ԼՂՀ-ն` տարածաշրջանային զարգացման ծրագրերի խոչընդո՞տ

23/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը երեկ «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ բանավեճի ժամանակ մի ուշագրավ խոստովանություն արեց: Ս. Նիկոյանը համաձայն է Ա. Հովակիմյանի պնդումների հետ, որ «Ղարաբաղյան հարցում ոչինչ չի արվել»: Ավելին, նա նաեւ հայտարարեց, որ այդ ամենի արդյունքում՝ ՀՀ-ն դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից:

«ԼՂՀ խնդիրը սարսափելի վիճակում է: 7 տարի շարունակ ոչինչ չի արվել: Խոսելով, կեղծ հայրենասիրական լոզունգներով ժողովրդին 7 տարի շարունակ ուղղակի խաբում են: Եվ տնտեսությունը ու մարդը դրանից որեւէ զարգացում չեն ապրում: Քողարկվելով կեղծ հայրենասիրության տակ, բացարձակապես մոռացվել է մարդը` իր բոլոր խնդիրներով, շաքարավազի 350 դրամ գնով: Այս իշխանություններն ուղղակի պատրաստ չեն կարգավորելու ԼՂՀ խնդիրը եւ ամեն ինչ անելու են, որ ստասուս-քվոն պահպանվի, նույնիսկ այն գնով, որ Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում եւ ամենաթույլ զարգացած երկիրն է»,- գտնում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Իշխանությունների հասցեին հնչեցված գնահատականների հետ զարմանալիորեն համամիտ էր իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Սամվել Նիկոյանի խոսքերով, տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալը ցավալի է իր համար եւ դրա բացասական հետեւանքները զգալի են: Սակայն նա կոչ է անում պարզել, թե ինչո՞ւ այդպես եղավ: «Մեր առջեւ պայման է ներկայացվել` կամ Ղարաբաղը հետ եք վերադարձնում, կամ դուրս եք մնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրից: Բոլոր աշխարհատնտեսական ծրագրերում Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես պայմանավորել են Ղարաբաղի հարցով»,- բացատրում է Ս. Նիկոյանը` կոչ անելով պայքար մղել, որպեսզի չկայանա «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցումը: Ա. Հովակիմյանի խոսքերով, երբ նախաձեռնում էին կառուցել նավթամուղը, Հայաստանին ոչ ոք չէր առաջարկել Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: «Տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կապում էին խնդրի քաղաքական կարգավորման հետ: Ոչ թե Ղարաբաղն Ադրբեջանին տալու: Չկա այլ լուծում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի փուլային լուծումը: Կարգավիճակի խնդիրը խանգարում է բանակցությունների ընթացքին: Իսկ մեր առաջարկած փուլային լուծման դեպքում ԼՂ-ն կստանար պաշտոնապես միջազգայնորեն ամրագրված ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակ: Մենք էլ կաշխատեինք ամեն ինչ անել, որ Հայաստանն ու Ղարաբաղը տնտեսապես զարգանային եւ արդեն ուժի դիրքերից բանակցեին կարգավիճակի վերաբերյալ»: Ինչ վերաբերում է նավթամուղին, ապա Ա. Հովակիմյանի խոսքերով, մեր իշխանությունները բազմիցս իրենց կասկածներն էին հայտնել խողովակաշարի կառուցման վերաբերյալ: Բայց այսօր այն արդեն գործում է: Ու եթե իշխանությունները կասկածի տակ են առնում Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման հավանականությունը, ապա պետք է իրենց աչքի առաջ ունենան այդ հանգամանքը: «Դուք եւ Վարդան Օսկանյանը երկու ամիս է` ասում եք, որ չեք կարողանում խնդիրը լուծել: Եթե չեք կարողանում լուծել, թողեք նորմալ ընտրություններ լինի, ժողովուրդը նորմալ իշխանություն ընտրի, էդ մարդիկ խնդիրը լուծեն»,- առաջարկեց Ա. Հովակիմյանը: Նրա կարծիքով, եթե քաղաքական դաշտում վիճակն այսպես շարունակվի, ապա անիմաստ կլինի որեւէ քաղաքական ԱԺ-ի մասին խոսելը, քանի որ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված կլինի այնպես, ինչպես եղել է մինչ այդ: «Եվ այստեղ կապ չունի, թե ով ինչ զգեստ կհագնի` լիբերալի՞, թե՞ ազգայնականի: Առավել եւս, որ մեզանում հասկացությունները խեղված են` անհասկանալի է, թե ինչ ասել է, ասենք, լիբերալ: Արդյունքում, խորհրդարանը կրկին կլինի նշանակովի: Այստեղ կոալիցիան որեւէ դեր չունի: Անգամ իշխանության հենարան կուսակցություններն են զրկված քաղաքական կուսակցությանը հարիր հնարավորություններից: Կան բոլորին հայտնի կենտրոններ, որոնք ամեն ինչ կանխորոշում են,- գտնում է պարոն Հովակիմյանը` ավելացնելով։ -Հասարակությունն ընտրության իրավունքից զրկված է, եւ այստեղ է առաջանում քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահություն, նրանց դերն է նվազում»: Չնայած այս ամենին, պարոն Հովակիմյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին: