Ի՞նչ կապեր ունեին

23/06/2006

Քենիայի ընդդիմությունը նախօրեին պահանջել է պարզել, թե ի՞նչ կապեր ունեին երկրից արտաքսված հայազգի եղբայրներ Արթուր Մարգարյանը եւ Արթուր Սարգսյանը Քենիայի ղեկավարության հետ: Քենիայի նախագահ Մվաի Քիբակին կարգադրել է հանձնաժողով ստեղծել եղբայրների գործունեությունը քննելու համար, սակայն ընդդիմությունը գտնում է, որ հանձնաժողովն անաչառ չէ, եւ այդ հարցով պետք է զբաղվի խորհրդարանը: «Հայերն ակնհայտորեն առնչվել են Քենիայի վերնախավի հետ, եւ հանձնաժողովի անկողմնակալությունը հարցականի տակ է»,- ըստ «Ռոյթերզի», ասել է Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ուհուրու Քենյաթան: Տեղական մամուլը պնդում է, որ հայազգի եղբայրները կապեր ունեին նախագահի երկրորդ կնոջ հետ: Քիբակին դա կտրականապես ժխտում է: Քենյաթան պնդում է, թե փետրվարին հայազգի եղբայրներին տեսել են նախագահական նստավայր մտնելիս: «Իշխանությունները պետք է բացատրեն Քենիայի ժողովրդին, թե ինչպե՞ս են այս մարդիկ մտել նախագահական, ի՞նչ էին նրանք անում այնտեղ եւ ո՞ւմ են հանդիպել»,- ասել է ընդդիմադիր գործիչը: