Կունենանք երկու սորտի քաղաքացինե՞ր

26/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ Սահմանադրությունից երկքաղաքացիության արգելքը հանելու մասին դրույթն իր հետեւանքները զգացնել կտա համապատասխան օրենքի ընդունումից հետո: Հիմիկվանից ակնհայտ է, որ շահագրգիռ ուժերին դժվար թե հաջողվի երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալ-չտալու հարցում վերջնական ու միասնական լուծում գտնել:

Իհարկե, այս օրերին ԱԺ ՀՅԴ խմբակցությունն ակտիվորեն աշխատում է «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների վրա ու այդ թեմայով տարբեր կարգի քննարկումներ ու խորհրդարանական լսումներ է կազմակերպում: Փորձում են այդ քննարկումների արդյունքում հիմնականում գտնել մեկ հարցի պատասխան. ի վերջո, երկքաղաքացիներն ունենալո՞ւ են ընտրելու եւ ընտրվելու իրավունք, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ինչպե՞ս է կարգավորվելու տվյալ խնդիրը, ի՞նչ չափանիշների բավարարման դեպքում կարելի է նրանց այդպիսի իրավունքներ ընձեռել:

Երբ հանրաքվեի էր դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե կոալիցիոն գործընկերների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկքաղաքացիությունը կրելու է ընդամենը սիմվոլիկ բնույթ: Այսինքն` երկքաղաքացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք չեն տալու: Երեկ պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղավ իրենց պայմանավորվածությունը: Այսօր, երբ ՀՅԴ-ն փորձում է «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագիծ մշակել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կողմ կլինի՞, որ այդ օրենքով երկքաղաքացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք տրվի: «Իմ կարծիքով, բացառվում է, որ երկքաղաքացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք տան: Իսկ եթե փորձեն օրենքում նման դրույթ ամրագրել, ապա, բնականաբար, անձամբ ինքս դեմ կլինեմ դրան ու կպայքարեմ, որ նման նորմ չմտնի, որովհետեւ դա հղի է բավական լուրջ բացասական երեւույթներով եւ երկրի անվտանգությանն է սպառնում»,- իր մտահոգություններն արտահայտեց Գալուստ Սահակյանը: Պետք է նկատենք, որ Գ. Սահակյանի մտահոգությունները բավական տեղին են:

Ընտրելու կամ ընտրվելու իրավունքների վրա Սահմանադրությամբ չնախատեսված արգելքներ կիրառելն ուղղակի հակասահմանադրական է, եւ ոտնահարում է քաղաքացիների` միջազգայնորեն ամրագրված հիմնարար ազատություններն ու իրավունքները: Եվ հենց այդ պատճառով էր, որ ժամանակին ընդդիմությունը պահանջում էր սահմանադրական փոփոխությունների նախագծում հստակ ամրագրել, որ երկքաղաքացիներն ընտրելու եւ ընտրվելու իրավունք չեն ունենալու: Ավելի պարզ ասած, եթե որեւէ պաշտոնում ընտրվելիս Սահմանադրությամբ որոշակի պահանջներ ու սահմանափակումներ կան, ապա ընտրելու իրավունքից, ՀՀ Սահմանադրության համաձայն` օգտվում է ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի: ՀՀ քաղաքացի է համարվում նաեւ երկքաղաքացին եւ, ըստ այդմ, եթե նրա առաջ ընտրելու համար որեւէ սահմանափակում կամ պայման է դրվում, ապա դա արդեն դիտվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում: Իսկ արտերկրում բնակվող երկքաղաքացիներին, բնականաբար, չպետք է թույլ տալ քվեարկել եւ հեռվից հեռու որոշել Հայաստանի ճակատագիրը: Հենց այսպիսի նրբությունները հաշվի առնելով է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (ինչպես նաեւ` միջազգային այլ նմանատիպ կառույցներ) բազմաթիվ անգամներ կոչ են արել խուսափել երկքաղաքացիությունից, քանի որ այն հարուցում է բազմաթիվ անլուծելի խնդիրներ:

«Եթե նրանք դառնում են Հայաստանի քաղաքացիներ, անկախ նրանից` այլ երկրի քաղաքացիություն պահպանո՞ւմ են, թե՞ ոչ, ապա մենք պետք է նրանց այդ իրավունքը տանք: Դա միջազգային իրավունքն է ասում,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ավելացրեց,- ընտրելու եւ ընտրվելու իրավունքն ուղղակիորեն կապվում է բնակության ցենզի հետ: Իսկ ինչպե՞ս կապել, ի՞նչ ձեւով իրականացնել` դա լուծելի խնդիր է: Բայց սկզբունքը խիստ որոշակի է. առանց բնակության ցենզի, աբստրակտ կերպով այս հարցի լուծումը հնարավոր չէ պատկերացնել»: Նրա խոսքերով, երկքաղաքացիություն ընդունած շուրջ 54 երկրներ կարողացել են գտնել համապատասխան մի մոդել: Գագիկ Հարությունյանը կոչ է անում, որ մենք էլ փնտրենք ու գտնենք մեր մոդելը: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի խոսքերով` «Եթե երկքաղաքացին ստանձնի ու իրականացնի ամբողջ պարտավորությունները, ապա բնական է, պետք է նման իրավունք ունենա: Անարդարացի է նրան զրկել այդ իրավունքից, եթե նա բոլոր ցենզերն ապահովում է, իրականացնում է բոլոր պարտավորությունները, ինչպես ՀՀ քաղաքացիները»: Սակայն Արմեն Ռուստամյանը պնդում է, որ ոչ բոլոր երկքաղաքացիները կցանկանան իրենց պարտավորություններն ամբողջ ծավալով իրականացնել:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքերով, ՀՀ-ում «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո «երկու սորտի քաղաքացիներ են լինելու»: «ՀՀ Սահմանադրության մեջ ֆիքսված են ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Եվ հետո գրված է. «Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով»: Այսինքն` մենք ունենք երկու կարգի քաղաքացիներ, որոնց մի մասի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Սահմանադրությամբ, իսկ մյուս մասինը` առանձին օրենքով: Եվ ենթադրվում է, որ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար ամրագրված իրավունքներն ու պարտականությունները երկքաղաքացիների վրա չեն տարածվում»,- ասում է Հովհաննես Իգիթյանը: Ինչ վերաբերում է երկքաղաքացիների` ընտրելու եւ ընտրվելու իրավունքին, ապա Հ. Իգիթյանը նկատեց. «Քանի ՀՀ-ում այս ընտրական համակարգը կա, երբ ընտրությունների արդյունքները բացարձակապես կախված չեն ընտրողների կարծիքից, ես կարեւոր չեմ համարում տարբերակել` դրսի, թե ներսի ընտրողներին: Կարեւոր չէ, թե սփյուռքից մեկ միլիոնից ավելի կամ մեկ միլիոնից պակաս մարդ է մասնակցելու ընտրություններին: Արդյունքում քվեները բաշխելու են ըստ իշխանությունների հայեցողության»:

Ի դեպ, նկատենք, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքի շուրջ իշխանական երկու կուսակցություններ` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հակասական կարծիքներ ունեն: Եվ չի բացառվում, որ առաջիկայում, երբ ԱԺ-ում կազմակերպվեն համապատասխան քննարկումներ, նրանց միջեւ մթնոլորտը թեժանա եւ դեռեւս ձեւականորեն գոյատեւող կոալիցիայի հերթական պառակտման պատճառ հանդիսանա: «Եթե անտագոնիստական հակասություններ չլինեն, ապա ոչ մի բան էլ չի լինի: Իսկ սա հաստատ անտագոնիստական հարց չէ: Սա թյուրըմբռնման արդյունք է,- մեր հարցին ի պատասխան` ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը` ավելացնելով,- ես չեմ կարծում, թե մեր կոլեգաները նկատի ունեն, որ երկքաղաքացիներին երբեք նման իրավունք չպետք է տրվի: Ուղղակի անտրամաբանական կլինի, եթե բոլոր պարտականությունները կատարելուց հետո նրանց այդ իրավունքը չտան»: Իսկ Գալուստ Սահակյանի խոսքերով` «Սահմանադրության այն տարբերակը, որ հնարավորություն է տալիս ունենալ նման օրենք, քաղաքական փոխզիջման հետեւանք է եղել»: