«Բրիլիանտ» վիճակագրություն

23/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Սակայն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախնական տվյալների, միայն մայիսին տնտեսության ցատկը եղել է 33%: Այս ցուցանիշը նախանձ կառաջացներ նույնիսկ Չինաստանի մոտ, որն աշխարհին հայտնի է իր իրական տնտեսական վերելքի արագությամբ: Մայիսի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը կազմել է 566,6 մլրդ դրամ:

Դժվար չէր կռահել, որ 1 ամսում 33%-անոց տնտեսական աճը պարտական է շինարարության ոլորտին, հատկապես` նորակառույց էլիտար շենքերին: ԱՎԾ-ի տվյալներով, միայն մայիսին շինարարության ծավալներն աճել են 73,5%-ով, գյուղատնտեսությանը` 40%-ով, ծառայություններինը` 6,1%-ով: Թեեւ արդյունաբերական արտադրանքի ծավալները մայիսի ընթացքում կրճատվել են 0,8%-ով, այնուամենայնիվ, արդյունաբերության ճյուղը շարունակում է ՀՆԱ-ում ամենամեծ տեսակարար կշիռը կազմել (մոտ 43%):

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը նույնպես շարունակում է աճել: Ըստ ԱՎԾ-ի նախնական տվյալների, տարվա առաջին 5 ամիսներին այն ավելացել է 9,7%-ով, միայն մայիսին` 15,5%-ով` հասնելով 1 մլրդ 107 մլն դոլարի: Սակայն Հայաստանին այդպես էլ չի հաջողվում (դեռ շատ տարիներ չի էլ հաջողվի) էականորեն նվազեցնել առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը: Ներմուծման ծավալները մայիսի վերջին 429,2 մլն դոլարով (ՀՆԱ-ի 32,3%-ը) գերազանցել են արտահանման ծավալները: Թեեւ մայիսին դոլարը շարունակաբար գահավիժում էր, ինչն, ըստ շուկայական օրենքների, պետք է հանգեցներ ներմուծման ավելացմանն ու արտահանման նվազմանը, այնուհանդերձ, ԱՎԾ-ի տվյալները հակառակն են փաստում: Նշված ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 22,3%-ով, իսկ ներմուծումն` ընդամենը 12,6%-ով: Հարկ է նշել նաեւ արտաքին ապրանքաշրջանառության մեջ ադամանդի մեծ դերը: Առանց ադամանդների հոդվածի, այս տարի Հայաստանի արտահանումն ավելացել է 2,2%-ով, իսկ ներմուծումը` 27%-ով: Այստեղից կարելի է եզրակացնել, թե մեկ ոչ կարեւոր ապրանքատեսակ որքան կարող է ազդել որեւէ մակրոտնտեսական ցուցանիշի իրական պատկերի վրա: Ադամանդը Հայաստանի համար ոչինչ է, ավելի շուտ` ձեւական պատվեր` ներմուծում-մշակում-արտահանում սխեմայով, որն էականորեն չի կարող ազդել տնտեսական զարգացման վրա: Առանց արտաքին առեւտրի մեջ ադամանդը հաշվարկելու` ակնհայտ է դառնում նաեւ փոխարժեքի կատարած դերը:

Հ.Գ. Փաստորեն, բնակչությունն իզուր է թերահավատորեն մոտենում Հայաստանի պաշտոնական վիճակագրությանը: Դա ճիշտ է, եւ ոչ ոք չի խաբում հասարակությանը: Պարզապես, յուրաքանչյուր ցուցանիշ հաշվարկելիս ի հայտ է գալիս մի «ադամանդ», որն ադամանդի պես փայլուն ձեւով մեխանիկորեն «նկարչություն» է անում: