Հրաժեշտ կտա պաշտոնին

23/06/2006

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս ամսվա վերջին ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայության (Public Broadcasting Service – PBS) փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ կտա Ջեքոբա Էթլասը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ պատճառն այս տարվա ապրիլի 17-ին PBS-ով Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենի ցուցադրումից հետո Հայոց ցեղասպանության թեմայով բանավեճի եթեր հեռարձակումն է: Հայկական կողմը պնդում էր, որ Ցեղասպանության փաստի վիճարկումն անթույլատրելի է: Սակայն Էթլասը պնդեց, թե բանավեճն անհրաժեշտ է, եւ այն եթեր հեռարձակվեց ԱՄՆ-ի մի շարք նահանգներում: Իսկ երբ Էթլասը հայտարարեց, թե «հայկական եւ հրեական ցեղասպանությունները համանման փաստեր չեն», «Կալիֆոռնիա կուրյեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր հրապարակումներով իշխանություններին կոչ արեց պաշտոնից ազատել Էթլասին: Հարցի շուրջ Կոնգրեսի անդամների բողոք-նամակի անտեսումն Էթլասի կողմից մեծապես վնասեց PBS-ին: «Այդ մերժումը բավական թանկ նստեց կայանի վրա, որովհետեւ Կոնգրեսն ամեն տարի մի քանի հարյուր միլիոն դոլար կառավարական ներդրում է կատարում, եւ անցյալ շաբաթ որոշում կայացվեց, հիմնականում քաղաքական պատճառներով, կրճատել 2007թ. բյուջետային հատկացումը PBS-ին եւ լրիվ վերացնել 2008թ. հատկացումը»,- ասել է Հ. Սասունյանը: