Ո՞ւմ համար է «ցավում» Միշան

28/06/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Իմ 14-ամյա որդին` Միշան, համակարգչի մոնիտորի վրա կարդալով ապագա տեքստի վերնագիրը, զարմացած հարցրեց. «Իսկ հարցական նշանն ինչի՞ համար է: Ես Գերմանիայի համար եմ ցավում, դու հո գիտես, հենց նա էլ չեմպիոն է դառնալու»: Նրա աչքերի չարաճճի փայլից երեւում է, որ նա հերթական անգամ ուզում է ներքաշել ինձ վեճի մեջ ֆուտբոլային հավերժական թեմայի շուրջ` «հարավային» եւ ատլետիկ ոճերի դիմակայության մասին, նաեւ լսել հայրական շշպռումը, թե նա «ցավում է» ֆավորիտի համար, սակայն շատ հաճախ է փոխում դրանց: Վեճ չստացվեց: «Դա քո մասին չէ, այլ Սահակաշվիլու»,- իմ այս պատասխանը նրան մի փոքր հիասթափեցրեց: «Իսկ նա ինչ-որ մեկի համար ցավո՞ւմ է»:

Նախագահը, թերեւս, նաեւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` ահա երկու, ներեցեք անհեթեթության համար, միակ էլիտար քաղաքական գործիչները, որոնք չեն մասնակցել Աշխարհի առաջնության օրերին Թբիլիսիում տեղի ունեցող խելահեղ խրախճանքին: Ֆուտբոլն այստեղ միշտ եղել է թիվ մեկ սպորտաձեւը: Հիմա էլ է այդպես` երբ լեգենդար «Դինամո»-ն իր խղճուկ գոյությունն է քարշ տալիս, իսկ հավաքականը, որի կազմում հայտնի ֆուտբոլիստներ կան, դառնությունից բացի, ոչինչ չի բերում: Բնական է, որ Աշխարհի առաջնությունն այստեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Տարօրինակ կլիներ, եթե հակառակը լիներ: Սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, մի քիչ այլ է: Հասկանալի է, որ սեփական հավաքականի բացակայության պայմաններում համակրանքն անցնում է որեւէ մեկի կողմը: Ենթադրելի է, որ եթե նույնիսկ Վրաստանը մասնակցեր գերմանական փառատոնին, կլինեին մարդիկ, որոնք կցավեին որեւէ այլ թիմի համար: Բայց երբ ամբողջ Թբիլիսիում (ասում են` շրջաններն էլ հետ չեն մնում) ստեղծվում են բոլոր 32 հավաքականների ֆան-ակումբներ, դա …: Եվ այնպիսի տպավորություն է, որ այդ գործընթացն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված է: Դա նկատելի է թեկուզ այն բանից, որ Թբիլիսիի խանութներում չկան Կոտ Դ’Իվուարի հավաքականի մարզահագուստն, ինչպես նաեւ` այդ աֆրիկյան պետության դրոշները: Բայց այդ ընթացքում հանկարծ հայտնվում է Փղոսկրի ափի ֆանատների ջոկատը` տամտամներով, մարզաշապիկներով, դրոշներով: Լավ է, այնտեղ խաղում է Դրոգբան` լավագույն ֆուտբոլիստներից մեկը. նրա վրա գցենք Թբիլիսիում այդ հավաքականի ժողովրդականությունը: Ուկրաինայի ֆան-ակումբի գոյությունը բացատրենք քաղաքական պատճառներով. ԱՊՀ ամենաբարեկամական երկիրն է, գումարած՝ Շեւչենկոն, գումարած` Կախա Կալաձեն` Վրաստանի հավաքականի մարզիչը, որն իբրեւ պրոֆեսիոնալ ձեւավորվել է Կիեւի «Դինամո»-ում: Հասկանալի է նաեւ աշխարհի հզորագույնների` բրազիլացիների, անգլիացիների, իտալացիների, հոլանդացիների, գերմանացիների եւ մյուսների նկատմամբ մեծ համակրանքը, թեեւ ինձ ավելորդ է թվում բրազիլական հանրահայտ դիմակահանդեսի գավառական նմանակումը Թբիլիսիում կազմակերպելը, ինչով պարբերաբար աչքի է ընկնում այդ հավաքականի ֆան-ակումբը: Բայց թող որեւէ մեկն ինձ բացատրի ձանձրալի, անհետաքրքիր Շվեյցարիայի հավաքականի ֆան-ակումբի ի հայտ գալը: Ես անչափ շնորհակալ կլինեմ, եթե որեւէ մեկը բացատրի Շվեդիայի, հինավուրց Լեհաստանի, խելահեղ Կոստա Ռիկայի նկատմամբ անսպասելի բռնկված սիրո պատճառը: Ո՞ւմ է պետք այս շոուն կազմակերպելը: Ես չեմ պատկերացնում, թե, ասենք, Դանիայում, որ նույնպես անտարբեր չէ աշխարհի առաջնության նկատմամբ, որ ընթանում է առանց իր հավաքականի մասնակցության, թեկուզ մի ֆան-ակումբ է ստեղծվել: Դանիան մի կողմ թողնենք, վերցնենք Չիլին, որ խառնվածքով ավելի մոտ է Վրաստանին:

Երկրպագուների այդ ջոկատներում, որ երգերով ու դրոշներով քայլում են թբիլիսյան հին թաղամասերով` թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի զարմացած հայացքների ներքո, կան ոչ ֆորմալ առաջնորդներ քաղաքական էլիտայից: Նրանք, ճիշտ է, երկրպագուների հետ չեն քայլում փողոցներով, բայց խաղի ժամանակ պարտաճանաչ կերպով այցելում են այն բարերն ու սրճարանները, որ Աշխարհի առաջնության օրերին զավթել են այս կամ այն հավաքականի երկրպագուները: Կրթության նախարար Կախա Լոմայային տեսել են մի հաստատությունում, որտեղ հավաքվում են Բրազիլիայի հավաքականի երկրպագուները, այն դեպքում, երբ այս օրերին լուրջ հուզումներ են համալսարանում, որի պրոֆեսորադասախոսական կազմը դեմ է նոր ռեկտորին եւ կատարվող բարեփոխումներին: Առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսին «Աստված է հրամայել» ցավել Հոլանդիայի հավաքականի համար, ինչն էլ նա անում էր սրճարաններից մեկում, քանի դեռ պորտուգալացիները նրանց գլխին չսարքեցին «ճամպրուկ-կայարան-Ամստերդամ»: Մշակույթի եւ սպորտի նախարար Գաբաշվիլին եւ կառավարող կուսակցությունից պատգամավորներ Բոկերիան եւ Կիրկիտաձեն հագել էին Արգենտինայի հավաքականի սպիտակ-երկնագույն մարզահագուստը… Բոլորին չես հիշի: Այս ամենը հեռարձակվում է տարբեր ալիքներով: Հետո բանը հասնում է մեկնաբանություններին: Օրինակ` նույն Բոկերիան մտահոգված է արգենտինացիների աջ պաշտպանական եզրով: Կիրկիտաձեն Իսպանիայի հավաքականի կողմից ուկրաինացիների ջախջախումից հետո այնպիսի բաներ ասաց մարզիչ Օլեգ Բլոխինի հասցեին, որ մտածում ես. ինչո՞ւ ենք մոտ երկու մլն եվրոյով ազգային հավաքականի խորհրդական հրավիրել գերմանացի Տոպմելլերին, եթե հարազատ խորհրդարանում այսպիսի տաղանդ ունենք, որը աղոտ պատկերացում ունի համեստության չափանիշների մասին, թեեւ սպորտում համեստությունն ավելի շատ խանգարում է, քան օգնում: Ֆան-շարժմանը չեն մասնակցել, սակայն իրենց համակրանքի մասին հայտարարել են հայտնի ընդդիմադիրներ Բերձենիշվիլի եղբայրները` Բրազիլիա, Իվլիան Խաինդրավան` Անգլիա… Բոլորին թվել չես կարող: Սակայն ինչպես ասել է մի չինացի իմաստուն՝ ամեն հիմարությունից էլ մի լավ բան դուրս է գալիս: Ֆուտբոլային ֆորումում դեռեւս մնացած հավաքականների ֆանատները կիրակի օրը Թբիլիսիի բարերից մեկում հանդիսավոր պայմաններում փոխեցին օտարերկրյա մարզաշապիկները հարազատ վրացականով: Այսպես Թբիլիսիում պաշտոնապես հայտնվեց ազգային հավաքականի ֆան-ակումբը` իր օրհներգով եւ մնացյալ ատրիբուտներով: Կօգնի՞ դա արդյոք Վրաստանի հավաքականին, ցույց կտա ժամանակը: սՍակայն այն հարցը, թե ո՞ւմ համար է «ցավում» նախագահը, բաց է մնացել: Սրա շուրջ կարծիքները տարբեր շրջանակներում տարբեր են: Ենթադրաբար նա «ցավում է» ապագա չեմպիոնի համար: Դա հատուկ է նրա բնավորությանը: Իսկ ո՞վ է ապագա չեմպիոնը: Դա հայտնի կդառնա հուլիսին: Ենթադրաբար այդ ժամանակ էլ նախագահը կարող է հայտնել, թե ում է համակրում: Նա չի սիրում պարտվել: