Եթե չենք ուզում դառնալ իզգոյ-պետություն

23/06/2006 Անդրանիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռանախագահները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, վերջին շրջանում առավել կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս ղարաբաղյան թնջուկը մոտ ապագայում հանգուցալուծելու անհրաժեշտության վերաբերյալ, որում 2006թ., ըստ նրանց, ունենալու է վճռորոշ դերակատարություն: Դա իր հերթին նշանակելու է կանգնել նոր մարտահրավերների առջեւ. կամ գնալ կայուն եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկրի տնտեսական զարգացումն իրապես ապահովելու, միջազգային կառույցներին ինտեգրվելու ճանապարհով, կամ հարցի ձգձգմամբ խորացնել երկրի տնտեսական ծանր վիճակը, շարունակելով հավատարիմ մնալ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակին` կանգնելով իզգոյ-պետության վերածվելու վտանգի առջեւ:

Երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջեւ: Օրեցօր աճող լարվածությունը Մերձավոր Արեւելքում եւ Իրանում հանուն գեոպոլիտիկ շահերի, Ռուսաստան-ԱՄՆ պայքարը Անդրկովկասն ամբողջապես բախման կիզակետի են վերածում, որից, բնականաբար, փորձում է օգտվել Ադրբեջանը` հայկական ուժերի գրաված տարածքները ետ վերադարձնելու ակնկալիքով:

ԼՂՀ հարցի լուծման բանալին գերտերությունները տեսնում են «Չեն լինելու ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ» եւ ոչ թե այս իշխանությունների կողմից որդեգրած «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգախոսի մեջ: Այդ մոտեցումը, վաղ թե ուշ, չի հանդուրժվելու եւ մերժվելու է: Պարզից էլ պարզ է, որ ԼՂՀ հարցի լուծման բանալին ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իրավասության դաշտում չէ: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը դարձել են յուրատեսակ պատանդ Մեծ տերությունների ձեռքին:

Ակնհայտ է դառնում, որ ՀՀ քաղաքական ներկա ղեկավարությունը սկսել է համոզվել, որ ոչ մի թիզ հող չզիջելու քաղաքականությունը դատապարտված է, եւ իրենք ոչինչ ավելի, քան առաջարկում էր ՀՀ Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, ի վիճակի չեն անել:

Ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակն այլընտրանք չունեցավ, եւ արդիական է հնչում նրա այն կարծիքը, որ չարժե ԼՂՀ հարցում ինքնախաբեությամբ զբաղվել եւ զուր պատրանքներ փայփայել: «Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք» (տես` «Հայք»,1997թ., նոյեմբերի 1, էջ 3):

Պատրանք եւ ուրիշ ոչինչ չի կարելի համարել այն թյուրիմացությունը, թե ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի` միջազգային իրավունքի սուբյեկտներ ճանաչելու գաղափարը, ի հակակշիռ Արեւմուտքի կողմից Կոսովոյի ճանաչման վերաբերյալ արած հայտարարությունների, կարող է նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը:

Այն, որ այդ դեմարշը Ռուսաստանի կողմից միայն Վրաստանին դիվանագիտական ճնշման ենթարկելու միջոց է, կասկած չի հարուցում, քանի որ հենց ՌԴ-ն իր կազմում ունի 20 Ղարաբաղ ու Կոսովո, իսկ նրանից հօգուտ Ադրբեջանի դիրքորոշում սպասելն առավել իրատեսական է նաեւ այն առումով, որ տարածքային ամբողջականության պահպանումը ՌԴ համար պետությունը փլուզումից զերծ պահելու գրեթե միակ միջոցն է: Դրան հավելենք Պուտինի այն պնդումը, որ ոչ մի գերտերություն երբեք այդքան հետեւողական չի եղել մուսուլման ժողովուրդների ազգային քաղաքական շահերը պաշտպանելու գործում, որքան Ռուսաստանը:

Եվ ինչո՞ւ պիտի Ռուսաստանը ղարաբաղյան հարցում ունենա հայամետ դիրքորոշում, երբ համոզված է, որ ԼՂ հարցի չկարգավորված լինելն Անդրկովկասում իր ներկայությունը մշտապես ապահովելու հզոր հաղթաթուղթ է:

Այսօր Հայաստանը ԼՂՀ հարցի չկարգավորված լինելու հետեւանքով դուրս է մնում տարածաշրջանային բազմաթիվ գործընթացներից` դառնալով Ռուսաստանի ֆորպոստ, իսկ տնտեսությունն էլ, որքան էլ թմբկահարվի զարգացման բարձր տեմպերի մասին, շարունակում է մնալ անմխիթար վիճակում, չնայած Վարդան Օսկանյանի պնդումներին, թե 4 հարեւաններից 2-ի` Ադրբեջանի, Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ ունենալը Հայաստանի զարգացմանը խոչընդոտող գործոններ չեն, վիրահայության հիմնախնդիրները քաղաքականացնելը չի ծառայում երրորդ տերության շահերին, չի վնասում հայ-վրացական առանց այն էլ զգայուն ու փխրուն քաղաքական հարաբերություններին: Այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել այն փաստը, որ ըստ սոցիոլոգիական հարցումների, վրացիների 28,1%-ը Հայաստանը համարել էր Վրաստանին թշնամի երկիր, իսկ հայ-իրանական հարաբերությունները չեն վտանգվում` այն ստորադասելով Ռուսաստանի գեոպոլիտիկ շահերին, եւ առանց այդ հարեւանների հետ առնչություններ ունենալու էլ Հայաստանը կզարգանա եւս 100 տարի, երկրի ազգային անվտանգությանն առնչվող խնդիրները հասարակության լայն շերտերին անհանգստանալու իրական հիմքեր են տալիս:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» մոտեցումը, ամեն գնով ԼՂՀ հարցի լուծման ձգձգումը, փաստորեն, մեկ գերնպատակ է հետապնդում. երկրում ապահովել ներկա վարչախմբի մշտնջենականությունը, վերարտադրվելու անխափան հնարավորությունը: Հրատապ է դառնում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ իրականացնել արմատական փոփոխություններ, որոնք հրամայաբար դառնում են անհրաժեշտ:

Սակայն, «ումո՞վ» եւ «ինչպե՞ս» հարցերին տրվում են տարաբնույթ պատասխաններ:

Թե իշխանական դաշտից գործող նախագահին փոխարինող ինչ անուններն են շոշափվում, հայտնի է բոլորին: Նույնն էլ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, սակայն այս պարագայում անձինք ու անունները չէ, որ առաջնային են:

Հայ հասարակության համար առավել կարեւորը քաղաքական ճանապարհի ընտրության հարցն է, ազգայնական-պահանջատիրակա՞ն, համայնավարական-կոմունիստակա՞ն, թե՞ ժողովրդավարական-լիբերալ-ազատական:

Դաշնակցական-ազգայնական-պահանջատիրական եւ համայնավարական-կոմունիստական մոտեցումների իրական իմաստը մեր ժողովուրդը վաղուց է հասկացել, սակայն դեռեւս չունի այն վճռականությունը, որ մեկընդմիշտ «ոչ» ասի նրանց, ովքեր «Ծովից ծով» գոռալով», 2,5 տարվա ընթացքում, Լեոյի պատկերավոր խոսքերով ասած, Հայաստանը դարձրին գերեզմանոց, եւ այսօր հավակնում են իրենց վերագրել նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի բոլոր արդյունքները: Կոմունիստական դիկտատուրայի մասին խոսելն անգամ ավելորդ է, սերունդների հիշողությունից այն դեռեւս շատ չի ջնջվել: Արցախյան շարժման ամբողջ ընթացքում այս ուժերը չծառայեցին նորանկախ պետության շահերին:

Ժողովրդավարական-ազատական արժեքների բուն էությունն ու իմաստը մեր հասարակության լայն շերտերի կողմից դեռեւս հավուր պատշաճի չեն ընդունվում, քանզի այն ավելի շատ նույնացնում են ամենաթողության, կապիտալի կուտակման, վայրի մրցակցային դաշտի հետ: Մինչդեռ ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների, գործող օրենքների, ազատ շուկայական հարաբերությունների գերակայությամբ է պայմանավորված:

Մեր խորին համոզմամբ, ժողովրդավարական-ազատական արժեք կրող գործիչ է (թեկուզ իր հրաժարականի օրինակով) ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված նրա առաջարկություններն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, քանզի`

1. Առնվազն այս պահին ԼՂՀ միջազգային ճանաչումն անիրատեսական է:

2. Ղարաբաղի հարցում մեր մաքսիմալիստական պահանջներն անընդունելի են միջազգային հանրության կողմից:

3. Փաթեթային տարբերակը, ինչը պնդում էին այսօրվա իշխանությունները, իրենց իսկ կողմից սկսել է մերժվել, եւ առաջ են քաշվում խառնածին, լղոզված ձեւակերպումներ, որոնք ազդեցիկ ներկայացնելու համար հրամցվում են դիվանագիտական «խորամանկ» ձեւակերպումներով:

4. «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակը երկար տեւել չի կարող: Իսկ դրա շարունակվելը մեզ կկանգնեցնի իզգոյ-պետության վերածվելու վտանգի առջեւ, քանզի ժամանակն ակնհայտորեն աշխատում է հօգուտ Ադրբեջանի:

5. Տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու, նոր պատերազմը բացառելու, համաչափորեն զարգանալու պայմաններ ստեղծելու քաղաքականությունն այլընտրանք չունի, այլընտրանքը, Վանո Սիրադեղյանի պատկերավոր արտահայտմամբ, «ճամփեզրի չորացած ծառին թառած քոռ բուի» կարգավիճակն է:

6. ԼՂՀ հարցում ժամանակն աշխատում է հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած տեսակետների, եւ ներկա քաղաքականությունը վաղ թե ուշ դատապարտված է ֆիասկոյի:

Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի տեսակետները որքան էլ իրատեսական լինեն ԼՂՀ հարցի կարգավորման, տարածաշրջանային զարգացումների եւ այդ գործընթացներում Հայաստանի դերի վերաբերյալ, կմնան սոսկ գաղափարներ, եթե չլինի այն առաջ տանող հզոր քաղաքական կամք ունեցող քաղաքական ուժը, որն ի զորու կլինի հետեւողական աշխատանքի միջոցով (կուսակցական-կազմակերպչական, բացատրական եւ այլ բնույթի) հիմնավորել, հասարակությանը հասկանալի դարձնել սույն մոտեցումների առաջնայնությունը մեր պետության զարգացման գործում: