Բրայզայի բացահայտումները

26/06/2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակել է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ԼՂՀ բանակցությունների սեղանին: «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Բրայզան: Վերջինս հավելել է, թե մյուս կողմից համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: «Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն ԼՂՀ տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա,- ասել է նա՝ հավելելով,- եւ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը»: Ամերիկացի դիվանագետը հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես ո՞ր դրույթի շուրջ չեն համաձայնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նա հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` ընդունել այս համաձայնագիրը: «Մենք քաջալերում ենք նախագահներին` ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում»,- հայտարարել է նա: