Ըմբռնումով է մոտենում

23/06/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վերջինս, իր իսկ խոսքերով, տեղյակ էր, որ հեռուստաընկերությունը երկար տարիներ զրկված է եթերից, եւ որ «Ա1+»-ն արդեն 12 անգամ դիմել է ՀՌԱՀ-ին նոր հաճախականություն ձեռք բերելու համար, սակայն 12 անգամ էլ մերժվել է:

Այս մասին Հարաշտիին թերեւս պատմել են հենց իշխանությունները, քանի որ նա չի հանդիպել «Ա1+»-ի տնօրենին: «Դա կարելի է համարել լիցենզավորման գործընթացի ակնառու թերության, խոչընդոտի, դժվարության օրինակ: Իմ հաշվետվության մեջ ես մանրամասնորեն կանդրադառնամ լիցենզավորման գործընթացին եւ մանրամասն առաջարկություններ կանեմ դրա վերաբերյալ»,- ասել է Մ. Հարաշտին: ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքերով՝ անհրաժեշտ է արտոնագրի համար դիմումների գնահատման գործընթացը դարձնել ավելի հրապարակային, կանխատեսելի, եւ այդ գործընթացի մեջ նվազեցնել քվեարկության դերը կամ ընդհանրապես սահմանափակել այն: Հարաշտին նաեւ էական եւ դրական է համարում ՀՌԱՀ ձեւավորման կարգի փոփոխությունը: Այն, որ հանձնաժողովը կազմավորի ոչ թե մեկ անձը, այլ ներկայացուցչական մարմինը: Ըստ Հարաշտիի, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտի օրենսդրության հարցում, իսկ փաստացի ազատության վիճակը «հնարավորությունից հետ է մնում, եւ որոշ չափով սահմանափակ է»: Հայաստանում անցկացրած երկու օրերի ընթացքում այսպիսի եզրակացության է հանգել մամուլի ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչը: Հետաքրքրական է, որ Հարաշտիին Հայաստան է հրավիրել Հայաստանի արտգործնախարարությունը, բայց նրա այցի ծրագիրը կազմել է ԵԱՀԿ-ն: Այդ ծրագրի համաձայն` Հարաշտին հանդիպել է Հայաստանի թե՛ իշխանական, թե՛ ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ: Նրան ընդունել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Մ. Հարաշտին մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ չնայած իր հանդիպումներին, իրենք Հայաստանի մամուլի ազատության վիճակի մասին տեղեկանում են նաեւ այլ ճանապարհով` վիճակագրություն, մամուլի հրապարակումներ, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակ… Հարաշտիի տպավորությամբ՝ Հայաստանում ազատ է միայն տպագիր մամուլը: «Մենք պարզեցինք, որ տպագիր մամուլի մեջ կա տեսակետների կատարյալ, կամ, ոմանց կարծիքով` նույնիսկ շատ կատարյալ բազմակարծություն: Բայց մենք նաեւ պարզեցինք, որ տպագիր մամուլի մեջ հանդիպող բազմակարծությունը եւ բազմազանությունը, որ կա, իրականում ապահովված չէ ավելի ազդեցիկ մամուլի մեջ, ինչպիսին հեռուստաընկերություններն են»,- նշել է Հարաշտին: Ըստ նրա, չկա հասարակական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանում: Հարաշտին նշել է, որ անհրաժեշտ է պայքարել հեռուստաեթերի մենաշնորհի դեմ: «Օրենքում բավարար չէ նշել, որ մեկ ընկերությանը հասնում է մեկ արտոնագիր, այլ պետք է նաեւ նշել, որ սեփականատերերի միեւնույն խմբին պատկանող մեկից ավելի հեռուստաընկերություն չպետք է լինի»,- կարծում է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Սակայն մյուս կողմից` նա նշում է, որ օրենքի առկայությունը դեռ բավարար պայման չէ մամուլի ազատության համար: «Պետք է ասեմ, որ Հայաստանում կան մի քանի հիանալի օրենքներ, որոնցից մեկը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն է: Բայց դա լավ իրագործման կարիք ունի»,- ասել է Հարաշտին: Վերջինս հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում չեն արձանագրվել լրագրողների հանդեպ բռնության կամ ֆիզիկական հետապնդման դեպքեր, թերեւս մոռանալով, որ ընդամենը երկու տարի առաջ տեղի է ունեցել ապրիլի 5-ի դեպքը, երբ սափրագլուխները տեսախցիկ կոտրեցին, հետո` ապրիլի 12-ի դեպքը, երբ ոստիկանությունը ծեծեց մի քանի լրագրողի, դրանից հետո տեղի ունեցավ Ծաղկաձորի դեպքը, երբ սափրագլուխները նորից ֆիզիկական ուժ էին կիրառել պաշտոնյաների եւ օլիգարխների դղյակները լուսանկարող թղթակիցների հանդեպ: Մ. Հարաշտին ասում է, որ գիտի առանձին դեպքերի մասին եւ բոլորովին նկատի չունի, որ բռնություն ընդհանրապես չի լինում, այլ` որ լրագրողների հետ տեղի չեն ունենում համակարգված եւ զանգվածային դժբախտություններ: