Հունիսի 21-ին Ստեփանակերտում մեկնարկեց միջազգային գիտական կոնֆերանս՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը, ներկան, ապագան» խորագրով, որը նվիրված է ԼՂՀ հռչակման 15-ամյակին: Միջոցառմանը, որը կշարունակվի 3 օր, առաջինը ելույթ ունեցավ գերմանացի հայտնի հայագետ Տեսսա Հոֆմանը, որը զուգահեռներ անցկացրեց աբխազական, օսեթական եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ: Ելույթից հետո նա լրագրողներին հայտնեց, որ, ի տարբերություն վերոնշյալ հակամարտությունների, ղարաբաղյան հակամարտության մեջ այնքան մեծ չէ Ռուսաստանի դերը: Բացի դրանից, Ղարաբաղյան պատերազմը կարելի է ազատագրական անվանել, քանի որ հայերը ազատագրել են այն հողը, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Տիկին Հոֆմանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է երկու պատճառով: Առաջին՝ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, եւ երկրորդ` չկա հակամարտության իրական պատճառների վերլուծություն: Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխման հնարավորության մասին, նա Ղարաբաղին խորհուրդ է տվել ձգտել հասնել ճանաչման` գոնե մեկ ճանաչված պետության կողմից: