Երբ տարեսկզբին իշխող քաղաքական կոալիցիան համաձայնեց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում ներառել ընդդիմության բոլոր առաջարկները, եւ խորհրդարանական բոլոր խումբ-խմբակցությունները միասին ստորագրեցին նախագծի տակ, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը դա համարեց աննախադեպ երեւույթ:
Թե որքանով իշխանական կուսակցությունները կլինեն իրենց խոսքի տերը եւ ԱԺ աշնանային նստաշրջանում, երբ տեղի ունենան ՀՀ ԸՕ քննարկումները, հետամուտ կլինեն ընտրակեղծիքները հնարավորինս բացառող դրույթներին` օրենքի ուժ տալուն, ցույց կտա ժամանակը:
Իսկ մինչ այդ արդեն ստացվել է նաեւ ՀՀ ԸՕ-ի փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Եվ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այդ կապակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
Թեեւ, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը, իրենք կասկածներ ունեն, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հայերեն թարգմանվել է որոշակի սխալներով ու բացթողումներով: «Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ մակերեսորեն ենք ծանոթացել, բայց հիմքեր ունենք կասկածելու, որ թարգմանությունը ոչ լրիվ է համապատասխանում այն փաստաթղթին, որ մեզ ուղարկել են: Դրա համար էլ խնդրեցինք փաստաթղթի օրիգինալ տարբերակը` անգլերեն լեզվով: Մենք ինքներս կթարգմանենք, որպեսզի հետագայում տարբերություններ ու շահարկումներ չլինեն»,- Տ. Թորոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մեզ հետ զրույցում ասաց Ալեքսան Կարապետյանը:
Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ԸՕ փոփոխությունները բաժանված են 4 հիմնական խմբի` փոփոխություններ, որոնք բարելավում են ընտրությունների իրավական շրջանակը, փոփոխություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման, եւ գործնական կիրառման մեջ ապացուցման, փոփոխություններ, որոնք պետք է վերանայվեն` եւ առաջարկություններ, որոնք հանձնաժողովի կողմից նախկինում էլ են առաջարկվել, սակայն ԱԺ-ի կողմից հաշվի չեն առնվել: Եվ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է վերանայել նաեւ «Ազգային Միաբանության» առաջարկով ԸՕ նախագծում ամրագրված ընտրությունների գործընթացի տեսաձայնագրման մասին դրույթը: «Չնայած դրանք կարող են օգտագործվել ընտրական խախտումները կանխելու կամ վավերագրելու նպատակով, բայց դրանք կարող են ճնշել ընտրողներին կամ խախտել քվեարկության գաղտնիությունը»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ: Ալեքսան Կարապետյանի խոսքերով, այդ կարծիքը սխալ ըմբռնման արդյունք է: «Նրանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե մենք ուզում ենք նկարահանել քվեախցիկը` հենց քվեարկության ժամանակ: Բայց իրականում մենք առաջարկել ենք նկարահանել հատկապես քվեատուփը, որի մեջ գցելու են արդեն քվեարկված եւ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները: Իսկ դա ամենեւին էլ չի խախտում քվեարկության գաղտնիությունը: Դրանով մենք մեկ հարց ենք լուծում` ֆիքսում ենք, թե քանի մարդ է եկել քվեարկության եւ արդյոք նույն անձնավորությունը մի քանի անգամ չի՞ քվեարկել»,- մեկնաբանում է Ա. Կարապետյանը: Նրա համոզմամբ, Վենետիկի հանձնաժողովն այդ գաղափարին դեմ չի լինի: «Դրա համար էլ պետք է հանդիպենք Վենետիկի հանձնաժողովի հետ, բացատրենք, թե մեզ մոտ ինչ բնույթի խախտումներ են լինում եւ ինչպես կարելի է դրանց դեմն առնել»,- ասում է ընդդիմության ներկայացուցիչը:
Այս խնդրում ընդդիմության հետ համակարծիք է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Տեսաձայնագրումը մերժված է, բայց դա չի նշանակում, որ մենք էլ պետք է մերժենք. մեզ վրա Վենետիկի հանձնաժողովի առջեւ կոնկրետ պարտավորություն չկա: Ճիշտ է, ես գտնում եմ, որ տեսաձայնագրումն անիմաստ գործառույթ է, բայց ընդդիմությունը գտնում է, որ լավ գործառույթ է: Եթե այդպես անփոփոխ էլ թողնենք, կարծում եմ, ոչինչ չի փոխվելու. համենայն դեպս, այդտեղ վեճ չկա»,- ընդդիմության առաջարկները պաշտպանեց Գալուստ Գրիգորիչը: Ավելին, պարոն Սահակյանը երեկ ընդդիմության հանդեպ այն աստիճան բարեհաճ էր, որ հայտարարեց, թե իրենք պետք է լուրջ ուշադրություն դարձնեն հատկապես ընդդիմության առաջարկներին: «Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ կապված քննարկելի շատ բաներ կան: Կան նաեւ առաջարկություններ, որոնք, կարծում եմ, հնարավոր չէ, որ մենք ընդունենք: Բայց ՀՀԿ-ն լուրջ ուշադրություն կդարձնի հատկապես ընդդիմության առաջարկներին»,- վստահեցրեց նա:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանի կարծիքով էլ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ԸՕ փոփոխությունների նախագծի այս տարբերակը: Հ. Մարգարյանի ներկայացմամբ, Վենետիկի հանձնաժողովն ընդամենը 6 հոդվածի առնչությամբ է անհամաձայնություն հայտնել, իսկ մյուս հարցերում իրենք էլ են համամիտ եղել: «Սա բոլորի կողմից ընդունված քաղաքական որոշում էր, քանի որ բոլոր ուժերն էլ ստորագրել են դրա տակ: Եվ հիմա պետք է համատեղվի Վենետիկի հանձնաժողովի հետ»,- ասում է ՕԵԿ-ական Հ. Մարգարյանը:
Ի դեպ, քանի որ երեկ Գալուստ Սահակյանը չտեսնված բարեհաճ էր ընդդիմության նկատմամբ, ավելին, պնդում էր, թե իրենք ոչ թե Վենետիկի հանձնաժողովի, այլ մեր ընդդիմադիր պատգամավորների կարծիքը պետք է հաշվի առնեն, նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ այդպես կտրուկ կերպով փոխել է իր վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ: «Մենք չենք ուզում բամբասանքներով գնալ ընտրության: Մենք ուզում ենք, որ քաղաքական բոլոր ուժերը հավատան: Ամենակարեւորը` հավատի ձեւավորումը հենց Օրենսգրքի նկատմամբ: Եթե մի բան ընդունելի չլինի, կփորձենք համատեղ որեւէ ձեւով լուծում տալ: Խնդիրը ոչ թե իշխանությունների բարեհաճությունն է, այլ համագործակցությունը: Իսկ ՀՀԿ-ն միշտ էլ այդպիսին է եղել` անկախ նրանից` իշխանությո՞ւն է եղել, թե՞ ոչ»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը: Բայց ահա ընդդիմությունը համաձայն չէ մեր այն դիտարկման հետ, թե Գ. Սահակյանը գոնե ԸՕ-ի հարցում բայրացակամ է ընդդիմության հանդեպ: «Մենք աշխատեցինք, մեծ վերապահումներով Ընտրական օրենսգիրք ստեղծեցինք, բայց, ցավոք, վարչապետն ու կառավարությունը ուղարկեցին 100 կետանոց փոփոխությունների իրենց առաջարկը, որը տրամագծորեն հակառակ է մեր առաջարկներին: Նրանց կատարած բոլոր առաջարկություններն էլ ավելի են խանգարում ազատ-արդար ընտրությունների անցկացմանը»,- ասում է ԱՄ խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը: Եվ որպես օրինակ նա բերեց հետեւյալ փաստը: «Իրենց առաջարկներով սահմանափակում են դիտորդների լիազորությունները, բացի այդ, դիտորդներին հրավիրելու է կառավարությունը, եւ, ենթադրում եմ, որ իշխանությունները կհրավիրեն այն մարդկանց, ովքեր իրենց ձեռք են տալիս»,- ասում է Ա. Կարապետյանը: Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքերով էլ` «ժամանակը ցույց կտա` բարեհա՞ճ են, թե՞ ոչ: Գալուստ Սահակյանն, օրինակ, միակն է, որ դեմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, իսկ իշխող մեկ այլ կուսակցության` ՀՅԴ-ի ներկայացուցիչները կողմ են դրան: Էլ ի՞նչ բարեհաճության մասին է խոսքը»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Թեեւ, նկատենք, որ անկախ այն հանգամանքից, որքանով լավ Ընտրական օրենսգիրք ունենք, դա չի կարող որոշիչ դեր ունենալ: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար ավելի կարեւոր է համապատասխան քաղաքական կամք դրսեւորելը, քանի որ անգամ ամենալավ ԸՕ-ն կարելի է ոտնահարել եւ ուղղակի լցոնումներ կատարել կամ թվանկարչությամբ զբաղվել: Մանավանդ, որ մեզանում այդ «բարի» ավանդույթը գնալով ավելի է հիմնավորվում: Իսկ քաղաքական կամքի գործոնը շատ է կարեւորում նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Ինչպես նշված է հանձնաժողովի եզրակացության մեջ. «Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Հայաստանում ընտրությունների անցկացման գործում մեծ թերությունը ընտրական օրենսդրության կիրարկումն է: Ընտրական օրենսդրության բարեխիղճ կիրարկումը կարեւոր է իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»: