Շատ պաշտոնյաներ հռետորությունից կաղում են

23/06/2006 Զրուցեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հայաստանի կրթական ոլորտը վերջին շրջանում դարձել է բարեփոխումների մի մեծ դաշտ։ 12-ամյա կրթություն, բուհական նորատիպ խորհուրդների ձեւավորում, ընդունելության քննություններին առնչվող փոփոխություններ, օպտիմալացում, որոնց մեր հասարակարգն անհանգստացած է մոտենում։ Պահպանողական մտածելակերպը, «բարեփոխումների զոհ» դառնալու վտանգը շատերիս մոտ ագրեսիա ու վախ է առաջացնում այս ամենի նկատմամբ։ Իրականում ագրեսիայի եւ վախի պատճառն անտեղյակությունն է, կամ խնդրին լավ ծանոթ չլինելը։

ՀՀ կրթական համակարգում կատարվող իրադարձությունների մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար զրուցեցինք ՀՀ ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանի հետ։

– Մոտենում են բուհական ընդունելության քննությունները։ Էական ի՞նչ փոփոխություն է կատարվել այս տարի։

– Ժամկետային կամ բովանդակային որեւիցե փոփոխություն տեղի չի ունեցել։ Պահանջները մնացել են նույնը։ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը կսկսվի գործերի ընդունումը։ Հուլիսի 20-ից էլ՝ ընդունելության քննությունները։

– Ընդունելության քննություններում վերջին շրջանում ուժեղացել է վերահսկողությունը, ավելի ճիշտ` ավելացել են հսկողները։ Հսկողների քանակական աճը կաշառակերության ավելի մեծ հնարավորություններ չի՞ ստեղծում։

– Ես էլ եմ կարծում, որ ավելի շատ մարդկանց մասնակցությունը գործընթացին մեծացնում է կոռուպցիայի ռիսկը։ Այդ իմաստով, ես կարծում եմ, որ այս տարի ավելի քիչ դիտորդներ կամ հսկիչներ կլինեն։ Բայց կընդգրկվի այնքան մարդ, ինչքան անհրաժեշտ է։

– Լուրեր են պտտվում, թե մոտ ապագայում անվճար համակարգով՝ պետպատվերով ուսումը վերանալու է։

– Այդ մասին, բնականաբար, ես էլ եմ շատ լսել եւ միշտ ասել եմ՝ անվճար ուսուցում երբեք չի եղել, այդ թվում նաեւ՝ Հայաստանում։ Այսինքն՝ անվճար ասելով` հասկանում էինք ուսուցում, որի համար վճարում է պետությունը։ Պետությունը նորից անում է վճարումները, սակայն փոքր-ինչ այլ սկզբունքով։ Եթե նախորդ տարիներին պետությունը միշտ վճարում էր կոնկրետ ուսանողի համար՝ ըստ ընդունելության արդյունքի, այժմ հիմք է ընդունվում ուսանողի առաջադիմությունն ուսումնական տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր տարին մեկ, ըստ բարձր առաջադիմության, փոփոխություն է տեղի ունենում։ Լավագույնները ստանում են պետության հովանավորությունը, իսկ մնացածները տեղափոխվում են վճարովի համակարգ։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները, երկկողմանի ծնողազուրկները, զոհված ազատամարտիկների երեխաները բուհ ընդունվելու դեպքում 100 տոկոս փոխհատուցում են ստանում պետությունից։ Կան նաեւ ոչ 100 տոկոսով պաշտպանված խմբեր, որոնք սահմանում է պետությունը կամ բուհն՝ իր միջոցների հաշվին։

– Շուտով լրանում է բուհերում դեկանների պաշտոնավարության ժամկետը, ինչպե՞ս են կազմակերպվելու այդ պաշտոնյաների ընտրությունները։

– Ըստ օրենքի՝ դեկանների, ամբիոնի վարիչների ընտրության կարգը սահմանում է տվյալ բուհի գիտական խորհուրդը։ Այսօրվա հրատապ խնդիրներից մեկն էլ այն է, որ առանձին դեկանների տարիքը 70-ից բարձր է։ Այստեղ կարելի է կիրառել կենսաթոշակային տարիքի սահմանափակումը։ Հաշվի առնելով դեկանի բավականին մեծ ծավալի աշխատանքը՝ դեկանը պետք է երիտասարդ լինի։ Ինչն, օրինակ, միարժեքորեն ես պարտադիր չէի համարի ամբիոնի վարիչների դեպքում։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, բուհերն իրենց մեջ ուժ կգտնեն եւ կսահմանեն դեկանի ընտրության կարգում նաեւ տարիքային սահմանափակում, որն անձամբ ես խիստ ահրաժեշտ եմ համարում՝ անկախ նրանից, թե ինչպես կվերաբերվեն դրան առանձին դեկաններ։

– ԵՊՀ-ի նորընտիր ռեկտորը սկսել է ատեստավորումներ անցկացնելը, ինչը որոշ դասախոսների մոտ անհանգստություն է առաջացրել՝ կապված կրճատումների հետ։

– Ես գիտեմ, որ շուրջ 1,5 տարի ԵՊՀ-ում քննարկվում է պրոֆեսորադասախոսական կազմի տարբերակված վճարումներ կազմակերպելու մոտեցումը։ Եվ այդ գնահատման համակարգը թույլ կտա տարբերակված վճարումներ կատարել պրոֆեսորներին։ Պրոֆեսոր էլ կա, պրոֆեսոր էլ։ Այստեղ նաեւ սոցիալական արդարության խնդիրն է առաջանում։ Ատեստավորում ասածի մեջ մտնում են դասալսումներ, ուսանողական գնահատականն է հաշվի առնվում, դասախոսի տպագրած աշխատանքների քանակը, ինչը ես շատ կարեւորում եմ։ Այս ատեստավորում, տարբերակված վճարում ասածը կսթափեցնի նաեւ դասախոսներին։ Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, անհրաժեշտության դեպքում վատ աշխատողները կրճատվում են, սակայն պետք չէ դա կապել նորընտիր ռեկտորի հետ։ Կոնկրետ քայլեր են արվել ՀՊՃՀ-ում՝ պրոֆեսորադասախոսական կազմից 6 անձ կրճատվել է, ինչո՞ւ ոչ ոք չի բողոքում։

– 12-ամյա կրթությունն ինչների՞ս է պետք։

– 12-ամյա կրթությունը կիրառվում է այն տեղերում, որտեղ երկաստիճան ուսումնական մասնագիտական կրթություն է իրականացվում։ Բակալավրիատի 4 տարին պետք է օգտագործվի մասնագիտական կրթության առաջին աստիճան տալու համար։ Իրավունքի հիմունքներ, կիրառական տնտեսագիտության հիմունքներ, կյանքի հմտություններ, կրոնի պատմություն առարկաները պետք է անցկացվեն ոչ թե բուհում, այլ դպրոցում, իսկ 10-ամյա կրթության մեջ դա չի տեղավորվում։ Բուհական հատվածում դաստիարակություն կրող դասընթացներ նորից անհրաժեշտ են, սակայն քաղաքագիտության, կոնֆլիկտագիտության առարկաների տեսքով։ Այսօր քիչ չեն պաշտոնյաները, ովքեր հռետորությունից կաղում են։ Սա պետք է սովորել դպրոցում։

– 2007-2008թթ. ընտրություններում մեկ այլ քաղաքական ուժի իշխանության գալը կարո՞ղ է լուրջ անդրադարձ ունենալ կրթության վրա, եւ ներկայիս բարեփոխումներն ընթանան այլ ուղղությամբ։

– Փառք Աստծո, կրթության եւ գիտության համակարգը կանոնակարգված է օրենսդրական դաշտով։ Սկզբունքային տեսակետից նոր քաղաքական ուժը կարող է մի քիչ այլ վարույթ իրականացնել, սակայն ոչ արմատական փոփոխություններ։

– Փաստորեն, դուք բացառում եք, որ եւս մեկ սերունդ փորձաճագարների դերում կհայտնվի։

– Այն, ինչ արվում է, պետք է լինի հիմնավոր, որպեսզի ամեն մի հաջորդ սերունդ ստիպված չլինի նոր փորձություններով անցնել։

– ԿԳՆ նախկին նախարար Սերգո Երիցյանի՞, թե՞ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանի հետ է ավելի հեշտ աշխատելը։

– Նոր նախարարն այնքան էլ նոր չէ այս համակարգում, եւ անձամբ ես պատիվ ունեցել եմ աշխատել նրա հետ թե՛ որպես Հանրակրթության վարչության պետի, թե՛ փոխնախարարի կարգավիճակով։ Աշխատանքի ոճին, ընդգրկմանը, տեմպին լավ ծանոթ եմ եւ կարծում եմ` անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան մենք ունեցել ենք առանձին դեպքերում։

– Ժամանակին կարդացած ազգի պիտակը դեռ արդիակա՞ն է մեզ համար։

– Դաժան պայմաններն են ստիպել մեր ժողովրդին ավելի շատ դիմանալ, ավելի շատ կռվել ու կարդալ։ Մեր ժողովրդի մեջ սերը դեպի ուսումը գենետիկորեն նստած է։ Այսօր էլ սոցիալական վատ վիճակում ընտանիքն ամեն միջոցի դիմում է երեխային բարձր կրթություն ապահովելու համար։