Ընդդիմադիր Արթուրը

26/06/2006

Lragir.am-ի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում օլիգարխիկ տնտեսություն է: «Այս երկրի հարստությունը կենտրոնացած է մի խումբ մարդկանց ձեռքին: Այն երկրում, որտեղ չկա ազատ տնտեսություն, չկա ազատ զարգացող փոքր ու միջին բիզնես, օլիգարխիկ տնտեսությունը երկրի զարգացման համար երաշխիքներ չի կարող տալ»,- ասել է նա, հավելելով, թե տեղի է ունենում իշխանության եւ փողի կենտրոնացում, «զոռբայության եւ կեղծիքի կենտրոնացում», որի նպատակն է` գնել ամեն ինչ, վերցնել վերահսկողության շարժվող ու շնչող յուրաքանչյուրին: «Եվ այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ ժողովրդական առածը ճիշտ է ասում` ձիու վրա թեւեր էլ դնես, միեւնույն է, արծիվ չի դառնա: Ինչքան ուզում է օլիգարխները հարստանան, օլիգարխիկ տնտեսությունը զարգացնեն` միեւնույն է, հասարակ մարդը տնտեսության զարգացման պտուղներն իր մաշկի վրա չի զգալու, որովհետեւ հարուստները գնալով հարստանում են, աղքատները` գնալով աղքատանում: 30-40 հազար դրամ ստացողը նույնպես աղքատ է, որովհետեւ չի կարողանում իր կարիքները հոգալ»,- ասել է ԱԺ նախկին նախագահը: Իշխանության եւ փողի կենտրոնացման ճանապարհով, ըստ Ա. Բաղդասարյանի, «փորձ է արվում ստեղծել մի համակարգ, եւ մարդկանց դատապարտել հուսալքության եւ ասել, որ այս երկրում ընտրությունների արդյունքները ոչինչ չարժեն»: «Դա այդպես չէ, եւ մենք պետք է պայքարենք նորմալ ընտրական համակարգ ունենալու համար, որ իշխի օրենքի իշխանությունը, ոչ թե փողի եւ զոռբայության իշխանությունը»: Իր նպատակին հասնելու համար ՕԵԿ-ն օգոստոսից սկսելու է քաղաքական կոնսուլտացիաների շարք` «քաղաքական առողջ ուժերի հետ»: «Պայքարելու ենք նրանց դեմ, ովքեր փողով ուզում են առնել ամեն ինչ, ովքեր ճնշումներով, ստի, կեղծիքի իշխանություն հաստատելով` ուզում են երկիրը տանել կործանման»,- եզրափակել է ԱԺ երբեմնի նախագահը: Նրա խոսքերին կարելի էր հավատալ, եթե նա պատասխաներ նաեւ այն հարցին, թե արդյոք ինքն էլ իր նշած իշխանություններից եւ օլիգարխներից եւս մեկը չէ՞, որը դղյակ ու օբյեկտներ է կառուցում ժողովրդի հաշվին: