Ինչպես նշեց Հոլանդիայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Գերիտ Զալմը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ-ի ռազմավարությանը, հարկաբյուջետային հնարավորություններին, անցումային շրջանում գտնվող երկրների հիմնախնդիրներին, արտադրողականության բարձրացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ, այսպես կոչված, Հոլանդական խմբում, ընդգրկված են 12 պետություններ՝ Հայաստանը, Հոլանդիան, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Իսրայելը, Խորվաթիան, Կիպրոսը, Մակեդոնիան, Մոլդովան, Վրաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան։ Այս երկրների բնակչությունը կազմում է մոտ 150 մլն, իսկ ընդհանուր մասնաբաժինն ԱՄՀ-ում՝ 5%։
Գ. Զալմը մեր երկրի երկնիշ տնտեսական աճը տպավորիչ է համարում, թեեւ վերականգնման փուլում գտնվող երկրի համար, ըստ նրա, նման ցուցանիշը նորմալ է։ «Սակայն ապագայում դուք պետք է համակերպվեք ավելի փոքր ցուցանիշ ունենալու հետ, թեեւ տպավորիչ աճի պոտենցիալ դեռ կա»,- նշեց Հոլանդիայի փոխվարչապետը։ Մինչդեռ տեղի որոշ տնտեսագետների կարծիքով, Հայաստան մուտք գործող մեծածավալ տրանսֆերտների պարագայում 14%-անոց աճն այնքան էլ մեծ ցուցանիշ չէ եւ կարող էր լինել շատ ավելի բարձր։
Գ. Զալմի գործընկերուհին՝ Հոլանդիայի զարգացման համագործակցության նախարար Ագնես վան Արդենը նույնպես կարեւորեց տնտեսական աճի տեմպերը՝ նշելով, որ Հոլանդիան Հայաստանի հետ համագործակցում է անկախության հռչակումից ի վեր։ «Եթե Հայաստանը չշեղվի իր որդեգրած տնտեսական ուղուց, Հոլանդիան այս տարի 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի»,- ասաց տիկին Արդենը, սակայն ընդգծեց, որ իրենց համար ավելի կարեւոր է ոչ թե ուղղակի գումարներ հատկացնելը, այլ նպաստելը ներդրումների աճին եւ գործարար կապերի ստեղծմանը։ «Ես կոչ եմ անում բոլոր հայ գործարարներին՝ մոտենալ Վարդան Խաչատրյանին, եւ տեղեկություն պահանջել գործարար ծրագրերին մասնակցելու մասին», – հայտարարեց Ագնես վան Արդենը, որը երեւի չի պատկերացնում, թե Հայաստանի նման երկրում որքան դժվար է «մոտենալ» որեւէ նախարարի, եւ դա էլ հերիք չէ՝ ոչ թե խնդրել, այլ ինչ-որ բան պահանջել։ Հոլանդացիները մեր մասին բավական լավ կարծիք ունեն։
ԱՄՀ-ի կողմից տպագրված նյութերում բավական մեծ ուշադրություն է դարձված վերջին տարիների տնտեսական հաջողություններին՝ «ՀՆԱ-ի իրական աճ», «Վերահսկելի սղաճ», «Աղքատության դեմ պայքարի ուժեղացում», «պարտքի ցուցանիշների բարելավում» եւ այլն։ Այսքան դրականի մեջ, պարզ է, որ մի երկու բացասական երեւույթների մասին էլ պետք է խոսք լիներ։ Իսկ որպես այդպիսիք գնահատվել են երկու ոլորտներ՝ ֆինանսական հատվածը եւ հարկերի հավաքագրումը։ ԱՄՀ մասնագետների կարծիքով, ֆինանսական հատվածը թերզարգացած է, եւ դա արտահայտվում է ՀՆԱ-ի մեջ բանկային ակտիվների փոքր տեսակարար կշռով։ Մյուս «կաղող» ոլորտը, ինչպես նշվեց, հարկերի հավաքագրումն է։ Հայաստանում հավաքագրած հարկերը կազմում են ՀՆԱ-ի 14,3 տոկոսը։ Այս ցուցանիշով Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ զբաղեցնում է վերջին տեղը՝ զիջելով անգամ Ադրբեջանին եւ Վրաստանին։
ԱՄՀ փորձագետներն անբավարար հարկային եկամուտները բացատրում են 4 գործոններով։ Ըստ ԱՄՀ կողմից հրատարակված «Աճ եւ աղքատության կրճատում Հայաստանում. նվաճումներ եւ մարտահրավերներ» զեկույցի, այդ գործոններից առաջինը 2001թ.-ից պարզեցված հարկի ընդունումն էր, որը նվազեցրել է ուղղակի հարկերից ստացվող եկամուտը։ Երկրորդ պատճառը օտարերկրյա ներդրողների համար գոյություն ունեցող «շռայլ արտոնություններն» են։ ԱՄՀ մասնագետների կարծիքով` 500 հազար դոլար սահմանագիծը, որից ավելի գումար ներդրողների համար արտոնություններ են գործում, շատ ցածր է։ «Գնահատված է, որ այդ արտոնություններից առաջացող հարկային կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 0,5%-ից ավելին՝ միեւնույն ժամանակ փոքր դեր խաղալով արտաքին ներդրումների ներգրավման գործում»,- նշված է զեկույցում։ 2-րդը չհարկվող արտաքին դրամաշնորհների եւ վարկերի բարձր մակարդակն է։ Մի խոսքով, ըստ ԱՄՀ-ի, պետք է վերացնել պարզեցված հարկը եւ արտաքին ներդրումների նկատմամբ սահմանված հարկային արտոնությունները՝ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի (հատկապես` ուղղակի) ծավալը մեծացնելու համար։ Եթե այս երեք գործոնները կարող են խնդրո առարկա հանդիսանալ, այսինքն՝ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այս պնդումների հետ, ապա՝ վերջին հարցում ԱՄՀ մասնագետների հետ դժվար է չհամաձայնել. դա հարկային վարչարարության խնդիրն է։ «Երկու գործակալությունները (Հարկային պետական ծառայությունը եւ Մաքսային կոմիտեն) ունեն հավաքագրման սեփական «թիրախներ» եւ իրականում մրցում են միմյանց հետ։ Այդ մրցակցությունն առաջացրել է հավաքագրումների կարճաժամկետ մաքսիմալացման ագրեսիվ վարքագիծ, որի արդյունքում հաճախանում են հարկային ստուգումները, իսկ Մաքսային մարմինները թույլ են տալիս հարկային պարտավորությունների գերագնահատումներ»։
Իսկ ասուլիսին մասնակցող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը բավական հետաքրքիր բացատրություն տվեց. «ՀՆԱ-ն մեր պլանավորածից ավելի արագ է աճում եւ տոկոսային տարբերություն է առաջանում»։ Վ. Խաչատրյանի կարծիքով, գլխավոր խնդիրը հարկման բազայի ընդլայնումն է։ Նա նշեց եւս 2 պատճառի մասին. «Մեր ՀՆԱ-ի մեջ մեծ տոկոս են կազմում գյուղատնտեսությունը եւ շինարարությունը, որոնք չեն հարկվում» (խոսքը վերաբերում է անհատական շինարարությանը)։
Էստ էության, նա պարզաբանեց, թե տնտեսական վագրաձեւ աճն ինչու վագրաձեւ ազդեցությունը չի թողնում բնակչության կենսամակարդակի վրա։ Այսինքն, մեր տնտեսական աճը որակական առումով չի փայլում, եւ դրա ազդեցությունը բնակչության լայն շերտերի վրա էական ազդեցություն չի ունենում։