Հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցի 350.000-ը: Այսպիսին է ոլորտի պատասխանատուների կանխատեսումը: Ու թեեւ 2005թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների ընդամենը 16%-ն է հանգրվանել հայաստանյան հյուրանոցներում, այնուամենայնիվ, հյուրանոցային բիզնեսը մեր երկրում բավական շահութաբեր է:
Նշվածի ամենավառ ապացույցը հյուրանոցների թվի շարունակական աճն է: Ընդ որում, հետաքրքիր է, որ հյուրանոցներ են կառուցում ոչ միայն Երեւանում, այլեւ` մարզերում, օրինակ` Գյումրիում: Եվ նույնիսկ այն փաստը, որ հյուրանոցային տնտեսությունը խիստ սեզոնային բնույթ ունի, չի նվազեցնում ներդրողների հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ: Աշնանը, ձմռանը եւ գարնանը երեւանյան հյուրանոցները գրեթե դատարկ են: Ինքներս ականատես ենք եղել, որ բարձրակարգ հյուրանոցներից մեկում ապրիլ ամսվա 5 օրերի ընթացքում զբաղված է եղել ընդամենը 4 սենյակ, այն էլ` միեւնույն արտասահմանյան պատվիրակության անդամների կողմից: Սակայն ամռան ամիսներին պատկերն այլ է: Օրինակ, անցյալ տարվա օգոստոսի սկզբին փորձեցինք քիչ թե շատ նորմալ հյուրանոցներից որեւէ մեկում մեր արտասահմանցի հյուրերի համար սենյակներ «բրոնյա» անել: Սակայն ոչ մի հյուրանոց ազատ համար չուներ նույնիսկ առաջիկա 10 օրերին: Հավանաբար, նույն իրավիճակը կստեղծվի նաեւ այս տարի:
Այն, որ այս սեզոնին հյուրանոցային ծառայությունների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է, երեւում է նաեւ հյուրանոցների գնացուցակներից: Երեւանյան գրեթե բոլոր հյուրանոցների սենյակների գները տարբերվում են ըստ սեզոնների: Օրինակ, «Անի Պլազա»-ում երկտեղանոց սենյակի արժեքը 1 գիշերվա համար՝ կախված հարկից, ամռանը 46.000-51.000 դրամ է (մոտ 110-120 դոլար), այն դեպքում, երբ տարվա մյուս ամիսներին 43.000 դրամ է: Իսկ «Գոլդեն Փելեսում» ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում ամենաէժան սենյակն արժե 70.000 դրամ (մոտ 170 դոլար), այն դեպքում, երբ մյուս ամիսներին 54.000 դրամ է: Այսօրվա դրությամբ, Երեւանում հյուրանոցային նորմալ համարի միջին գինը 52.000 դրամ է (մոտ 130 դոլար):
Իսկ ինչպիսի՞ն է հյուրանոցային բիզնեսի վիճակը մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, որոնց հետ Հայաստանը «սիրում է» ամեն ցուցանիշով համեմատվել: Հետաքրքիր է, որ Բաքվում հնարավոր է 45-65 դոլարով գիշերել որոշ 4-աստղանի հյուրանոցների երկտեղանոց սենյակներում: Իսկ Թբիլիսում զբոսաշրջիկների կյանքը մի փոքր ավելի թանկ է, քան Հայաստանում. նորմալ հյուրանոցում 100-120 դոլարից ցածր գնով դժվար է սենյակ վարձել:
Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ հայաստանյան հյուրանոցներում «կատաղի» գումարներ են պտտվում: Մեկ գիշերվա վարձավճարը ներառում է ընդամենը որոշ հյուրանոցային ծառայություններ, իսկ այդ սահմաններից զատ, պատկերավոր ասած, բարեւելն էլ փողով է: Օրինակ, երեւանյան բարձրակարգ հյուրանոցներից մեկում (դրանք որքան էլ «աստղ» ունենան, միեւնույն է` իրենց սպասարկման մակարդակով շատ անգամ զիջում են արտասահմանյան հյուրանոցներին) համակարգչի ծառայություններից օգտվելը բավական թանկ հաճույք է: Ինտերնետի 1 ժամն արժե 1000 դրամ, տպագրության համար նախատեսված մաքուր թուղթը` 200 դրամ: Եթե հյուրը ցանկանում է «արտահերթ» սուրճ խմել, ապա պետք է վճարի 3000 դրամ:
Պարզ է, որ ամբողջ աշխարհում հյուրանոցային ծառայությունները թանկ արժեն, սակայն Հայաստանում գործում է եւս մեկ տրամաբանություն. «Դե, արտասահմանցիները վճարունակ են, ինչո՞ւ չօգտվել այդ հանգամանքից եւ չհարստանալ»: Սակայն պետք է հաշվի առնել, թե ինչպես են այդ արտասահմանցիները հայտնվում Հայաստանում: Նրանց մեծամասնությունը մեր երկիր է գալիս ոչ թե հայաստանյան տեսարժան վայրերով հիանալու, այլ` կոնկրետ գործնական նպատակներով: Ասենք, հայկական որեւէ կազմակերպություն իր արտասահմանյան գործընկերներին հրավիրում է մասնակցել սեմինարի կամ կոնֆերանսի: Նրանց տեղավորում է հյուրանոցում, եւ ինքն էլ վճարում է վերը նշված բոլոր ծառայությունների դիմաց:
Փաստորեն, ստացվում է` այն եկամուտները, որ ստանում են հյուրանոցները, մեծամասամբ հայաստանցիների հաշվին են: