Եվրոպական շրջագայությունից վերադարձած աշխատակցուհիս զարմացել էր, երբ ծանոթանալիս արտասահմանցիների առաջին հարցը եղել է. «Իսկ ձեր երկրում օդափոխիչ կա՞»: Թերեւս սա հետաքրքիր է, բայց տրամաբանական: Օդափոխիչն ինքնին թանկ հաճույք է: Իսկ Երեւանի նման շոգ քաղաքում դրա խիստ անհրաժեշտությունը զգում է ցանկացած քաղաքացի: Ամառվա ամիսներին Հայաստանում օդափոխիչների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է: Սակայն դա ձեռք բերելու համար «միջին» երեւանցին պետք է, մեղմ ասած, մեկ տարի աշխատի: Ծանոթանալով օդափոխիչների վաճառքով զբաղվող մի քանի խանութների առաջարկած գներին` պարզ դարձավ, որ քաղաքացուն հովանալու համար անհրաժեշտ է նվազագույնը 700 դոլար: Օդափոխիչների արժեքը տարբերվում է ըստ ֆիրմաների եւ ըստ հզորության: Իսկ վերջինս պայմանավորված է հիմնականում նրանով, թե ինչ մեծության տարածք կարող է զովացնել այդ սարքը: Վերոնշյալ 700 դոլարը վերաբերում էր ընդամենը 30 քմ մակերես ունեցող սենյակին: Ինչ վերաբերում է ֆիրմաներին, ապա, մասնագետների կարծիքով, լավագույն օդափոխիչները ճապոնականներն են, մասնավորապես` «Միցուբիշի» ապրանքանիշը: Ի դեպ, խանութները խոստանում են օդափոխիչները տեղադրել 3-4 օրվա ընթացքում, ինչը հավանաբար, պայմանավորված է պատվերի քանակի մեծությամբ: Որքան էլ օդափոխիչները թանկ ու ցանկալի լինեն, միեւնույն է` շատ ընտանիքներ կտրականապես հրաժարվում են դրանց օգտագործումից: Պատճառը մեկն է` օդափոխիչը վատ ազդեցություն է ունենում առողջության վրա: Բժիշկների հավաստմամբ, օդափոխիչը չի կարող միեւնույն ջերմաստիճանն ապահովել բնակարանի բոլոր սենյակներում: Իսկ ջերմաստիճանի պարբերական փոփոխությունը կարող է թոքային տարբեր հիվանդություններ առաջացնել: Բացի այդ, աշխատանքի ժամանակ օդափոխիչը տարբեր նյութեր է արտազատում, որոնք նույնպես վնասակար են առողջությանը: Իսկ կա՞ արդյոք երեւանյան տապից ազատվելու այլ եղանակ: Էլեկտրական հովհարիչները, որոնց գինը սկսվում է 4000-5000 դրամից, այդքան էլ մեծ «փրկություն» չեն: Մինչդեռ բնակիչները, որոնք ի վիճակի չեն օդափոխիչ գնել, ստիպված ապավինում են այս սարքին: