Մայիսի 30-ին Կոնդ թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 10 տուն: Ինչպես նշել էինք, քաղաքապետարանում միջադեպից հետո այրված տների խնդիրներով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն, մասնավորապես` ճշտվեն տների վնասվածության չափերը եւ փոխհատուցման հնարավոր տարբերակներ գտնվեն: Հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում տուժած ընտանիքներին փոխհատուցելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, այսօրվանից գումարները կհատկացվեն, որպեսզի Կոնդի բնակիչները կարողանան տները վերականգնելու աշխատանքները սկսել»,- վստահեցրեց փոխքաղաքապետը: Նա նաեւ հավելեց, որ ուսումնասիրությունների եւ քննարկումների արդյունքում բնակիչների հետ համաձայնության են եկել, որ քաղաքապետարանը կփոխհատուցի վնասները, իսկ իրենք՝ բնակիչները կզբաղվեն տների վերականգնման աշխատանքներով: Հարցին, թե տուժած կոնդեցիներն այսօր հաստատ կստանա՞ն գումարները, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Դե՛, ախր դա երկարատեւ աշխատանք է, քաղաքապետը պետք է մակագրի, պետք է պայմանագրեր կնքվեն, որպեսզի ամեն ինչ օրինական դաշտում լինի, դժվար է ասել, որ կոնկրետ այսօր կարվի»: