«Արմինֆոյի» հաղորդմամբ, Ազգային վիճակագրական ծառայությունը հունվար-մայիս ամիսների համար արձանագրել է ՀՆԱ-ի 10,5%-անոց աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այն ընթերցողներին, որոնց չոր թվային տվյալները չեն հետաքրքրում, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանց կանդրադառնանք շատ հակիրճ, որից հետո կանցնենք ավելի հետաքրքիր թեմայի։
Տնտեսական աճի ցուցանիշին չենք անդրադառնա. այն ինչ-որ առումով սպասելի էր։ Փոխարենը կխոսենք մեկ այլ տնտեսական ցուցանիշի՝ սպառողական գների ինդեքսի մասին (գնաճ)։ Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համեմատ գներն աճել են 5,7%-ով, իսկ մայիսի գնաճը ապրիլի նկատմամբ կազմել է 2.4%։ Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում արձանագրված 5,7%-անոց գնաճը գրեթե երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. 2005թ. հունվար-մայիսի գները 2004-ի համեմատ աճել էին 2.9%-ով։ Կենտրոնական բանկը գնաճի այս տեմպերը նորմալ է համարում։ «Ըստ էության, գնաճի ցուցանիշները համապատասխանում են ոչ միայն կանխատեսումներին, այլ նաեւ տարեկան առավելագույն 3% նպատակային ցուցանիշի ապահովման սցենարին»,- ասվում է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ։ Թե որքանով ճիշտ դուրս կգան ԿԲ կանխատեսումները, ցույց կտա ժամանակը։
ԿԲ-ն հիմնվում է Ազգային վիճակագրության ծառայության տվյալների վրա։ 2006թ. ապրիլից սկսած ԱՎԾ-ն գնաճը հաշվարկում է նոր սպառողական զամբյուղի հիման վրա, որը նախկին 400 անուն ապրանք-ծառայությունների փոխարեն այժմ ներառում է 470-ը։ Ըստ այս նոր զամբյուղի, վերահաշվարկվել են նաեւ առաջին երեք ամիսների ցուցանիշները։
Այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք։ Նախկին զամբյուղի հիման վրա հաշվարկված ցուցանիշները զգալիորեն բարձր են նորից։ Այսպես, 2006թ. հունվարին ԱՎԾ-ն արձանագրել էր 3.6%-անոց գնաճ 2005-ի դեկտեմբերի համեմատ, մինչդեռ վերահաշվարկված տարբերակում հունվարի ցուցանիշը դարձել է 2.5%։ Փետրվարի 0.2%-անոց գնաճի ցուցանիշը վերագնահատման արդյունքում չի փոխվել, փոխարենը՝ մարտին արձանագրված 0.4%-ը նոր եղանակով դարձել է 0.1։ Փաստորեն, նոր եղանակով հաշվարկը փոքրացրել է առաջին 3 ամիսների գնաճի ցուցանիշը 1.4%-ով։ Այս նվազեցումը տեղի է ունեցել սպառողական զամբյուղին ավելացած 70 անուն նոր ապրանք-ծառայությունների հաշվին։
ԱՎԾ կայքէջում ներկայացված են բոլոր ապրանքների գների փոփոխությունները, սակայն ավելացած 70-ի գների դինամիկան զարմանալիորեն բացակայում է։ Մեզ չհաջողվեց ԱՎԾ-ից իմանալ դրա պատճառը: Փորձեցինք եղած տվյալներով գլուխ հանել ներկայացված թվերից եւ հայտնաբերեցինք անչափ հետաքրքիր, անհավատալի եւ ծիծաղաշարժ բաներ։
470 անուն ապրանք-ծառայությունների ցուցակի ընթերցումն արդեն իսկ հետաքրքիր է բովանդակային առումով։ Օրինակ, դուք գիտեի՞ք, որ ձեր սպառողական զամբյուղի մասն է կազմում բյուրեղապակյա ծաղկամանը՝ կապ չունի՝ ինչ մեծության, ինչ որակի եւ այլն։ Ծաղկամանը կարեւոր ատրիբուտ է ձեր սպառման մեջ եւ դրա գների փոփոխությունն ազդում է ինֆլյացիայի մակարդակի որոշման վրա։ Իսկ, ասենք, հեռախոսային խոսակցության սակագները մինչեւ 2006թ. ապրիլ ամիսը ներառված չէին սպառողական զամբյուղում։ Պարզվում է՝ ծաղիկները պահելն ու ջրելը շատ ավելի կարեւոր է, քան հեռախոսով խոսելը։ Գալով ծաղիկներին, նշենք, որ դրանք նույնպես չեն վրիպել վիճակագիրների ուշադրությունից, սակայն, չգիտես ինչու, հատուկ ուշադրության է արժանացել միայն մեխակը։
Նման առանձնահատուկ վերաբերմունքի կարելի է հանդիպել նաեւ այլ դեպքերում։ Օրինակ, մի տեղ նշվում է ընդհանուր «պաղպաղակ» ապրանքատեսակի գների փոփոխությունը, իսկ հաջորդ իսկ տողում առանձին նշված է «Թամարա» ֆիրմայի արտադրության շոկոլադային պաղպաղակը։ Իսկ, ասենք, աղացած սուրճի համար, որի տեսակները գնային զգալի տարբերություն ունեն, ներկայացված է մեկ ընդհանուր միջին գին։
Ծխախոտը միջին եւ հատկապես փոքր եկամուտներ ունեցող ընտանիքների բյուջեում բավական մեծ տեսակարար կշիռ ունի։ Այս դեպքում լիովին հասկանալի է, որ դրանց մի քանի տեսակներ ներկայացված են։ Սակայն անհասկանալի է, թե արտասահմանյան «L&M» եւ «Marlboro» սիգարետների կողքին ի՞նչ գործ ունի «Magna»-ն, որի սպառման ծավալները շատ փոքր են։
Մենք նաեւ պարզեցինք, որ սպառողական զամբյուղում գոյություն ունի բավականին մեծ «կոշկեղենի բաժին»՝ 470 տողից 21-ը նվիրված է այս հույժ կարեւոր ապրանքատեսակին՝ էլ կանացի, էլ տղամարդու, կանացի ճտքավոր, բնական կաշվից, արհեստական եւ այլն։ Սա էլ բավական չէ, առանձին տեղ է հատկացված կոշիկի վերանորոգման ծախսերին, եւ ամենազավեշտալին՝ «կոշիկի կրունկի վերանորոգմանը»` առանձին։ Չգիտեինք, որ կոշիկի կրունկի վերանորոգումը չի մտնում կոշիկի վերանորոգման աշխատանքների մեջ։ Նույն հաջողությամբ կարելի էր ավելացնել «տակացու փոխել» եւ այլն։
«Կոշկագիտության» մանրամասն ուսումնասիրության ֆոնի վրա աչքի են զարնում ավտոմեքենաների գները։ Օրինակ, կարող եք հայտնաբերել, որ «Մերսեդեսի» գինը նախորդ տարվա համեմատ իջել է 7%-ով։ Մեքենա վարող ցանկացած մարդ պարզապես կծիծաղի այս տեղեկության վրա։ Ոչ թե այն պատճառով, որ գների նվազմանը չի հավատում, այլ հենց ձեւակերպման վրա։ Խորհրդային տարիներին, երբ «Վոլգան» արտադրվում էր տարիներ շարունակ առանց արդիականացվելու, կարելի էր դատել գների մասին։ Սակայն «Մերսեդեսն» ունի տասնյակ մոդելներ եւ ամեն տարի թողարկում է նորերը՝ նոր գներով։ Կոշիկի համար 21 տեսակ առանձնացված է, իսկ «Մերսեդեսը» ներկայացված է որպես ստանդարտ ապրանք, ինչպես, ասենք, շաքարավազը կամ ծաղկակաղամբը։ Բավական զվարճացրեց նաեւ «սառը ջրի վարձ» հոդվածը, հատկապես` առաջին բառը։
Այժմ զվարճալի բաներից անցնենք մի քիչ ավելի լուրջ թեմայի՝ բնական գազի գնին։ ԱՎԾ-ի խնդիրն այստեղ հեշտ է. պետք չէ ուսումնասիրություն կատարել, համեմատել տարբեր կազմակերպությունների գները, հաշվել միջինը եւ այլն։ Պարզապես հարկավոր է վերցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած սակագինը։ Թվում էր՝ այստեղ պետք է ամեն ինչ պարզ ու հասկանալի լիներ, քանի որ բնակչությունը շատ լավ տեղեկացված է սակագներին, մանավանդ վերջին թանկացումներից հետո։ Ապրիլ ամսից սկսած ԱՎԾ-ն գնաճի հաշվարկման հիմք է ընդունում 2005թ. գները։ 2005 եւ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում դրանք անփոփոխ էին՝ ամսական մինչեւ 10.000 խմ օգտագործողների համար 59 հազար դրամ (1000 խմ), 10 հազարից ավելի սպառում ունեցողների համար՝ 79.1 ԱՄՆ դոլար։ Որքա՞ն ենք մենք այժմ վճարում բնական գազի դիմաց։ 59 հազար դրամի փոխարեն վճարում ենք 65 հազար, 79.1 դոլարի փոխարեն՝ 94.5։ Հիշեցնենք, որ պաշտոնական սակագինն ավելի բարձր է (90 հազար դրամ եւ 146.51 դոլար), եւ դրամի մի մասը պետությունը սուբսիդավորում է։ Սակայն եկեք վերցնենք փաստացին։ Քիչ սպառողների համար 1000 խմ գազը թանկացել է 6000 դրամով կամ 10,1%-ով։ Խոշոր սպառողների համար տարբերությունն ավելի զգալի է՝ 79,1-94,5 դոլար, կամ 19.4%։ Ստացվում է, բնական գազի գինը միջինում թանկացել է 14.75%-ով։ Իսկ ԱՎԾ-ն մեզ ներկայացնում է ոչ մի բացատրության չենթարկվող սակագին. նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ բնական գազի գնի աճը կազմել է 3.4%։
Ապրանք-ծառայությունների քանակի ավելացումը, իհարկե, նպաստում է սղաճի առավել ճիշտ գնահատմանը։ Կան այնպիսի ապրանքներ եւ ծառայություններ, որոնք մինչ այժմ զարմանալիորեն հաշվի չէին առնվում գների հաշվարկման մեջ, օրինակ` հեռախոսային խոսակցությունների սակագինը, ինտերնետի վարձը, բջջային հեռախոսի րոպեավճարը, բջջային հեռախոսների, համակարգիչների սակագները եւ այլն։ Սակայն կան շատ բաներ, որոնք այս զամբյուղում բացակայում են։ Օրինակ, 2005թ. դեկտեմբերի 1-ից «ՀայՌուսգազարդը» գանձում է տեխնիկական սպասարկման ծառայության վճար՝ գազի 1 սարքավորում ունեցող սպառողների համար` տարեկան 2400 դրամ, 2 եւ 3 սարքավորում ունեցողների համար` համապատասխանաբար` 5700 եւ 6900 դրամ։ Այս ծառայությունը, որը բոլոր բաժանորդների համար պարտադիր է՝ ցուցակում չկա։ Միգուցե ամսվա կտրվածքով այն այդքան է՞լ մեծ գումար չի կազմում եւ վիճակագիրները չե՞ն կարեւորել այդ ծառայությունը։ Սակայն մյուս կողմից` ցուցակում ավելացել են «մաստակ» եւ «հեռուստացույցի տակդիր» ապրանքներն ու «ավտոմեքենայի լվացում», «վարորդական դասընթաց» հույժ անհրաժեշտ ծառայությունները։ Քիչ էր մնում մոռանայինք «քաբաբի մատուցումը», որը մեր վիճակագիրները կարեւորել են եւ ավելացրել սպառողական զամբյուղում (նշենք, որ խորովածի մատուցումը ներկայացված է առանձին տողով)։
Ահա այսպիսի հետաքրքիր բան է վիճակագրությունը։