ԶԼՄ-ներին կարեւորե՞լ են

21/06/2006

«Ցանկացած օրենք կարելի է անվերջ բարելավել, բայց կյանքում եղած իրողությունները օրենքների թերությունների հետ չեն կապված»,- երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի եւ լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս կարծիք է հայտնել, թե նախ` պետք է ճշտել՝ ո՞րն է լրատվամիջոցների առաքելությունը, քանի որ, ըստ նրա, լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն իր դերակատարումը տեսնում է որպես այս կամ այն կուսակցության դերի արտացոլում. մի մասն` իշխանական, մյուս մասն էլ` ընդդիմադիր: «Մինչդեռ զանգվածային լրատվամիջոցները պիտի հասարակությանն անաչառ ներկայացնեն իրադարձությունները: Լրատվամիջոցները պետք է լինեն ազատ եւ անաչառ` այս խնդրի լուծումն ուղղակիորեն կապված է բազմակուսակցական համակարգի ու քաղաքացիական հասարակության կայացման հետ»,- ասել է Տ. Թորոսյանը: Ի դեպ, երեկ դեսպան Միկլոշ Հարաշտին նույն հարցի շուրջ առանձնազրույց է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս՝ կարեւորելով լրատվության ազատությունը, ասել է, թե ազատ մամուլը վճռորոշ առաքելություն ունի հասարակական վերահսկողություն իրականացնելու եւ երկրի իրական վիճակը ներկայացնելու առումով: Միաժամանակ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, մամուլի ազատությունը պետք է կարգավորվի այնպես, որ հստակորեն պաշտպանվեն անձի իրավունքները: Ռ. Քոչարյանն ու Հարաշտին խոսել են նաեւ ազատ մամուլի ձեւավորման, մամուլի` որպես բիզնեսի կայացման հիմնական խոչընդոտների, պետական լրատվամիջոցների անհրաժեշտության մասին: Ռ. Քոչարյանը Հարաշտիին հավատացրել է, թե Հայաստանը դեռեւս գտնվում է անցումային փուլում, եւ երկրին շատ դեպքերում բնորոշ են այդ շրջանի առանձնահատկությունները: