«Կինն ամեն վայրկյան պիտի խաղա»

23/06/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Թե ինչ նկարչական ուղղության մեջ եմ տեղավորվում, չեմ ուզում անգամ իմանալ: Դա արվեստաբանների խնդիրն է: Ես իմ ներսի եղածն եմ հանում ու ցույց տալիս»,- ասում է նկարչուհի Թենի Վարդանյանը, ով իր ճանապարհը թատրոնից է սկսել: Մասնագիտությամբ բեմանկարիչ Թենին սկզբում իր նկարները հենց որպես կյանքի բեմ է կառուցել: Սակայն այսօրվա Թենին բոլորովին նոր եւ նրբազգաց է: Եվ ավելի խորը: Նախկին նկարները շատ վառ ու թատերային էին, իսկ վերջին շարքերը` «Նամակները», «Տեղափոխությունը», ավելի մինիմալիստական ու զգացմունքային: Մերկ մարմիններն ու մերկացած զգացմունքները մարդ արարածին ավելի խոցելի եւ միաժամանակ ուժեղ են դարձնում: Թենիի հերոսների ուժը հենց նրանում է, որ նրանք թույլ երեւալուց չեն վախենում: Պարզապես հասկացվել են ուզում:

– Կարելի է շատ լավ, ճիշտ նկարել, տեխնիկան, ներկը, վրձինը լավ ցույց տալ, բայց կարծում եմ, ոչ մեկին այդ նկարները պետք չեն լինի: Շատ ավելի կարեւոր են գաղափարները, զգացած եւ վերապրված պատմությունները: Ամեն անհատ շատ հուշ-պատմություններ ունի, որոնց վրա անընդհատ հենվում է: Եվ յուրաքանչյուր նկարն այդպիսի պատմություն է: Սթրեսն ու փորձություններն էլ են պետք: Դրանք էլ են կյանք:

– Մերկ էլեկտրական լամպերը հաճախ են ձեր կտավներում հայտնվում: Դրանք է՞լ են հուշեր:

– Լամպերը շատ պատահական հայտնվեցին իմ նկարներում: Ամերիկայում ես մի սենյակում էի աշխատում, որտեղ երկար լարից լամպ էր կախված: Անընդհատ գնում-գալիս էր, կպչում էր գլխիս ու խանգարում: Որոշեցի` կնկարեմ քեզ, լամպ, ու կազատվեմ քեզանից: Եվ հետո այդ լամպերը մյուս նկարներում էլ ինձ շատ պետք եկան:

– Իրականում, երեւի, այդպես է. պետք է պատկերես, որպեսզի ազատվես:

– Անկեղծությունը դրանում է: Որքան շատ ես զգացմունքները պահում քո մեջ, այնքան նրանք կուտակվում են ու սկսում են խանգարել:

– Սկսելով թատրոնից` ինչո՞ւ դրանից հրաժարվեցիք:

– Ես որոշ ժամանակ աշխատել եմ որպես բեմանկարիչ, մի քանի հեռուստատեսային ներկայացումների նկարիչն եմ եղել: Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատեցի «Ռոմեո եւ Ջուլիետում», հետո սկսեցի «Քաջ Նազարի» էսքիզներն անել: Թատրոնում աշխատելու համար պետք է շատ զիջումներ անել: Իրականում թատրոնում բոլորը պետք է մի ընդհանուր գաղափարի ծառայեն, սակայն մեզ մոտ այնպես էր ստացվում, որ դերասանն ասում էր. «Այս զգեստը փոխի, սա ինձ չի սազում»: Իսկ զգեստը կերպար է ստեղծում, եւ այդ կերպարանափոխման պատրաստ լինելն է ցույց տալիս դերասանի վարպետության մակարդակը: Ես հրաժարվեցի թատրոնից, բայց թատրոնը միշտ ներկա է իմ նկարներում: Բեմի մեծ տարածքները սկսեցի փոքրացնել եւ մանր տարածքների մեջ տեղադրել: Տարածքը կարծես թե ինձ միշտ չի հերիքել: Իսկ լավ թատրոն ունենալու համար նախեւառաջ թատերային մթնոլորտ է պետք: Այդ մթնոլորտը 80-ականներին արդեն ստեղծվել էր, թվում էր` մի քիչ էլ, եւ մենք շատ լավ ներկայացումներ կունենանք: Բայց պարզվեց՝ թատրոնը միայն շոու եւ հումորային ներկայացումներ ստեղծելով սահմանափակվեց: Թատրոնին ֆունդամենտ է պետք, մենք չկարողացանք այդ ֆունդամենտի վրա նոր հարկեր կառուցել: Հաճախ երբ թատրոն եմ մտնում, թվում է, թե հիմա թաղում է սկսվելու, հանդիսատեսի վրա հող են լցնելու, եւ նա վախճանվելու է: Շատ խորը դերասաններ կան, որոնք քիչ են բեմ դուրս գալիս, հիմա պարզապես սիրուն տղաների եւ աղջիկների ժամանակն է եկել:

– Բայց, երեւի, այլ երկրներում էլ է այդպես:

– Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որում Եվրոպան եւ Ամերիկան հիսուն տարի առաջ էին գտնվում: Արվեստագետներից շատերն անում են այն, ինչը վաղուց արդեն արվել է: Բայց դա, միեւնույն է, պետք է արվի, որպեսզի մարդիկ տեսնեն, մարսեն ու ընկալեն: Երբ ես Լոնդոնում ցուցահանդես բացեցի, հասկացա, որ ոչ ոք ինչ-որ նոր բանով անգլիացիներին զարմացնել չի կարող, ամեն բան արդեն արվել է: Դու կարող ես միայն քո ազգային տարրերը ներկայացնել, օտարերկրացիներին միայն դա է հետաքրքիր: Նրանց պետք չէ հայի տեսակը ներկայացնել: Իսկ մենք, չգիտես ինչու, նրանց ենք կրկնօրինակում: Անցյալ տարի «Ոսկե ծիրանի» բացումն անգլերեն լեզվով արեցինք, ամերիկյան ու ֆրանսիական երգեր երգեցինք: Ինչո՞ւ, կարո՞ղ է վերացել ենք ու ոչ մի ազգային նշան չունենք:

– Ազգային ասելով, ի՞նչ եք հասկանում։

– Ազգայինը մարդու տեսակն է, այլ ոչ թե` նռան հատիկը կամ խաղողի տերեւը: Ազգայինն անկեղծության մեջ է: Պետք չի ասել` ես հայ եմ, Մասիսը նկարեմ, որ տեսնեք` հայ եմ: Հայի տեսակն անկրկնելի է, ֆենոմենալ: Մենք շատ ուժեղ ազգ ենք, ինչ էլ անենք` գիտենք, որ մենք ճիշտ ենք: Արտասահմանցիները հիմնականում կորցրել են այդ հատկությունը, նրանք հոգնել են: Նույնիսկ մեր ամենասովորական «գողականն» ավելի տաղանդավոր եւ ուժեղ է, քան յուրաքանչյուր ամենահայտնի արտասահմանցի: Մենք սովոր ենք, որ ամեն ինչ ինքնուրույն պետք է անենք, եւ ներքուստ միշտ վստահ ենք, որ մեր արածն ամենալավն է լինելու: Մի քանի արվեստագետներով գնացել էինք Ամերիկա, որտեղ պետք է հա՛մ նկարեինք, հա՛մ էլ կամավոր ինչ-որ գործեր անեինք: Երբ ամերիկուհին էր ամանները լվանում, նա հստակ գիտեր, որ այս ժամին է ամաններն այստեղից տանելու եւ այս ժամին այստեղ դնելու: Եվ ամեն անգամ նույն տեքստն էր ասում, բացատրում էր` թե ինչպես է այդ գործն անելու, ամենահարմար ձեւը գտել էր: Իսկ մենք նման բաներով մեզ չենք ծանրաբեռնում, անում ենք ու վերջ: Մենք մեր մշակած ապրելաձեւն ունենք` անում ենք եւ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում: Եթե 90-ականների ցուրտ տարիներին այլ ազգերը մեզ նման փորձեին ապրել, հաստատ կկորեին-կգնային: Իսկ մենք պահպանեցինք մեր հումորը, մեր հյուրասիրությունը: Հայերը ոչ միայն դիմացան, այլեւ իրենց երեխաներին շատ ճիշտ եւ լավ կրթեցին: Դա է մեր ֆենոմենը:

– Կին-նկարիչը կարծես միշտ պետք է ապացուցի, որ ոչնչով չի զիջում տղամարդկանց:

– Իհարկե, կին-նկարիչներ կան, որոնք առաջին հերթին իրենց կին են զգում եւ երկրորդ հերթին միայն` նկարիչ: «Կին-նկարիչ» արտահայտությունը շատ վատ եւ արհամարհական է հնչում: Ինչո՞ւ երբեք չես լսի` «տղամարդ-նկարիչ», բայց «կին-նկարիչ» կլսես: Դա վիրավորական է, քանի որ աշխարհում շատ խորը մտածող նկարչուհիներ կան: Ես երբեք ֆեմինիստական գաղափարների վրա չեմ հենվել, թեեւ համոզված եմ, որ կինը պետք է կայացած մարդ լինի:

– Ձեր նկարների կենտրոնում սեռական նշաններից զուրկ, պարզապես մարդ արարած կոչվող էակն է: Կնոջ եւ տղամարդու երազանքներն իրականում տարբե՞ր են:

– Կինը եւ տղամարդը բոլորովին տարբեր կենդանիներ են` իրենց սեփական աշխարհներով: Կնոջը նպատակ է պետք եւ ուժ` դրանից չշեղվելու համար: Ամեն վայրկյան բոլորը պատրաստ են կնոջն իր նպատակներից շեղել: Բոլորս հիմա դատարկ գայթակղությունների շրջանում ենք ապրում:

Յուրաքանչյուր մարդու համար նշանակություն ունի միայն մեկ բան. սեր ստանալու եւ կորցնելու խնդիրը: Սակայն տղամարդիկ հաճախ դա հասկանալ չեն ուզում կամ էլ շատ ուշ են հասկանում: Իմ վերջին ցուցահանդեսից հետո շատ տղամարդիկ ինձ տարօրինակ էին նայում: Ես մի գործ ունեմ, եկեղեցական որմնանկարների ոճով առնանդամ էի պատկերել, որը մանրանկարներով էր ջրապատված, կողքին էլ Թոմաս Էլիոթի եւ Նարեկացու շատ գեղեցիկ տողեր են գրված: Նկարը «Հոգեհանգստի պատարագ» էր կոչվում: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես կընդունվի իմ նկարը, քանի որ մարդն ու իր սեռական կյանքն անբաժան են: Եվ հենց ցուցահանդեսի բացմանը օրը եւ իմ ամուսինը, եւ ցուցասրահի տնօրենը խնդրեցին այդ նկարը չցուցադրել: Բոլորը վախենում էին, որ նկարը սխալ կընկալվի, եւ ես ինքս ինձ պաշտպանել չեմ կարողանա:

– Իրականում կարո՞ղ է կնոջ եւ տղամարդու հավասարություն լինել:

– Եթե կնոջ եւ տղամարդու միջեւ նորմալ հարաբերություններ են, իշխելու խնդիր չպիտի լինի: Իհարկե, բոլոր տղամարդկանց թվում է, թե իրենք ուժեղ լինելու եւ իշխելու համար են ծնվել: Նրանք ամեն րոպե իրենց ուժի ապացույցներն են պահանջում: Մենք էլ դրանում ոչ մի խնդիր չպիտի տեսնենք. «Եթե ուզում եք, եղեք ամենաուժեղն ու ամենախելոքը, մենք դրանից ոչ կշահենք, ոչ էլ` կտուժենք»: Վերջիվերջո, կինն ավելի լավ գիտի, որ ուժեղը միայն ուժի մասին խոսողը չի, այլ նա, ով հանգիստ, սուսուփուս իր տան մեջ ապրում է: Ես, օրինակ, շատ ավանդապաշտ ընտանիքում եմ ապրել: Իմ սկեսրայրը երկար տարիներ ինձ «հարս»-ով է դիմել, նույնիսկ անունով չի կոչել: Բայց զարմանալի բան եղավ, երբ իմ մասին հեռուստահաղորդում ցուցադրեցին, նա հաջորդ օրը ծաղկեփնջով մեր տուն եկավ ու շնորհավորեց ինձ: Մարդն այդպիսին է, միշտ ինքն իր վրա պետք է աշխատի, սիրի իրեն, որ ընդունվի: Կինն ամեն վայրկյան առանց թուլանալու պետք է աշխատի, խաղա, ֆորմայի մեջ լինի, ընտանիքն ու իր «ես»-ը հավասարակշռի:

– Ինչո՞ւմ է երջանկությունը:

– Մարդուն ներքին հանգստություն է պետք: Իսկ մենք անընդհատ վախենում ենք, մեր ոգու փոքր տարածքի մեջ օրական այնքան աղբ ենք լցնում, որ չենք հասցնում հասկանալ` ապրել է պետք: Իսկ երջանկությունը միշտ post factum ես հասկանում:

– Ձեր նկարներից այդպիսի հանգստություն գալիս է: Դիմագծերից զուրկ մարդը շատ խոցելի է, բայց միեւնույն ժամանակ իր առանձնահատկությունները որոնելու ցանկություն չունի:

– Երբ գտնում ես ինքդ քեզ, այլեւս դիմակների տակ թաքնվելու կարիք չես զգում: Դա ոչ թե խոցելիությունդ, այլ ուժդ է ցույց տալիս: Շատ այցելուներ նույնիսկ ասում էին, որ այն սրահում, որտեղ իմ գործերն էին կախված, իրենք երկար ժամանակ գտնվել չէին կարող, քանի որ կերպարները շատ ուժեղ են եւ ճնշում են իրենց: Ուժն էներգիա է, առանց որի կյանք լինել չի կարող:

– Որտեղի՞ց կարող է կինն այդ ուժը ստանալ:

– Երբ երկար տարիներ որպես սովորական հայ կին ես ապրում, սկսում ես հասկանալ, որ առաջին հերթին դու ինքդ պետք է քեզ սիրես: Պետք է ինքդ քո տերը դառնաս, այդ դեպքում քեզ էլ ավելի շատ կսկսեն սիրել: Իսկ երբ ավելի շատ ես տալիս, քիչ ես ստանում: «Հայ կին» ասելով, մենք եփող-թափող, լվացք անող կին ենք պատկերացնում: Բայց դա չի կարեւորը: Տոն է պետք: Ամեն վայրկյան տոն է պետք ստեղծել ընտանիքի, երեխաների, ընկերների համար: Մեզ մոտ, օրինակ, շատ հիվանդագին են ծնող-երեխա հարաբերությունները. մեր մայրերը մեր հանդեպ վստահություն չունեն, մենք էլ` մեր երեխաների: Շփվելու համար ոչ թե զգացմունքներ են պետք, այլ` հավատ: Երեխային պետք է շատ ազատ թողնել, որպեսզի նա կյանքին պատրաստ լինի: Իսկ մեր երեխաները հետո շատ կոմպլեքսավորված են դառնում ու մեծ դժվարությամբ են կարողանում կյանքի «տակից դուրս գալ»: Պետք է հասկանալ, որ երեխան իր ապրելու տարածքը պիտի ունենա: Նույնն էլ` մայրը: Ես հիմա ուզում եմ նկարների նոր շարք ստեղծել, որտեղ հակառակ ձեւով պատկերված կլինի «Պիետան»: Ոչ թե Քրիստոսը Մարիամի ձեռքերում կլինի, այլ մայրը` որդու: Վերջիվերջո, ապագան մեր երեխաների ձեռքում է, նրանք պետք է այս կյանքի տերը լինեն: Գուցեեւ` տոն ստեղծել կկարողանան:

– Դուք մեծ հպարտությամբ եք խոսում ձեր որդիների մասին: Զգո՞ւմ եք, որ ավելի լավ սերունդ է մեծանում:

– Կարեւորն այն է, որ երիտասարդները սիրում են աշխատել: Գիտեն, որ նպատակին հասնելու համար սա, սա եւ սա է պետք: Իսկ աշխատելու մղումն այս կյանքում ամենազիլ բանն է: Երբ ես երկու ամիս չէի աշխատում, ինձ թվում էր՝ մահացել եմ: Երիտասարդներին հիմա ավելի հեշտ է լեզու գտնել, քանի որ հիմա շատերը շատ պրագմատիկ են, փորձում են դիմացինի սխալներին հոգեբանորեն մոտենալ: Եթե բարոյական հարգանք կա միմյանց հանդեպ, ամեն ինչ լավ կլինի: