Հայաստանում գնալով արմատավորվում է այն տեսակետը, որ մեր երկրում իշխանություններն ընտրվում են ոչ թե ժողովրդի կողմից, այլ նրանց նշանակում են գերտերությունները: Բանը հասել է նրան, որ որոշ քաղաքական գործիչներ անգամ հպարտանում են, որ այս կամ այն գերտերությունը կենտրոնանալու է իր թեկնածության վրա:
Օրինակ` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թերթին տված իր վերջին հարցազրույցում հետեւյալ հայտարարությունն էր արել. «Իմ անձնական կարծիքով, ռուսները կկենտրոնանան Արամ Կարապետյանի վրա: Իսկ ամերիկացիները կփնտրեն ու կկենտրոնանան այն թեկնածուի վրա, ով լինելով թեկուզ պրոռուսական, կպաշտպանի իրենց հիմնարար սկզբունքները` ժողովրդավարություն, ազատ շուկա, ինչպես նաեւ` հաշվի կառնի, որ ԱՄՆ-ում մի քանի միլիոն հայ է ապրում: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն էլ է իր թեկնածուի հարցում կողմնորոշվել»: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանում իշխանությունների հարցը լուծում է ոչ թե Հայաստանի ժողովուրդը` ընտրությունների միջոցով, այլ որոշակի աշխարհաքաղաքական ուժերի կողմից որոշակի պաշտոններում նշանակում են իրենց թեկնածուին: Իսկ նման հայտարարություններն ապացուցում են, որ ընդդիմության՝ «Ընտրությունը ժողովրդինն է» վերջին տարիների կարգախոս դարձած բառակապակցությունը զուտ բառերի շարան է, եւ ընդդիմությունը, որ շարունակ խոսում է ընտրակեղծիքների մասին, իրականում ինքն էլ է նույնն անելու Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Հասկանալի է, որ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերն իրենց անդրադարձն են ունենալու մյուս երկրների վրա: Բայց դա չի նշանակում, որ գերտերություններն են որոշելու, թե որտեղ ով պետք է նախագահ դառնա, ընդ որում` հակառակ տվյալ ժողովրդի կամքի: Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով, հասարակության մեջ նման մտածելակերպի արմատավորումն իր մեջ բավական լուրջ վտանգներ է պարունակում: «Մեր հասարակությունն այլեւս շատ հանգիստ է ընդունում այս կամ այն երկրի քաղաքական շրջանակների, հատուկ ծառայությունների աջակցությունը վայելող այս կամ այն քաղաքական գործչի իշխանության գալու հավանականության քննարկումը: Հանգիստ ասում ենք՝ այս մեկին հրավիրեց Բուշը, Պետքարտուղարությունը կամ Կոնգրեսը, ու մենք անհամբեր պետք է սպասենք, թե երբ է գալու նա նրանց մոտից, որ գա իշխանության: Առանց մտահոգվելու, որ մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների մասին: Ես ուզում եմ ունենալ իմ երկրի իշխանություններին, որոնք ոչ թե այս կամ այն ամենախոշորի ծառան են լինելու, այլ նախ եւ առաջ փորձելու են բավարարել իմ ռազմավարական հետաքրքրությունները»,- իր մտահոգություններն է հայտնում Խ. Հարությունյանը եւ հարցնում, թե ի՞նչ ենք անելու, եթե մեր ընտրած նախագահը ՌԴ-ի կամ Արեւմուտքի դուրը չգա: Բայց «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանն այս հարցին բավական հանգիստ է վերաբերվում: Վերջինիս կարծիքով, պետք չի հայրենասիրությունը շփոթել աշխարհաքաղաքական ազդեցությունների հետ, ինչից ՀՀ-ն եւս անմասն չի կարող մնալ: Ըստ Ա. Կարապետյանի` նույնիսկ Իրանը, որ տարածաշրջանում ամենազարգացած պետությունն է, փորձում է հենվել ՌԴ-ի եւ Չինաստանի վրա: Իսկ գերտերություններն էլ հնարավոր ամեն ինչ անում են` իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: «Աշխարհում գնում է մի պրոցես, երբ երկրները փորձում են իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունները հնարավորինս տարածել, որովհետեւ մեծ երկրները խնդիրներ ունեն` մնալու որպես գեոքաղաքական միավորներ, շուկաներ գրավել: Դրա համար էլ նրանք ուզում են ունենալ սեփական թեկնածուները: Մինչդեռ այսօրվա Հայաստանը գեղջկական մտածելակերպով մի խումբ մարդկանց ստեղծած Հայաստանն է, որտեղ զարգացման ճանապարհ գոյություն չունի: Այստեղ գոյություն ունի միայն պսեւդոպատրիոտիզմ,- իր տեսակետն այսպես է հիմնավորում ռուսամետ Ա. Կարապետյանն ու ավելացնում,- ինչքան մենք թույլ ենք, հարցերը լուծելու են գերտերությունները: Իսկ մենք այսօր շատ թույլ ենք: Ուժեղ էլ լինենք, գերտերությունները նորից փորձելու են այստեղ հարցեր լուծել: Բայց համազոր լինելու դեպքում մեզ հետ արդեն հաշվի կնստեն` որպես 5000 տարեկան ազգի ներկայացուցչի»: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավարը գտնում է, որ հայաստանյան կարելի է համարել այն թեկնածուին, ով կփորձի երկիրը տանել զարգացման ճիշտ ուղիով` այն դարձնելով գեոքաղաքական թեկուզ փոքր, բայց որոշակի միավոր: «Ինձ անվանում են ՌԴ-ի մարդ, ՌԴ-ի լրտես, բայց բոլոր օբյեկտները հենց այս իշխանություններն են հանձնում ՌԴ-ին: Եթե ես կարողանամ ապահովել երկրի զարգացման ճիշտ ուղին, ուրեմն ես հայաստանյան թեկնածու եմ, բա ի՞նչ եմ: Ի՞նչ կապ ունի, թե ես որտեղ եմ սովորել, եթե իմ արածներն առաջ են տանում: Հայաստանյան է այն թեկնածուն, ով ՀՀ-ն առաջ է տանում: Եթե վաղը գա ամերիկյան դաստիարակությամբ մեկն ու ՀՀ-ն առաջ տանի, ուրեմն հայաստանյան թեկնածուն նա է: Թե չէ, որ ասում են` սա ռուսական է, սա ամերիկյան է, սա տեղական է… Լուսակերտի հավ հո չի՞, որ տեղական լինի»,- գտնում է ՆԺ նախագահը եւ բերում Սինգապուրի օրինակը. «Սինգապուրի վարչապետը եկավ Անգլիայից: Նա մինչ այդ Սինգապուրը չէր տեսել, բայց այդ երկիրն այնպես առաջ մղեց, ինչպես ոչ մեկը»:
Ամենաարեւմտամետ քաղաքական ուժերից մեկի` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խոսքերով, այս ամենը խոսում է քաղաքական դաշտի դեգրադացիայի եւ արժեքների ու գաղափարների բացակայության մասին: «Ոմանք անհամբեր սպասում են, թե երբ է Ռուսական ցարն իրենց Ռ. Քոչարյանի փոխարեն ֆորպոստ նայող նշանակելու, ոմանք էլ սպասում են Արեւմուտքից զանգերի, որպեսզի քաղաքական պրոցես գեներացնեն: Սա աննորմալ վիճակ է եւ կշարունակվի այնքան, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել այնպիսի քաղաքական թիմ, որի նպատակը լինի ՀՀ քաղաքացու պաշտպանությունը, նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»,- գտնում է Ս. Սուրենյանցը: Հիշեցնենք, որ հենց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ է մի քանի անգամ նույն «բարձր մակարդակի հանդիպումներով» մեկնել ԱՄՆ եւ վերադառնալով հայտարարել, թե «շուտով հեղափոխություն է լինելու»: Սակայն Սուրենյանցը` «մոռանալով» այս «հանդիպումները, հայտարարում է, թե ՀՀ-ում որեւէ փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ ժողովուրդը եւ այդ հարցում չպետք է հույս դնել ոչ ՌԴ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի վրա: «ՌԴ-ն այն երկիրն է, որը սահմանափակում է ՀՀ անկախությունը եւ չի կարող այստեղ հանուն քաղաքացիների ազատության պայքար գեներացնել: Պետք չէ հույս դնել նաեւ Արեւմուտքի վրա, քանի որ այդ երկիրն ընդամենը կարող է աջակցել, բայց մեր փոխարեն չի կարող ՀՀ-ում փոփոխություններ կատարել: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, որ մեր ժողովրդի գործոնից ավելի կկարեւորեն արտաքին գործոնները, որեւէ կապ չունեն հայ իրականության եւ ՀՀ-ի հետ»: Սակայն նկատենք, որ «Հանրապետությունը» ոչ միայն համարվում է ամենաարեւմտամետ քաղաքական ուժը, այլեւ կուսակցության ներսում շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած պառակտման պատճառը հենց «դեպի Արեւմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան» վեճի պատճառով եղավ: Եվ երբ այդ մասին հիշեցրինք Ս. Սուրենյանցին, վերջինս պատասխանեց. «Ես կխնդրեի արեւմտամետ կողմնորոշումը չշփոթել Արեւմուտքից տղա բերելու դատապարտելի վարքագծի հետ: Մենք կուսակցություն ենք արեւմտյան կողմնորոշմամբ, բայց Արեւմուտքից տղա բերելու կամ մեր ներքին խնդիրներն Արեւմուտքի օգնությամբ լուծելու մտայնությամբ չենք տառապում: Իսկ եթե մեզ մոտ կան առանձին կուսակցականներ, որոնց խոսքերից գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվել, պետք է նշեմ, որ դա կուսակցության քաղաքական գիծը չէ»: ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն այս հարցին այլ կերպ է մոտենում: Նրա կարծիքով, մեզանում քաղաքական ուժերը փորձում են ընդամենը որեւէ մի երկրից «դաբրո» ստանալ: «Դա ոչ թե աշխարհաքաղաքական խնդիր է, որ ընդունում է այս կամ այն քաղաքական ուժը, այլ գիտի, որ հնարավորություն ունի առաջ գնալու միայն ինչ-որ մեկից դաբրո ստանալուց հետո: Ուստի, իրեն նույնացնում է այս կամ այն գերտերության շահերի հետ»:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով էլ, որոշ քաղաքական գործիչներ քծնում են կամ Ռուսաստանին, կամ Արեւմուտքին: Բայց պարոն Մանուկյանը դրա մեջ չէ, որ վտանգ է տեսնում: «Հայաստանի վտանգը ոչ թե դրսից է, այլ ներսից: Հերիք է` շառն անընդհատ գցեն դրսինների վրա: Ոչ մի դրսի ուժ էլ Հայաստանի վատը չի կամենում: Միակ պետությունը, որ ուզում է Հայաստանին վնասել, դա Հայաստանն է: Եվ եթե վատ բան է լինում, դրանում հայերն են մեղավոր, ոչ թե Եվրոպան, Թուրքիան կամ Ռուսաստանը,- հայտարարում է Վ. Մանուկյանը` ավելացնելով, որ այդտեղ տեսնում է նաեւ իր մեղքը։ -Ամեն մեկն էլ իր մեղքի բաժինն ունի»: