Մամեդյարովին խորհուրդ են տալիս ինքնավարության կարգավիճակն ուրիշներին տալ

26/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Բաքուն պատրաստ է աշխարհում ընդունված ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը տրամադրել Լեռնային Ղարաբաղին, այդ թվում՝ Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ»:

Արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ այն կարծիքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ այլընտրանքային լուծում փնտրելն անիմաստ է, «երբ աշխարհում արդեն կա նմանատիպ խնդիրների դրական լուծման փորձ»:

Մամեդյարովի հայտարարությունը Ղարաբաղում սովորական են ընդունում, պատճառաբանելով, որ նման «անհեթեթ» հայտարարություններ ադրբեջանական կողմից հաճախակի են հնչում: Մամեդյարովի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին, ով մասնավորապես նշեց. «Նման հայտարարությունը, եթե քարոզչական հերթական քայլ չէ, ապա, ըստ էության, նշանակում է սեփական երկիրը դաշնության վերածելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամություն: Այս առումով կարելի է հույս հայտնել, որ նշված կարգավիճակը կտրամադրվի լեզգիներին, թալիշներին եւ Ադրբեջանում բնակվող այլ ազգերին: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, որի հետ շփումներից ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է խուսափել, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղին չի կարող տրամադրել այս կամ այն կարգավիճակը, քանի որ նշված հարցը չի մտնում Ադրբեջանի իրավասության մեջ: ԼՂՀ կարգավիճակը որոշված է այստեղ բնակվող ժողովրդի իրավական սահմաններում: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավիճակը կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմն ընդունակ չի գտնվել` նմանատիպ հարցերը լուծել քաղաքակիրթ կերպով, եւ զինված ագրեսիայի է դիմել»: Նախարարը նաեւ նկատեց, որ պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել առկա իրողությունները, այն է` ԼՂՀ անկախությունը համարվում է հանրապետության ժողովրդի ամենաբարձր արժեքը, որը հաստատվել է համաժողովրդական հանրաքվեով` 1991թ. դեկտեմբերի 10-ին: «ԼՂՀ ժողովուրդը պարտադրված պատերազմում ոչ միայն պաշտպանել է իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, այլեւ վերջին 15 տարիների ընթացքում առնվազն յոթ անգամ հաստատել է իր կամքը` ԼՂՀ-ում անցկացվող ժողովրդավարական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով, երբ ընտրողները քվեարկել են հանրապետության պետական անկախության օգտին հանդես եկող պետական առանձին թեկնածուների եւ կուսակցությունների ծրագրերի օգտին»,- ավելացրեց ԼՂՀ արտգործնախարարը:

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, նշեց. «Ադրբեջանի իշխանություններն առաջին անգամ չեն նման հայտարարություններ անում, պարզապես դա համեմատություն է ինչ-որ կոնկրետ սուբյեկտի հետ, տվյալ դեպքում` Թաթարստանի: Ադրբեջանի իշխանությունները միշտ էլ ասել են, որ պատրաստ են տրամադրելու ամենաբարձր կարգավիճակը, ինչն աշխարհում գոյություն ունի: Երեւի Մամեդյարովի համար Թաթարստանի կարգավիճակը աշխարհի ամենաբարձրներից է: Սակայն Ղարաբաղի թե ժողովուրդը, թե իշխանությունները, թե կուսակցությունները բազմիցս ընդգծել են, որ Ղարաբաղի համար միակ ընդունելի կարգավիճակն անկախությունն է, եւ բացառվում է որեւէ այլ կարգավիճակ` Ադրբեջանի ենթակայության տակ: Իսկ Մամեդյարովի հայտարարությունը դիտում եմ որպես նախկինում ասվածների հերթական շարունակություն` ավելի կոնկրետացված օրինակով»: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանի ցանկացած առաջարկ, եթե այն ԼՂՀ անկախությունից դուրս է, քննարկման առարկա եւ ընդունելի լինել չի կարող: «Մամեդյարովին խորհուրդ կտայինք այդպիսի ինքնավարության կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի փոքրամասնություններին` թալիշներին, քրդերին եւ մյուսներին»,- շեշտել է Ա.Հարությունյանը:

Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանի կարծիքով, Ղարաբաղյան հիմնախնդիրն արմատապես տարբերվում է Աբխազիայի, Օսեթիայի, Մերձդնեստրի, այդ թվում նաեւ` Թաթարստանի խնդիրներից: «ԼՂՀ-ն միանգամայն այլ պատմական զարգացումներ ունի, եւ այն երբեւիցե անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Հայտարարությունը հերթական անհեթեթությունն է, որն ընդհանրապես հնարավոր չի իրականացնել, քանի որ մի ազգային պետական միավորում, որը հանրաքվեով արդեն ինքնորոշման կամքը դրսեւորել է, չի կարող պատկանել մեկ այլ ազգի: Մի խոսքով, ադրբեջանական կողմից հնչեցվող առաջարկն անընդունելի է մեզ համար»,- նշել է նա: