Ըստ էության կարելի էր պատասխանել, որ ճշգրիտ գնահատել, այսպես թե այնպես, հնարավոր չէ՝ ստվերային մասը չափազանց մեծ է։ Բացի այդ, թեեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման նախագիծն արդեն անցել է երկրորդ ընթերցմամբ, սակայն անգամ դրա ընդունումից հետո դժվար կլինի պատկերացում կազմել մարդկանց իրական ունեցվածքի մասին։ Շատերը կարող են չհամաձայնել՝ նշելով, որ Ռուսաստանում այս առումով վիճակը գրեթե նույնն է, սակայն նույն «Ֆորբսը» ամեն տարի հրապարակում է ռուս միլիոնատերերի ցուցակը։
Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է նայել՝ ինչ եղանակով է «Ֆորբսը» հաշվում մարդկանց կարողությունը։ Առաջին հերթին մասնագետները պարզում են, թե տվյալ անձը ի՞նչ ընկերությունների բաժնետոմսերի սեփականատեր է։ Հետո նայում են, թե այդ ընկերությունների բաժնետոմսերը ֆոնդային բորսայում ինչ գին ունեն, եւ դրա հիման վրա հաշվարկ են կատարում։ Ֆոնդային բորսայում բաժնետոմսերի շուկայական արժեքը որոշվում է մի շարք գործոններով, առաջին հերթին՝ շահութաբերությամբ։ Այսինքն, սեփական, իրական կապիտալը երբեմն կարող է մի քանի անգամ տարբերվել բորսայական արժեքից։ Կան նաեւ այլ գործոններ, օրինակ սրանից մոտ 1 ամիս առաջ տեղեկատվություն տարածվեց, որ նավթամթերքների գներն իջնում են, ինչի արդյունքում «Գազպրոմի» բաժնետոմսերի ընդհանուր արժեքը նվազեց մոտ 20 մլրդ դոլարով։ Արժեթղթերի գների տատանման պատճառով մարդիկ կարող են մեկ օրում դառնալ միլիոնատեր եւ միլիոնատիրոջից վերածվել սովորական մահկանացուի։ Իսկ վերջինը ոչ ոքի ձեռնտու չէ։ Բաժնետոմսերի բարձր արժեքը եւ միլիոնատիրոջ կարգավիճակն ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի ընդլայնման եւ միջազգային ճանաչման համար։ Իսկ ֆոնդային բորսայում սեփական բաժնետոմսերի բարձր գին ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել շահութաբերություն, կամ ցույց տալ, որ բիզնեսն աշխատում է շահույթով։
Վերը նշվածը մեզ հետ կապ ունի, ավելի ճիշտ կլինի ասել՝ կապ չունի այնքանով, որ Հայաստանում ռեալ գործող արժեթղթերի շուկա չկա, հետեւաբար` չկա նաեւ բարձր գործարար հեղինակություն ապահովելու անհրաժեշտություն։ Տեղի օլիգարխները ռուսական ընկերությունների համեմատ մանր խաղացողներ են, որոնց ընկերությունների բաժնետոմսերը դժվար թե երբեւէ տեղ գտնեն «Դոու Ջոնսի» կամ «Նասդաք»-ի ինդեքսներում։ Մերոնց համար շատ ավելի կարեւոր է վճարել որքան հնարավոր է քիչ հարկեր, թեկուզ` բիզնես հեղինակության հաշվին։ Նորմալ երկրներում բաժնետերերն իրենց ընկերությունները ղեկավարելու համար վարձում են բարձրակարգ մենեջերների եւ շահույթ (հետեւաբար՝ նաեւ դիվիդենտ) չապահովելու դեպքում նրանց պարզապես ազատում են աշխատանքից։ Մեզանում բաժնետերերը մեծ մասամբ իրենք էլ ղեկավարում են ընկերությունները եւ դիվիդենտների փոխարեն բավարարվում են սեփական ծախսերն ընկերության հաշվեկշռի ծախսային մասի վրա «գրելով»։ Այս առումով զարմանալի չէ, որ շատ խոշոր ձեռնարկություններ տարին փակում են հարկային վնասով։ Ըստ երեւույթին, այս ընկերություններին «ամոթանք տալու» նպատակով Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 2005 թվականի հաշվետու տարում
1 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած ձեռնարկությունների ցուցակը։ Այդպիսիք 470-ն են։ Առաջին տեղում գտնվում է Երեւանի «Ջրմուղ-Կոյուղի» ընկերությունը՝ ավելի քան 17 մլրդ դրամ վնասով։ Երկրորդ տեղում 15.5 միլիարդով «Ռուսալ-Արմենալն» է։
Վնասով աշխատած ընկերությունների ցուցակում են հայտնվել նաեւ «Արմավիան», «Պրոմեթեյ Խիմպրոմը», «ՍՊՍ Սիգարոնը» եւ շատ այլ հայտնի ընկերություններ։ Հեռուստաընկերություններից բավական մեծ վնասով են աշխատել «ԱՐ»-ը (341.47մլն դրամ) եւ ԱԼՄ-ն (144.86մլն դրամ)։
«Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված ցուցակում ներկայացված են նաեւ 50 1 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած ընկերությունները։ Ընթերցողների մոտ միգուցե զարմանք է հարուցել, որ, օրինակ, «ՀայՌուսգազարդը» առկա է 2 ցուցակներում։ Ընկերությունը տարին փակել է 4մլրդ 300մլն դրամ հարկային վնասով, սակայն պետբյուջե է վճարել 96մլն դրամ շահութահարկ։ Սա բացատրվում է նրանով, որ անկախ շահույթի առկայությունից կամ դրա չափից, ընկերությունները պարտավոր են շահութահարկի գծով վճարել տարեկան շրջանառության 1%-ի չափով գումար։ Նույն վիճակում է գտնվում նաեւ Զարգացման հայկական բանկը։ Ընկերությունը տարին փակել է 1.1 մլրդ դրամ վնասով, սակայն վճարել է 2մլն դրամ շահութահարկ։
Գալով բանկերին՝ նշենք, որ բանկային համակարգը թերեւս այն միակ ոլորտն է, որտեղ շահութաբերություն ցույց տալը բավական կարեւոր գործոն է։ Բանկի համար առաջին տեղում իր հեղինակությունն է եւ վստահությունը հաճախորդների շրջանում։ Ո՞վ կվստահի իր գումարները մի բանկի, որն աշխատում է վնասով։ Վնաս հայտարարագրած ընկերությունների թվում բանկերի թիվը մեծ է, սակայն դրանք սնանկացած եւ լուծարված բանկերն են («Կրեդիտ Երեւան բանկ», «Լենդ բանկ», «Հայագրոբանկ» եւ այլն)։ Գործող բանկերից վնաս է հայտարարագրել միայն «Կասկադ» բանկը՝ 34.86մլն դրամ։ Իսկ բանկերի մեջ ամենից շատ շահութահարկ անցյալ տարվա համար վճարել է «Արդշինինվեստբանկը»՝ 720մլն դրամ։ «Կոնվերսբանկը» պետբյուջե է վճարել 688.9մլն դրամ, «Հայխնայբանկը»՝ 419, «Հայէկոնոմբանկը»՝ 347 մլն դրամ։
50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած ընկերությունների ցուցակը 13.89մլրդ դրամով գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Երկրորդ տեղում «ԱրմենՏելն» է՝ 4.9մլրդ դրամ։ 2005թ. հաշվետու տարում 50մլն դրամից ավելի շահութահարկ վճարել են ընդամենը 62 ընկերություններ, ինչն այնքան էլ լավ չէ։ Նշենք, որ խոշոր շահութահարկ վճարողների առաջին տասնյակում տեղ են գտել հիմնականում արտադրող ընկերությունները։ Հույս ունենք, որ 2006թ. համար այս ցուցակը կլինի ավելի երկար, սակայն դրամի արժեւորման ներկայիս տեմպերը թույլ չեն տալիս այդպիսի լավատեսություն հանդես բերել, մանավանդ` ներքին արտադրողների մասով։