Մասխադովն ապաստան է խնդրել

23/06/2006

Նախորդ տարվա մարտին ռուսական ուժերի կողմից սպանված Չեչնիայի նախկին նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը, ով 1999-ից բնակվում էր Բաքվում, մեկնել է Գերմանիա: Վկայակոչելով Ադրբեջանի չեչենական համայնքը՝ day.az-ը հաղորդում է, որ Մասխադովը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին Չեչնիայի նախկին նախագահի ընտանիքը քաղաքական ապաստան էր խնդրել Ֆինլանդիայի իշխանություններից: Մասխադովի ընտանիքի անդամները նշել էին, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրենց շնորհել է փախստականի կարգավիճակ, սակայն իրենք «ապահով չեն զգում իրենց», եւ ռուսաստանցի պաշտոնյաները Գրոզնիում մերժել էին երկարացնել անձնագրերի ժամկետները: «Մենք վստահ ենք, որ մեր կյանքն այստեղ վտանգված է: Ադրբեջանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, մենք սպառնալի հեռախոսազանգեր ենք ստացել»,- ասված էր Ֆինլանդիայի նախագահին հասցեագրված նամակում: Ֆինլանդիան Մասխադովների ընտանիքի խնդրանքին այդպես էլ չէր արձագանքել: