Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում թերթի խմբագրություն են մուտք գործել մի քանի հոգի եւ Արմանին, առանց որեւէ ծանուցագիր ցույց տալու, տարել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Սկզբում ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում էին, որ այդ «հրավերքը» կապ չունի նրա մասնագիտական լրագրողական գործունեության հետ: Միայն ժամը 17:00-ի սահմաններում պարզ դարձավ, որ «Արման Բաբաջանյանի կողմից փաստաթղթերի կեղծման եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու» փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում էլ նրան հրավիրել են հարցաքննության: «Ռազմական ոստիկանության ստացված նյութերի հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում հունիսի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ քաղաքացի Արման Շամիրի Բաբաջանյանի կողմից 2002թ. նոյեմբերին փաստաթղթերը կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինծառայության զորակոչից խուսափելու փաստի առիթով»,- նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Եվ այդ քրեական գործի շրջանակներում էլ ձերբակալել են Ա. Բաբաջանյանին: Դատախազության հաղորդագրության համաձայն` «Ա. Բաբաջանյանը հարցաքննվել է որպես կասկածյալ եւ պաշտպանի մասնակցությամբ հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք՝ հաստատելով, որ կատարել է փաստաթղթերի կեղծիք՝ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար: Հունիսի 26-ին Ա. Բաբաջանյանը ձերբակալվել է»: Բայց թե կոնկրետ ինչ փաստաթղթեր է կեղծել, իրավապահները չեն հայտնում: Ի դեպ, անհայտ է, թե ով է Ա. Բաբաջանյանի այդ փաստաբանը, որի ներկայությամբ, իբր, վերջինս խոստովանել է իր արարքը: Ոչ մեզ, ոչ էլ «ԺԵ» աշխատակիցներին երեկ ոչ մի կերպ չհաջողվեց իմանալ, թե ով է այդ փաստաբանը: Իսկ «Ժամանակ-Երեւան»-ի խմբագրությունում համոզված են, որ այդ ամենը հետապնդում է ընդդիմադիր թերթի աշխատակցի նկատմամբ: «Անկախ պատճառաբանություններից հետապնդում է իրականացվում ազատ խոսքի նկատմամբ: «ԺԵ» օրաթերթի համարձակ եւ անաչառ հրապարակումները հավանաբար որոշ անձանց եւ շրջանակների դուր չեն եկել: Սա ուղղակի ահաբեկելու դեմարշ է` ուղղված Արման Բաբաջանյանի եւ ողջ խմբարգության դեմ: Արմանի դեմ գործի է դրվում իրավապահ մարմինների մամլիչ մեքենան»,- համոզված է թերթի տնօրեն Մանուկ Սուքիասյանը: Նրա կարծիքով, անհեթեթ եւ ծիծաղելի է զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքը, քանի որ 2002 թվականից առ այսօր Ա. Բաբաջանյանը մի քանի անգամ այցելել է ԱՄՆ, բայց սահման հատելիս զինվորական ծառայությանն առնչվող ոչ մի խնդիր չի ծագել: Իսկ թերթի փոխխմբագիր Լիզա Ճաղարյանն էլ հիշեցնում է, որ նախընտրական շրջանում փակվեց նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը: «Նույն նախընտրական շրջանն է, Ղարաբաղի հարցը` ահավոր լարված վիճակում, եւ ամեն ինչ պետք է անեն, որ մեկի միջոցով ահաբեկեն ազատ խոսքը»,- համոզված պնդում է Լ. Ճաղարյանն ու ավելացնում, որ Ա. Բաբաջանյանին հետապնդելու առիթ կարող էր դառնալ թերթի ցանկացած հրապարակում:
Ի դեպ, Ա. Բաբաջանյանի՝ Դատախազություն տանելուց մի քանի ժամ անց դատախազություն է տարվել նաեւ նրա եղբայրը` Արտակ Բաբաջանյանը: Նրա մասին տեղեկություններ խմբագրությունը չուներ, թեեւ դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հերքեց այդ լուրը: Արդեն ստեղծվել է
Ա. Բաբաջանյանի պաշտպանության կոմիտե՝ քաղաքական, հասարակական, իրավապաշտպան մի շարք հայտնի գործիչների մասնակցությամբ: Դեպքի մասին արդեն տեղյակ են պահվել նաեւ մի շարք արտասահմանյան կազմակերպություններ:
Նկատենք, որ Ա. Բաբաջանյանը երկար ժամանակ թերթ էր հրատարակում ԱՄՆ-ում եւ բոլորին հայտնի էր նրա տեղը: Բացի այդ, վերջինս բազմաթիվ անգամներ եկել է ՀՀ: Եվ զարմանալի է, որ այսօր նոր հիշել են նրա կեղծած փաստաթղթերի մասին: