Շուտով կրկին փողոցում կհայտնվեն

23/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւան քաղաքում մի անկյուն կա, որտեղ բնակվող մարդկանց կենսակերպը հնարավոր չէ նկարագրել եւ, որոնց գոյության մասին հավանաբար մեր իշխանությունները տեղյակ չեն, քանի որ առանց փաստաթղթերի, առանց գրանցման հանգրվանել են Սովետական տարիներից մնացած ուսումնարանի շենքում:

Ուսումնարանի տեղն էլ դժվար է բացատրել, որովհետեւ այն գտնելու համար պետք է Տէց-ի «կռուգում» հազվադեպ երեւացող մարդկանցից հարցուփորձ անելով գտնել այդ շենքը: Տէց-ի «կռուգից» դեպի Շենգավիթ համայնք տանող ճանապարհի մի գողտրիկ մասում գտնվող նախկին ուսումնարանի քանդված շինությունն անգամ դռներ ու պատուհաններ չունի: Ամեն մի անծանոթի այցելությունն այս տարածքի բնակիչների մոտ զարմանք է առաջացնում, քանի որ շատ մեկուսացած են մարդկանցից, ու անծանոթ մարդն առանց նպատակային այցի դժվար թե հայտնվի նրանց տարածքում: Առանց դուռ ու պատուհանի պատերի արանքում աչքերը կարմրած մի կին կծկվել, լաց է լինում:

Անթառամ Առաքելյանն է, ով 38 տարեկան է եւ երկու երեխաներին կորցնելու վախից շատ է տառապում: Երեխաների մասին խոսելիս այնպես է հեծկլտում, որ դժվար է հասկանալ, թե ինչ է խոսում: Արդեն երկրորդ տարին է լրանում, ինչ 2 երեխաների հետ փողոցներում հայտնված Անթառամն ուսումնարանի շենքի սենյակներից մեկում է մնում: «Փողոցներում էինք մնացել, էն ժամանակ էլ հղի էի, տեղ չունեի մնալու: Մի ծանոթ ունեմ՝ Սուսանը, խղճաց մեզ, բերեց էս շենք, իրա սենյակի մեջ պահեց»,- պատմում է 2 երեխաների մայրը, որն իր կենսակերպից այնքան չարացած է, որ ուզում է ողջ աշխարհին անիծել: Նրա ծանոթ Սուսանը, ով խղճացել, կացարան է տվել, հիմա արդեն վռնդում է Անթառամին, քանի որ շատ է երկարել նրանց իր սենյակում պահելը: «Դե՛, էդ մարդուն ո՞նց ասեմ՝ ինչի՞ ես հանում, լավություն արեց, ինձ քուչեքից բերեց էս 4 պատի մեջ, հիմա ես ի՞նչ պահանջեմ, ասեմ` մի՞ հանի ինձ: Լավությանը հո վատությունով չե՞մ պատասխանելու»,- ասում է Անթառամը: Մինչեւ փողոցում հայտնվելն Անթառամն ինչ-որ գործարանում պահակ է աշխատել եւ այնտեղ էլ ապրել է: Աշխատանքը կորցնելուց հետո նա այլեւս գնալու տեղ չի ունեցել:

Երեխային հանձնել է մանկատուն

Ուսումնարանի շենքի մյուս բնակիչները հավաքվում են Անթառամի շուրջն ու պատմում են, որ անցյալ տարի նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Վիրահատել են, սակայն… Ինձ մի կողմ քաշելով` ասացին, որ նա քաղցկեղ ունի, եւ նրա կյանքը վտանգի տակ է: «Հիվանդ եմ, բժիշկները թույլ չեն տալիս ծանր գործ անեմ, բայց հեն ա` հարեւանները տեսնում են, որ ինչ պատահի, անում եմ, մենակ երեխեքիս պահեմ»,- վստահեցնում է Անթառամը, ով տեսնելով, որ երեխաները սովամահ են լինում՝ ստիպված փոքր որդուն հանձնել է մանկատուն: Հարեւանները միջամտում են՝ «Մեկից ձեթ են ուզում, մեկից հաց են ուզում, մի գդալ պեսոկ են ուզում, սրա-նրա դուռն են ծեծում սովածությունից: Էն օրը երեխեն եկել ա, ասում ա՝ փող կտա՞ս բուդկից բան առնեմ, ուտեմ»: Անթառամի 4 տարեկան Սարգիսին բոլորը «մաուգլի» են ասում: «Ախր, գոնե մի բանով օգնեին, ախր, երեխես սովամահ ա լինում, 2 տղա ունեմ, հես ա, որ բանակի տարիքն եկավ՝ կգան, կկանգնեն վզիս ու կտանեն բանակ, բայց ապագա հայրենիք պաշտպանողն էսօր ի՞նչ վիճակով ա ապրում: Ախր, Հայաստանի զինվորն ա, չէ՞: Հարեւանները չլինեին կամ բուդկի տերը խղճալով հաց չտար, երեխես կորած էր»,- ասում է Անթառամը՝ վստահեցնելով, որ հարեւանները` տեսնելով, որ երեխան սովից լաց է լինում, ինչ-որ բանով կերակրում են: Վրդովված պատմում է, որ մարդիկ բամբասում են իր մասին, իբրեւ թե երեխային վաճառել կամ տվել է ուրիշին: «Ես չեմ կարողանում պահել, հասկանո՞ւմ եք, սովից երեխաներս լաց են լինում, թողեմ, որ մահանա՞ն, թե՞ տամ մանկատան խնամքին»,- մղկտալով ասում է նա, ում խոսակցությանը միջամտում են կրկին հարեւանները: «Էս մարդը խելոք բան ա արել, որ երեխուն տվել ա մանկատուն: Սովից պաշտպանել ա իրա երեխուն, բայց ախր ինչքա՞ն կարանք սենց շան կյանքով ապրենք մենք»: Նրանք վստահեցնում են, որ երեխաները մշտապես աղբամաններն են քրքրում, որ մի կտոր ուտելու բան գտնեն: Անթառամը մի քիչ հանգիստ է, որ փոքր որդին մանկատանը հուսալի ձեռքերում է, ու հիմա ուզում է պաշտպանել Սարգիսին, սակայն շուտով կրկին հայտնվելու է փողոցում, որովհետեւ իր ծանոթ Սուսանը սպառնում է ուսումնարանի շենքից վռնդել: