Անցյալ տարի Մաթեւոսյանական տարի էր հայտարարված: Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան
70-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ եւ հոբելյանական երեկոներ անցկացվեցին: Ինչպես ասում են, հոբելյանական տարին անցավ-գնաց, ավարտվեցին ծափողջույններն, ու Հրանտ Մաթեւոսյանի հետագա ներկայությունը մեր կյանքում պակասեց:
Այս տարի նախատեսված էր Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների հիման վրա լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարահանել, սակայն այդ որոշումը նույնպես սառեցվել է: Պետական աջակցությամբ ֆիլմի ստեղծման որոշումը, երեւի թե, որեւէ չինովնիկի դարակում է մնացել: Բայց ստեղծվել է ներկայացում: Դրամատիկական թատրոնում բեմականացված Հ. Մաթեւոսյանի «Չեզոք գոտի» պիես-կինովիպակը թատերական իրադարձություն չդարձավ, բավականին զուսպ արձագանքների արժանացավ եւ տարիներ առաջ բեմադրված «Աշնան արեւի» հաջողությանը չհասավ: Դա իր օբյեկտիվ պատճառներն ուներ, եւ նույնիսկ պրեմիերայից հետո հեղինակներին որոշ շտկումներ անելու խորհուրդ է տրվել: Սակայն այն հարցը, թե ինչպե՞ս կարելի է այսօր ներկայացնել մեր ժամանակների ամենախոշոր գրող-մտածողի ստեղծագործությունները, մշուշոտ է մնում: Անտարբեր եւ նույնիսկ արհամարհական մշակութային քաղաքականության պատճառով Հ. Մաթեւոսյանի ժառանգությունը հաճախ չի օգտագործվում այնպես, որ այսօրվա երիտասարդներին հասկանալի դառնա, որ մենք հպարտ եւ իմաստուն գրական հայացք ունենք, որն այսօր ուշադրությունից դուրս է մնացել: Նույն այդ միտքը հայտնեցին մայիսի 31-ին Մոսկվայի Գրական գործիչների կենտրոնական տանը կայացած Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ռուս մտավորականները. «20-ամյա երիտասարդները հիմա չգիտեն` ո՞վ է Հրանտ Մաթեւոսյանը, սակայն դա հասարակության եւ պետական քաղաքականության մեղքն է»: Ռուսալեզու մտավորականությունը (Ռուստամ Իբրահիմբեկովը, Անդրեյ Բիտովը, Ռոման Բալայանը) շեշտել են, որ Հ. Մաթեւոսյանի, Վ. Շուկշինի, եւ ընդհանրապես 20-րդ դարի 60-ականների սերնդի մշակույթն ու գրականությունը շարունակում են որպես համաշխարհային խոշոր երեւույթներ մնալ:
Հրանտ Մաթեւոսյանն իրականության հանդեպ նոր մոտեցում ստեղծեց, հիացավ սովորական օրով եւ սովորական մարդով: Եվ բացի այն, որ սիրվեց Հայրենիքում, դարձավ թերեւս առաջին հայ գրողը, որը կարողացավ ահռելի ռուսալեզու գրական շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնել: Նրան կարդում էին ու դեռ կկարդան, թարգմանություններ են արվել եւ դեռ կարվեն:
«Այն, ինչ արել է Մաթեւոսյանը հայերենի հետ, կարելի է համեմատել միայն Պուշկինի` ռուսաց լեզվի հետ արածի հետ: Հրանտը հայոց լեզուն միջազգային ռեեստր է տարել»,- ասել է ռուս գրող Ա. Բիտովը: Պարզապես պետք է հասկանալ, որ Մաթեւոսյանի ժառանգության մատուցման նոր եւ հետեւողական ձեւեր են պետք: Ոչ միայն պաշտոնական միջոցառումների ցուցակում ինչ-որ տեղեր հատկացնել, այլեւ` վերահրատարակել գրքերն ու հրատարակել անտիպ ստեղծագործությունները, թարգմանել եւ հրատարակել օտար լեզուներով, ձայներիզ-գրքեր թողարկել, ներկայացումներ բեմադրել, ֆիլմեր նկարահանել, գուցեեւ` սերիալներ ստեղծել:
Մի քանի տարի առաջ ստեղծված «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը պետք է այդ բոլոր հարցերով զբաղվեր: Հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆոնդի գործունեության ամենակարեւոր ճյուղը համարում է Հրանտ Մաթեւոսյանի գրական եւ մշակութային ժառանգության տիրապետումը: Նաեւ օգտագործումը` ֆիլմերում, գրքերում, դասագրքերում: Դպրոցական դասագրքերում տեսակարար շատ փոքր մաս ունեցող արդի հայ պոեզիան ու արձակը պարտադիր վերարժեւորման կարիք ունեն: Հիմնադրամը նախագծեր ունի կապված ոչ միայն գրքերի հրատարակման եւ վերահրատարակման հետ, այլեւ` վավերագրական, արխիվային նյութերի մշակման եւ օգտագործման: Նաեւ թարգմանչական աշխատանքներ է իրականացնում: Եվ այդ ամենն անում է կիսաբնակարանային, կիսաօֆիսային պայմաններում:
Ո՞ւմ հաշվին
ՀՀ կառավարությունը հիմնադրամին տարածք էր տրամադրել դեռ երկու տարի առաջ: Բազմաթիվ երկարատեւ ադմինիստրատիվ չարչարանքներից եւ ՀՀ վարչապետի ուղղակի միջամտությունից հետո հիմնադրամին Պուշկինի այգու մոտ 600 քմ տարածք էր տրամադրվել, որտեղ պետք է հայ գրողի անունը կրող մշակութային կենտրոն կառուցվեր: «Թվում էր, որ խնդիրը արդեն այլ ոլորտ է տեղափոխվում, եւ մենք կարող ենք արդեն բուն շինարարությանն անցնել»,- ասում է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն, գրողի որդի Դավիթ Մաթեւոսյանը: Պրոբլեմատիկ իրավիճակ էր անընդհատ ստեղծվում. փոխվում էին քաղաքապետները, գլխավոր ճարտարապետները, սակայն տարածքի հետ կապված խնդիրները շարունակում են խճճված մնալ: Դ. Մաթեւոսյանը պատմում է, որ այժմ էլ խնդիր է առաջացել «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի եւ ՀՀ նախագահի Անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանի զբաղեցրած տարածքի միջեւ. Դեմիրճյան փողոցից այդ երկու տարածքների արանքով պետք է 14 մետր լայնությամբ եւ 70-100 մ երկարությամբ ավտոճանապարհի հատված կառուցվի: Սակայն նախագահի թիկնազորը փորձում է ավտոճանապարհի համար նախատեսված տարածքն ապօրինաբար ուղիղ մշակութային կենտրոնի սահմանագծին հասցնել: «Չնայած, որ անընդհատ փոփոխվող քաղաքապետները վարդագույն խոստումներ էին տալիս, փաստորեն ստացվում է այնպես, որ վաղը ճանապարհ կառուցելու համար տարածքը մեզանից կվերցնեն»,- ասում է Դ. Մաթեւոսյանը: Սակայն այս դեպքում հիմնադրամին հատկացված տարածքը զգալիորեն փոքրանում է: Իսկ մնացած տարածքը չի համապատասխանելու քաղաքապետարանի մրցույթում հաղթած` կենտրոնի գաղափարի իրականացման համար: Տարածքը շատ մոտ է Բաղրամյան մետրոյի կայարանին, եւ նոր երկրաբանական ուսումնասիրությունների կարիք կա: «Ամեն անգամ չինովնիկների հետ հարաբերվելն ու յուրաքանչյուր սխալ որոշումն ու սխալ կետը, սխալ ստորակետը քննարկելն ու ուղղելը տանջալի գործ է, որը ամիսներ եւ տարիներ է տեւում: Համարում եմ, որ ցածր գրագիտության ցենզից բացի, այստեղ հստակ միտում կա, եթե ոչ` «հրահանգ»,- ասում է հիմնադրամի տնօրենը, ով չի բացառում, որ կարելի էր արդեն պատրաստի որեւէ շինություն մշակութային կենտրոնի վերածել, սակայն հասկանում է, որ դրանք միայն տեսական գաղափարներ են. «Արդյունքում մենք կարողացել ենք անել այն, ինչը կարողացել ենք»: Ներդրողներին շահագրգռելով ու տնտեսական տարբեր սխեմաներ գործի դնելով` հիմնադրամը պատրաստ էր շինարարություն իրականացնել, սակայն այս պահի դրությամբ կենտրոնի թիվ մեկ հիմնախնդիրը տարածքի ամբողջության հարցն է: Հիմնադրամը ֆինանսական կարողություններով համաքաղաքացիներից օժանդակության առաջարկներ է ստացել, սակայն մինչ տարածքի հետ կապված հարցերն իրենց լուծումը չստանան, գործը տեղից չի կարող շարժվել: Հիմնադրամը բավականին մարտական է տրամադրված: Տարիներ տեւած քաշքշուկը չի կարող թեւաթափ անել մեծ գրողի ժառանգությունն ամբողջացնելու եւ ներկայացնելու ցանկություն ունեցող մարդկանց եւ հատկապես` գրողի ընտանիքին: