Եվրոյին արհամարհում ենք

28/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դոլարի փոխարժեքի թեմային առնչվող վերջին հրապարակումներից հետո արձագանքներ եղան, որտեղ մեր ընթերցողներն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում իջնում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, այլեւ եվրոյի։ Կարծիքներ եղան, որ ԿԲ-ին քննադատել պետք չէ, քանի որ դրամով արտահայտված փոխարժեքը «քիչ թե շատ արտահայտում է դոլար-եվրո» փոխարժեքի հարաբերակցությունը։

Իրոք, եվրոյի փոխարժեքն իջել է, սակայն հասարակության ուշադրության կենտրոնում միայն դոլարն է։ Դա ունի իր բացատրությունները, սակայն ամեն ինչի մասին հերթով։

Նշենք, որ մենք նախատեսել ենք առանձին ուսումնասիրության ենթարկել մեր երկրում գործող փոխարժեքի դինամիկան վերջին տարիների ընթացքում՝ հաշվի առնելով բոլոր գործոնները՝ միջազգային փոխարժեքներ, տնտեսական աճ, արտաքին առեւտուր եւ այլն։ Սակայն այս անգամ կբավարարվենք վերջին 2 ամսվա տվյալների ոչ այնքան խորը վերլուծությամբ։

Ըստ ԿԲ պաշտոնական տվյալների, մայիսի 9-ի դրությամբ 1 դոլարն արժեր 446.91 դրամ, 1 եվրոն՝ 567.07 դրամ։ Հիմք վերցնենք այդ օրվա տվյալները, քանի որ հենց այդ ժամանակվանից էլ սկսել է արտարժույթի արժեզրկումը։ Նկար 1-ում ներկայացված են դոլարի եւ եվրոյի գների տատանումները (դրամով արտահայտված)՝ մայիսի 9-ի փոխարժեքի համեմատ։ Նկարից երեւում է, որ եվրոն եւ դոլարն աննշան շեղումներով կայուն կերպով արժեզրկվել են։ Ընդ որում, եվրոյի արժեզրկումը եղել է ավելի ակնհայտ, այն գերազանցել է 40 դրամի սահմանագիծը, մինչդեռ դոլարի արժեզրկումը, ըստ ԿԲ տվյալների, չի գերազանցել 30 դրամը (նկար 1)։

Ըստ էության, լրագրողների (եւ ոչ միայն լրագրողների) հարցադրումն ի սկզբանե փոքր-ինչ սխալ էր։ Ոչ թե պետք է հարցնել «Ինչո՞ւ է դոլարն արժեզրկվում», այլ «Ինչո՞ւ են արժեզրկվում դոլարը եւ եվրոն»։ Հարցի այսպիսի ձեւակերպումը, ինչպես արդեն նշել ենք նախկինում, բացատրվում է նրանով, որ Հայաստանի տնտեսությունն ահռելի չափով դոլարիզացված է, եւ մարդկանց առաջին հերթին հուզում է այն արժույթը, որով նրանք եկամուտներ են ստանում կամ խնայողություններ ունեն։ Ինչեւէ, ստացվեց այնպես, որ եվրոն դուրս մնաց ուշադրությունից։ Սակայն եթե հարց տվողների տեսակետից դա բացատրելի է, ապա ինչ-որ բան անհասկանալի է մնում «պատասխանող կողմի»՝ ԿԲ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը պաշտպանող որոշ պաշտոնյաների վարքագիծը։ Նրանք, կարծես, ընդունեցին խաղի կանոնները եւ սկսեցին հարցերին պատասխանել միայն դոլարի մասով։

Հիմա հիշենք՝ ինչ հիմնավորումներ էին ներկայացնում դոլարի արժեզրկման հետ կապված. արտահանման աշխուժացում, տրանսֆերտների աճ եւ դոլարի փոխարժեքի անկում համաշխարհային շուկայում։ Արտահանման աշխուժացման հետ կապված հիմնավորումն ընդունվեց որպես կատակ, քանի որ իրականում տեղի է ունեցել հակառակ պրոցեսը` ներմուծման աճը գերազանցում է արտահանումը եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ։

Հիմա գանք տրանսֆերտներին. նշվում էր, որ տրանսֆերտներն աճել են մոտ 30%-ով եւ, քանի որ դրանց մեծ մասը դոլարով է, ապա դա հանգեցրել է դոլարի ծավալների մեծացմանն ու այս արժույթի արժեզրկմանը։ Հիմա նայեք նկար 2-ին։

Վերեւի երկու կորերը ցույց են տալիս թե 2006թ. մայիսի 9-ի փոխարժեքի համեմատ դոլարը եւ եվրոն քանի տոկոսով են արժեզրկվել դրամի նկատմամբ։ Նկարից երեւում է, որ դոլարը եւ եվրոն արժեզրկվել են գրեթե նույն տեմպերով։ Ավելին, հունիսի երկրորդ կեսին եվրոյի արժեզրկումն ավելի ակնառու է եղել, քան դոլարինը։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե դոլարի արժեզրկումը բացատրվում էր տրանսֆերտների դոլարային բնույթով, այդ դեպքում ինչո՞վ բացատրել եվրոյի արժեզրկումը։

Նույն նկարում ներկայացված են նաեւ եվրո-դոլար միջազգային փոխարժեքի տատանումները վերջին 2 ամիսների ընթացքում։ Մայիսի 9-ին միջազգային շուկաներում 1 դոլարն արժեր 0.784 եվրո (կամ 1 եվրոն արժեր 1.275 դոլար)։

Եթե հիշում եք, դոլարի արժեզրկումը բացատրում էին նաեւ այն հանգամանքով, որ դոլարն արժեզրկվում է նաեւ եվրոյի նկատմամբ։ Նկարից երեւում է, որ դրամի «գահավիժման» օրերին դոլարի արժեզրկումը եվրոյի նկատմամբ չի գերազանցել 2%-ը։ Իսկ վերջին օրերին նկատվում է հակառակ պրոցեսը՝ դոլարը եվրոյի նկատմամբ արժեւորվել է։ Երեկվա դրությամբ 1 եվրոյի միջազգային փոխարժեքը կազմում էր 1.256 դոլար։ Մի խոսքով, դոլար-եվրո միջազգային փոխարժեքի տատանումները դրամ-դոլար կամ դրամ-եվրո փոխարժեքի վրա էական ազդեցություն չունեն։

Տրանսֆերտային բացատրությունները եվրոյի նկատմամբ կիրառելը դժվար է։ Դրսում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները շարունակում են Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին դոլար ուղարկել։

Իսկ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ եվրոն դոլարին հավասար արժեզրկվում է։ Ավելի լավ է փորձենք պատասխանել այս հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվեր, իսկ եվրոն` ոչ։ Հայաստանի եւ միջազգային փոխարժեքի տարբերության վրա հնարավոր կդառնար շատ փող աշխատել։ Այստեղից կգնեին էժան դոլար, դրսում կվաճառեին եվրոյով։ Հետո այդ եվրոն կմտցնեին Հայաստան, նորից դոլար կգնեին եւ կկրկնեին նույն գործընթացը։ Ընդ որում, դա կլիներ օրենքի շրջանակներում։ Իրական շուկայական պայմաններում, սակայն, դա երկար չէր կարող տեւել։ Քանի որ դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացումը կհանգեցներ դրա վերստին արժեւորմանը, մինչեւ այն աստիճանին, երբ հայաստանյան եւ միջազգային փոխարժեքները կհավասարվեն։ Մեզ մոտ այդպիսի բան տեղի չունեցավ, փոխարենն իջավ եվրոյի գինը՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Չենք հարցնում՝ ինչո՞ւ, ո՞ւմ օգնությամբ, որովհետեւ դա կդառնա պարզապես «տուն-տունիկ»։ Նշենք միայն, որ քանի որ եվրոյի արժեզրկումը վերը նշված պատճառներով հնարավոր չէր բացատրել, ապա վերջին շրջանում հրապարակ իջավ մի նոր՝ ընդհանուր բնույթի բացատրություն՝ տնտեսությունն աճում է, այդ պատճառով էլ ազգային դրամն արժեւորվում է։ Իսկ «դրամի արժեւորում» նշանակում է` մյուս արժույթների՝ եվրոյի, դոլարի, ռուբլու արժեզրկում։

Վերջում անդրադառնանք եւս մեկ հարցի։ Հնչում են նաեւ այսպիսի կարծիքներ. «Եթե ինչ-որ մեկը դրամ-եվրո փոխարժեքի նկատմամբ բողոք չունի, ապա չպետք է բողոքի նաեւ դրամ-դոլար փոխարժեքից…»։

Ամենեւին չենք վիճում։ Սակայն մարդկանց մեծ մասը չի ուսումնասիրում միջազգային բորսաներում փոխարժեքների տվյալները, այլ պարզապես անմիջապես իր կաշվի վրա զգում է փոխարժեքի տատանման բացասական հետեւանքները։ Իսկ այդ ազդեցությունը զգացվում է հատկապես դոլարի արժեզրկման դեպքում։ Իսկ այն, որ անգամ լրագրողների, տնտեսագետների եւ պատգամավորների դժգոհությունն արտահայտվում է դոլարի նկատմամբ, այն պատճառով է, որ ոչ միայն մեր տնտեսությունն է դոլարիզացված, այլեւ մտածելակերպը։

Ինչպես ասվում է սիրված ֆիլմերից մեկում՝ «Որ ասում եմ` ես՝ Արուսն էլ հետս է»։ Նույն կերպ էլ, երբ մենք խոսում ենք դոլարի մասին, ապա խոսքը վերաբերում է նաեւ եվրոյին։ Երկուսի չհիմնավորված կամ հիմնավորված արժեզրկումն էլ խփում է թե՛ սպառողների գրպանին, թե՛ տեղական արտադրությանը։ Սակայն ապագայում այս մասին խոսելիս խոստանում ենք եվրոյին պատվավոր տեղ հատկացնել։