2000 հայ տարբեր երկրներից եւ Հայաստանի մարզերից Երեւան են ժամանել տեսնելու, լսելու ու հասկանալու համար, որ իրենք միասնական ազգ են: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի նպատակներից մեկը համարում է «ստեղծագործական բարերար լիցքերի փոխանակումը», ինչն օգնում է «սքանչանալ մեր ինքնության հիմքերի հիմքով` տոհմիկ ու ինքնատիպ մշակույթով»:
Փառատոնի հոգեւոր մայր եւ համանուն հիմնադրամի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը երեկ «Գրականության օրվա» հռչակման կապակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց մի քանի սփյուռքահայ գրողների: Հանդիպումը գրողների հետ վաղուց մոռացված, խորհրդային ժամանակներին հարիր ցերեկույթ էր հիշեցնում: Հյուրերին բեմ ուղեկցելով` տիկին Պողոսյանը բացատրում էր նրանց` թե ինչ է պահանջվում իրենցից. «Դե, մի քանի խոսք կասեք հայկական համայնքի եւ ազգի մասին: Դե, ինքներդ գիտեք… Կպատմեք նաեւ ձեր ազգանվեր աշխատանքի մասին»: Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում ապրող տարեց գրողները փառատոնի սակավաթիվ մասնակիցներին պատմում էին, որ «մշակույթն աշխուժացնում է Սփյուռքի եւ Հայրենիքի կապը», որ Հայրենիքն իրենց համար «կուռքն ու շունչն է», որ իրենք «գրականությունների» հատորյակները Հայաստանին են նվիրաբերում եւ դրանով իսկ նպաստում հայապահպանության սուրբ գործին: Եվ իհարկե, նշում, որ ազգը մշակույթն է պահպանում, քանի որ մշակույթը կամուրջ է: Դահլիճում ձանձրույթ էր, իսկ կազմակերպիչներն անում էին իրենց գործը` հետեւելով սեփական գրաֆիկին: Հետաքրքիր է` ինչո՞ւ խոշոր ֆինանսական աջակցություն ստացած փառատոնի կազմակերպիչները` խոսելով «արդի հայ գրականության եւ պոեզիայի մասին», ոչ մի հայտնի հայ գրողի հրավիրելու ցանկություն չէին հայտնել: Ունենք, չէ՞, ժամանակակից հայ պոետներ ու արձակագիրներ, որոնք ասելու բան ունեն տարբեր երկրներում ապրող հայերին: Թերեւս նրանք այս փառատոնին պետք չեն այն պատճառով, որ «ազգայինի» սահմաններից մի քիչ դուրս են եկել եւ ավելի նշանակալից հետք են թողնում գրականության մեջ, քան այն գրողները, որոնք «Մեկ ազգ, մեկ մշակույթի» սահմաններում խոստանում են «ամեն ինչ անել հայության համար», նկատի ունենալով, որ պատրաստ են իրենց գրքերը Հայաստանին նվիրել: Իսկ մի քանի ժամ հետո պետք է ասմունք լիներ: Որպես արվեստի ժանր` ասմունքն արդեն պատմության գիրկ է անցնում` խորհրդային տարիների մոդելով պահպանվելով թերեւս միայն ԱԼՄ հեռուստաալիքում` հիշեցնելով այն ժամանակները, երբ «պասիվ ընթերցումն» օգնում էր կիսագրագետ զանգվածներին` բարձր գրականության հետ հաղորդակցվել: Կամ էլ՝ գոնե ճանաչել մեծերի ստեղծագործությունները: Իսկ մեր օրերում այդ ժանրի վերակենդանացումն առնվազն անհեռանկար է: Ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչպես են ասմունքում Ռուսաստանում, Լիբանանում կամ Սյունիքի մարզում ապրող երիտասարդները: Փառատոնի կազմակերպիչները գտնում են, որ դա շատ է պետք: Մշակութային խոշոր իրադարձություն համարվել եւ ավանդական դառնալ ձգտող «Մեկ ազգը…»` այսպիսի ծրագրեր կազմելով, դժվար թե որեւէ բան տա հայստանցիներին: Կամ էլ բացասաբար կազդի Հայաստանի բնակիչների ճաշակի վրա: Իսկ սփյուռքահայերին, որոնք ուզում են տեղեկություններ ստանալ իրենց պատմական Հայրենիքի մասին եւ պատկերացում կազմել մշակութային կյանքի մասին, ավելի շուտ թյուր տպավորություններով կհեռանան: Եվ նույնիսկ, եթե տարբեր երկրներում ապրող հայերն ընկերանան եւ բարեկամանան, դա կանեն ոչ թե փառատոնին ներկայացված մշակույթի շնորհիվ, այլ` ասենք` բջջային հեռախոսների: Համենայնդեպս, գրականության օրվա կապակցությամբ հավաքված հայ երիտասարդները մեծ ոգեւորությամբ իրար են փոխանցում բջջայինների մեղեդիները` հպարտանալով, որ զանգը հայկական մեղեդու հնչյուններից է կազմված:
Վեհ կարգախոսներով լի այս փառատոնի նպատակը համազգային տոնախմբություն դառնալն է: Անցնելով Երեւանի փողոցներով, տեսնելով շոգից եւ ձանձրույթից հոգնած հյուրերին, տոնի զգացում ունեցող մարդկանց չես հանդիպում: Իսկ բառերն ու միջոցառումներն իրար են հաջորդում, բոլորն էլ` ի նպաստ «հայապահպանության»: Թեեւ բոլորը փառատոնի լոգոտիպով շապիկներ ու գլխարկներ ունեն եւ փորձում են տեղավորվել ժամառժամ ճշգրտված գրաֆիկի մեջ, նրանց դեմքին տոնական տրամադրության նշույլ անգամ չկա: Փառատոնը լոկ միջոցառումների ցանկ է մնում:
Իսկ «Հայրենիքն ավելի է ջերմանում իր հազարավոր զավակների շնչից» կարգախոսը դեժավյուի զգացում է արթնացնում` նմանվելով սովետական պաթետիկ եւ ոչինչ չասող կոչերին: Իզուր չէ, որ փառատոնի կազմակերպիչների շտաբը «ՍՍՍՌ» ռեստորանում է գտնվում: Լենինի ժամանակներից մեզ է հասել (արդեն ավելի զարգացած եւ կատարելագործված) միջոցառումներ անցկացնելու այն մոդելը, որի համաձայն` մարդկանց տուրիստական վայրեր են տանում, պարեցնում, երգացնում, լճի (եթե ծով չկա) ափին խարույկ վառել տալիս ու ասում` մենք մեկ ազգ ենք: Նախկինում` սովետական, այժմ էլ` համահայկական: