Հրդեհներ Երեւանում

26/06/2006

Երեկ հրդեհ էր բռնկվել Հաղթանակի զբոսայգուց Աբովյան փողոց տանող ճամփեզրին հարող խոտածածկ հատվածում: «Ա1+»-ի փոխանցմամբ, Հայաստանի փրկարար ծառայությունից կեսկատակ պատասխանել են. «Հրդեհներ ամեն օր են լինում, ուղղակի դուք դա եք տեսել»: Նրանց հավաստմամբ, երեկ արձանագրվել է 13 նմանատիպ հրդեհ, որից երկուսը` կեսգիշերից հետո: Միայն երեք անգամ հրդեհ են մարել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հատվածում: Հրդեհվել է նաեւ Էջմիածնի Աշտարակի խճուղու հարակից, Երեւանի Վահագնի թաղամասի, Բաբաջանյան փողոցին կից, Դավիթաշենի 189 դպրոցի հարակից հատվածները եւ այլն: Հայաստանի փրկարար ծառայությունից հավաստիացրել են, որ հրդեհի պատճառը շոգն է, երաշտը, ինչպես նաեւ մարդկանց անփութությունը: «Ծխախոտի մնացորդից եւս կարող է հրդեհ առաջանալ: Սա մշտական է լինում, որից մեծ մասը` Երեւանում»,- ասել են նրանք: