Հարկայինի «գլխին սարքո՞ւմ» են

26/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) «Աճ եւ աղքատության կրճատում Հայաստանում» վերնագրով 2006թ. իր զեկույցում բավական հետաքրքիր «առաջարկություն» է արել: ԱՄՀ-ն, որի հետ Հայաստանի իշխանությունները հաշվի են նստում, նպատակահարմար է գտնում, որ ՀՀ երկու հարկային գործակալությունները՝ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) եւ Մաքսային կոմիտեն «գտնվեն Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության ներքո»:

Միջազգային կազմակերպությունը փորձում է իր առաջարկը հիմնավորել «հարկային եւ մաքսային ծառայությունների խնդրահարույց ինստիտուցիոնալ կառուցվածքով»: ՀՊԾ-ն եւ Մաքսային կոմիտեն իրարից անկախ գործակալություններ են, եւ դրանց ղեկավարները նշանակվում են երկրի նախագահի կողմից, թեեւ նրանք հաշվետու են վարչապետին: «Երկու գործակալություններն ունեն հավաքագրման սեփական «թիրախները» եւ իրականում մրցում են միմյանց հետ: Այդ մրցակցությունն առաջացրել է հավաքագրումների կարճաժամկետ մաքսիմալացման ագրեսիվ վարքագիծ, որի արդյունքում հաճախանում են հարկային ստուգումները, իսկ մաքսային մարմինները թույլ են տալիս հարկային պարտավորությունների գերագնահատումներ: Եթե նախկինում այս վարքագիծը կայունացնում էր հարկային մուտքերը, ապա այժմ իշխանությունները պետք է ստեղծեն այնպիսի հարկային ռեժիմ, որը հիմնված կլինի հարկատուների ինքնագնահատման, ռիսկի վրա հիմնված ստուգումների եւ տեղեկատվության բարելավված փոխանակման վրա»,- նշված է ԱՄՀ զեկույցում: Նույն աղբյուրի համաձայն, Հայաստանի հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն՝ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի տեսակարար կշիռը, նախկին ԽՍՀՄ երկրներում ամենացածրն է՝ 14,3%: Պարզ ասած, ԱՄՀ-ն ցույց է տալիս հարկային դաշտի անկատարությունը եւ առաջարկում է վերացնել հարկահավաք մարմինը՝ որպես առանձին գերատեսչություն:

Այս հարցի շուրջ ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ունի իր տեսակետը: Նրա կարծիքով, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում ցածր է, որովհետեւ տարիներ շարունակ մեր տնտեսությունն արձանագրում է ՀՆԱ-ի երկնիշ աճ: Սակայն անհրաժեշտ է, որ հարկերի աճի տեմպը գերազանցի տնտեսական աճինը: Ա. Ալավերդյանի խոսքերով, վերջին տարիներին պետբյուջեն պլանավորվում է՝ հաշվի առնելով հենց այս քաղաքականությունը: ՀՊԾ պետի տեղակալը Հայաստանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցածր գործակիցը բացատրում է նրանով, որ հաշվի չեն առնվում տեղական բյուջեների եկամուտները եւ սոցապ վճարները, որոնք նույնպես հարկային եկամուտներ են: Բացի այդ, տնտեսության խոշոր հատվածներից մեկը՝ գյուղատնտեսությունը, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 25-30%-ը, ազատված է հարկումից: Այս առումով արտոնյալ վիճակում է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարությունը, որն էլ տնտեսության «ծաղկման» մեջ իր մեծ դերն ունի: «Այս եւ նման օբյեկտիվ պատճառները զարգացման այս փուլում հարկեր-ՀՆԱ նման հարաբերակցություն են ապահովում: Իմ կարծիքով, դա չի նշանակում, որ հարկերի հավաքագրության աստիճանն է ցածր: Ի վերջո, արտոնյալ ոլորտներն էլ հարկման դաշտ կբերենք: Օրինակ, նախատեսել ենք գյուղատնտեսությունը հարկել 2009թ.-ից»,- ասում է Ա. Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի ակնարկին, ապա հարկային գերատեսչության պաշտոնյան այն համարում է չհիմնավորված: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մարմինները բյուջեի առջեւ դրված իրենց պարտավորությունները կատարել են ճիշտ եւ ժամանակին եւ ոչ մի պարտք չեն առաջացրել: Ուստի զարգացման այս փուլում մեկ այլ կառուցվածք ստեղծելիս պետք է բացատրել, թե ինչու են դա անում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Ի՞նչ ենք ակնկալում: Հայաստանը 1990-ականներին նման փորձ ունեցել է (հարկային եւ մաքսային մարմինների միավորում մեկ գերատեսչությունում-Կ. Թ.): Այդ սպասելիքները եւ փաստացի կատարվածը պետք է համեմատել եւ ընտրել լավագույնը»,- գտնում է Ա. Ալավերդյանը:

Իսկ «լավագույնին» ընտրելիս հարկայինի հետ հաստատ հաշվի չեն նստի: Ո՛չ երկրի ղեկավարությունը, ո՛չ էլ նրանց «բզող» ԱՄՀ-ն: Դեռ այս տարվա սկզբին ՀՀ նախագահը խիստ հանձնարարականներ տվեց մաքսային եւ հարկային գերատեսչությունների ղեկավարներին: Այժմ էլ ԱՄՀ-ն է ինչ-որ բաներ ակնարկում: Ինչո՞ւ ժամանակին վերացրեցին Պետական եկամուտների նախարարությունը: Որովհետեւ իշխանություններին անհրաժեշտ էր ԱՄՀ-ի նշած «մրցակցությունն» այս երկու մարմինների միջեւ: Չէ՞ որ այդ դեպքում նրանք առանձին-առանձին կաշխատեին որքան հնարավոր է շատ հարկեր գանձել «ոչ արտոնյալ» խավից: Այդպես էլ անում են. ապահովում են բյուջեի հարկային մուտքերը: ԱՄՀ-ն, «փայլուն» ցուցանիշներ արձանագրելու փոխարեն, թող ուշադրություն դարձնի, թե ուր են գնում հարկայինի ու մաքսայինի հավաքած փողերը: Ակնհայտորեն դա ավելի կարեւոր հարց է տնտեսության համար:

Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է հարկահավաքները՝ պետական եկամուտները ստացողները, միանան Ֆինանսների նախարարությանը՝ այդ եկամուտները ծախսողին: Կարո՞ղ է արդյոք մի գերատեսչություն միաժամանակ բնույթով տարբեր գործառույթներ իրականացնել: Ի՞նչ է թաքնված այս առաջարկի հետեւում: Դա, թերեւս, ԱՄՀ-ին է հայտնի: Իսկ երկրի ղեկավարությանը մնում է միայն «ընկալել» այս ակնարկը: