Գյուղացու անունը շահարկում են

28/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Աշնանը հայ խորհրդարանականները կշարունակեն քննարկել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» բառացիորեն չարչրկված օրինագիծը: Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած նախագիծն ԱԺ-ն առաջին անգամ չընդունեց, իսկ երկրորդ ընթերցմամբ «դակեց», ինչպես որակեցին որոշ ընդդիմադիր պատգամավորներ:

Օրինագիծն ի սկզբանե նախատեսում էր հայտարարագրել ֆիզիկական անձանց այն եկամուտները, որոնք գերազանցում էին տարեկան 6 մլն դրամը: Այժմ այդ շեմը բարձրացվել է 8 մլն դրամ (2007թ. համար): Ըստ որոշ խորհրդարանականների (ՕԵԿ խմբակցության գլխավորությամբ), օրինագիծը մեծ վնաս կհասցնի գյուղացու եկամուտներին: Մեզ հետ զրույցում Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն իր զարմանքն արտահայտեց «բոլոր օրինագծերի քննարկման ժամանակ գյուղացու անունը տեղին-անտեղին շահարկող» պատգամավորների հանդեպ: Նրա հավաստմամբ, գյուղացին միշտ էլ ավելի բարեխիղճ է եղել հողի հարկը, ջրի վարձը, մյուս բոլոր պարտադիր վճարները մուծելիս եւ միշտ էլ ավելի պետականամետ մոտեցում է ցուցաբերել, քան մյուս խավերը: «Ո՞ր գյուղացին է տարեկան 8 մլն դրամից ավելի եկամուտ ստանում, իսկ ով ստանում է, նա պատրաստ է հայտարարագրել այն: Վիճակագրական բոլոր աղյուսակները ցույց են տալիս, որ այդպիսի գյուղացիները ՀՀ-ում քիչ են: Այո, եթե կան գյուղացիական տնտեսություններ, որոնք եկամտաբեր արտադրությամբ են զբաղվում՝ ձկնաբուծություն, պանրի, ձվի արտադրություն եւ այլն, նրանք նույնպես պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասում է Ա. Ալավերդյանը: Նա խորհուրդ է տալիս հաշվել, թե տարեկան քանի լիտր կաթ կամ այլ գյուղմթերք պետք է գյուղացին արտադրի եւ իրացնի, որ անցնի հայտարարագրման դաշտ: ՀՊԾ պետի տեղակալի խոսքերով, եկամուտների հայտարարագրումը սկզբնական տարիներին կվերաբերի միայն միջինից բարձր ունեւոր խավին:

Ինչո՞ւ սկզբնական տարիներին, քանզի օրինագծով նախատեսվում է հայտարարագրման շեմը մինչեւ 2014թ.-ը 8 մլն դրամից իջեցնել մինչեւ 1 մլն դրամ: Ա. Ալավերդյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ իրավունքի տեսանկյունից բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց եկամուտների մեծությունից, պարտավոր են դրանք հայտարարագրել: «Մենք ուզում ենք, որ այդ անցումը սահուն լինի եւ ոչ թե հիվանդագին: 7 տարին բավարար կլինի, որպեսզի Հայաստանում ներդնենք հայտարարագրման համակարգը: Հուսով ենք նաեւ, որ 2014թ. բնակչությունը բարձր եկամուտներ կստանա եւ պատրաստ կլինի դրանք հայտարարագրել»,- ասում է ՀՊԾ պետի տեղակալը: Ի դեպ, նա փաստում է, որ շատ երկրներում հայտարարագրման շեմ ընդհանրապես գոյություն չունի:

Նախնական 6 մլն դրամը 8 մլն դարձնելն Ա. Ալավերդյանը բացատրում է «տեխնիկական» գործոնով: «Նախապատրաստական աշխատանքների համար պետք է, որ սկզբնական շրջանում ավելի քիչ մարդիկ ներգրավվեն հայտարարագրման դաշտ: 6 մլն դրամին կանցնենք 2010թ., իսկ մինչ այդ ավելի շատ ժամանակ կլինի նախապատրաստվելու, հայտարարագրման մեխանիզմների ներդրման, տեղեկությունների համակարգչային բազայի ստեղծման, վերահսկողության խնդիրների լուծման համար»,- վստահեցնում է կառավարության ներկայացուցիչը: Նրա խոսքերով, օրենքի կիրառումը նախատեսում է նախապատրաստման իրազեկման փուլ: Այժմ ՀՊԾ-ն համագործակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ պոտենցիալ հայտարարագրողների շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ տանելու ուղղությամբ: Բնակիչներին կբաժանվեն բուկլետներ, թռուցիկներ, լրատվամիջոցներով կներկայացվեն հայտարարագրերի ընդունման կարգը, մեխանիզմները եւ այլն:

Ինչ վերաբերում է արտարժութային եկամուտների հայտարարագրմանն, ապա, ըստ Ա. Ալավերդյանի, դրանք դրամի են վերածվելու Կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին հաշվարկային փոխարժեքով, ինչը «խնդիրներ չի կարող առաջացնել»: ՀՊԾ պետի տեղակալը խնդրահարույց չի համարում նաեւ գույքի իրացման գործընթացը, քանզի իրավասու պետական մարմիններում առք ու վաճառքը գրանցելուց հետո հայտարարագրողը պարտավոր է գործարքի արժեքը ցույց տալ հարկային մարմիններին: Այնուամենայնիվ, Ա. Ալավերդյանը չի բացառում այնպիսի դեպքերը, երբ գնորդն ու վաճառողը փոխհամաձայնության գան եւ գործարքը ներկայացնեն պակաս արժեքով: «Բոլոր դեպքերում հայտարարատուն ինքը պետք է որոշի՝ որքան եկամուտ ցույց տալ, եւ հիմնավորի, թե որտեղից այդ եկամուտները: Դա պետք է համապատասխանի վաճառված գույքի՝ գրանցման համապատասխան փաստաթղթերում տեղ գտած արժեքի հետ»,- ասում է ՀՊԾ պաշտոնյան:

Այժմ պատկերացնենք մի իրավիճակ: Ենթադրենք, ԱԺ նախագահը հրաժարական է տալիս: Ինչպե՞ս է ընթանալու նրա եկամուտների հայտարարագրման գործընթացը: Օրենքը նախատեսում է, որ նա պետք է շարունակի հայտարարագրելը: Ա. Ալավերդյանի խոսքերով, եթե պետական պաշտոնյան, ով մինչ աշխատանքից ազատվելը հայտարարագրել է իր եկամուտները, շարունակելու է պաշտոնանկությունից հետո եւս 5 տարի դա անել՝ անկախ այն բանից՝ իր տարեկան եկամուտները գերազանցո՞ւմ են հայտարարագրման շեմը, թե՞ ոչ:

Ինչեւէ, մնում է սպասել, թե կհամաձայնե՞ն արդյոք շատ պատգամավորներ իրենց եկամուտները կիսել պետության հետ: