հիմնահարցերն առանց մանրամասնությունների հանեց հրապարակ՝ այդկերպ այն հասարակական քննարկման դնելով»,- գտնում է Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ ամենից բացի, ըստ «Հանրապետության» նախագահի, Բրայզան նախագահների համար ժամկետներ է ֆիքսել՝ այդկերպ ցույց տալով, որ ԱՄՆ-ը հաստատակամ է մինչեւ 2006թ. ԼՂՀ հիմնախնդիրը լուծելու իր մտադրության մեջ: «Պետք է մինչեւ ամառվա վերջ, աշնան սկիզբ տեղի ունենա նախագահների հանդիպումը: Եվ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ողջ պատասխանատվությունը դրվում է կոնկրետ երկու երկրների նախագահների վրա: Սա նման էր պարտադրանքի, երբ նախագահները պարտավոր են կոնկրետ իրենց պատասխանները տալ՝ այո-ի կամ ոչ-ի միջոցով»,- համոզված է պարոն Սարգսյանը: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի խոսքերով, Բրայզայի բացահայտումները խոսում են այն մասին, որ համանախագահող երկրները, բացի ՌԴ-ից, շահագրգռված են խնդրի արագ կարգավորմամբ: «Համոզված եմ, որ ամեն ինչ հասունացել է հարցն ավարտին հասցնելու համար, հակառակ պարագայում զարգացումները կանխատեսելի չեն լինի: Եվ չեմ կարծում, որ ժամանակը եւս մեկ անգամ երկարաձգելու դեպքում ՀՀ-ն կօգտվի դրանից»,- հարցի լուծման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում Արարատ Զուրաբյանը: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Մեթյու Բրայզայի այս հայտարարությունները որակում է որպես ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անուղղակի ճնշում: «Հիմնական սկզբունքները ներկայացնելով՝ կողմերին հասկացնում են, որ պետք է կատարվի ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ դրանից ելնելով ես չեմ բացառում, որ 2006թ. ընթացքում ինչ-որ սկզբունքների շուրջ փաստաթուղթ ստորագրեն»,- պնդում է Վ. Դալլաքյանը: Մեթյու Բրայզայի հայտարարությունները նա դիտում է նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների ենթատեքստում: «Սա պայմանավորված է նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Ամերիկա-Իրանական հարաբերությունների վերջին զարգացումներով: ԼՂՀ հիմնախնդրի լուծմամբ ԱՄՆ-ը շատ շահագրգիռ է, որպեսզի խաղաղապահներ տեղակայի Իրանի սահմանին: Եվ ըստ էության, ԼՂՀ հիմնախնդրի լուծումը նրանք այդ հարթության վրա են տեսնում»,- համոզված է նա: Այս ամենից բացի, ըստ Վ. Դալլաքյանի, ԱՄՆ-ը փորձելու է մինչեւ հուլիսի 15-ը՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի հանդիպումը, ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնությունների գալ:
«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էլ ասում է, որ իրենք բազմիցս հայտարարել են Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ ԼՂՀ խնդրում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Եվ այսօր, երբ Մինսկի խմբի համանախագահը հայտարարում է սկզբունքների մասին, դա նշանակում է, որ «հիմա երկու երկրների ժողովուրդներին լսեցնել են տալիս այդ պայմանավորվածությունների մասին եւ շոշափում հասարակական տրամադրությունները»: Իշխանական թեւից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար Բրայզայի հայտարարությունների մեջ ոչ մի նոր բան չկա ասված: Պարոն Սահակյանը շատ է կարեւորում նախ եւ առաջ ԼՂՀ կարգավիճակը ֆիքսելը: «Եվ միայն դրանից հետո նոր կարելի է բանակցել կոնկրետ դետալների շուրջ: Պետք է կարգավիճակը ֆիքսվի, ապա նոր բաց քննարկումների եւ փոխզիջումների միջոցով հարցը լուծվի»,- գտնում է իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով, արեւմուտքը ԼՂՀ հարցում ակտիվացել է, քանի որ կողմերն իրենք են պասիվ: «Այս ակտիվությունը ԱՄՆ-ի դիրքորոշումն է, եւ ամեն ինչ կախված է նրանից, որ հայկական կողմը որեւէ հարցադրում, նախաձեռնող քայլ չի կատարում: Մեր կողմից հարցերը չեն դրվել այնպես, ինչպես ընկալում ենք, դրա համար էլ ճնշումներ են կիրառվում»,- ասում է նա:
Նկատենք, որ Մեթյու Բրայզայի բացահայտումներից հետո տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ հարցը փաթեթային տարբերակով լուծելու եկած իշխանությունները նորից վերադառնում են փուլային լուծման: Եվ այսօր համաձայն են ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած նույն փուլային տարբերակին, միայն թե 1998թ. իշխանափոխությանը հաջորդած տարիները ավելի են բարդացրել խնդրի լուծումը՝ այս անգամ ստիպելով ընտրություն կատարել ոչ թե` «վատի եւ վատթարի», այլ արդեն` «խաղաղության եւ պատերազմի միջեւ»:
Իհարկե, Գալուստ Սահակյանը համաձայն չէ այս դիտարկման հետ: «Երբեք նույն տարբերակին չենք վերադառնում: Լուծումները փուլային չեն կարող լինել, այլ փաթեթային պետք է լինեն: ՀՀՇ-ի համար էլ ընդունելի չէր այն ժամանակ ներկայացված տարբերակը, ուղղակի նրանք ստիպված ասում էին՝ այսպես անենք, հետո դիվանագիտական ճանապարհով կկարգավորենք»,- մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Մինչդեռ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պնդում է, որ Առաջին նախագահի առաջարկած տարբերակն այլընտրանք չունի: Եվ այդ հանգամանքն ապացուցվել է այս տարիների ընթացքում: «1998թ. սկզբունքների համեմատ փոփոխություններ չկան, ուղղակի այն ժամանակ, ինչքան հիշում եմ, ետ վերադարձվող տարածքների մեջ չէին մտնում Լաչինն ու Քելբաջարը: Իսկ հիմա Լաչինը խոսակցության առարկա է դարձել, իսկ Քելբաջարը մնացած 5 տարածքների հետ միասին ուզում են: Եթե այն ժամանակ ԼՂՀ հիմնախնդիրը լուծվեր, մենք ետ չէինք մնա մի շարք տնտեսական ծրագրերից: Մինչդեռ հիմա եւ տնտեսական ծրագրերից ենք դուրս մնացել, եւ պահանջում են վերադարձնել բոլոր 7 շրջաններն էլ»,- ասում է Ալեքսան Կարապետյանը: Իսկ Վիկտոր Դալլաքյանն էլ իշխանություններին երեսով է տալիս. «Իշխանությունները 1998-ին հեղաշրջում արեցին՝ ԼՂ-ն խնդիրը լուծելու եւ ՀՀ տարածքը
8 հազար քառակուսի կիլոմետրով ավելացնելու լոզունգներով: Բայց այսօր նրանց սկզբունքները փոխվել են, եւ փաթեթային լուծումը դառնում է փուլային լուծում: Իսկ տվյալ պարագայում, երբ երկրի իշխանությունները լեգիտիմ չեն, նրանց կարող է պարտադրվել ցանկացած լուծում»,- գտնում է Վ. Դալլաքյանը: